Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԲԱԺԱՆ, ԶԻՆԱԴԱԴԱՐ, ՌՈՒԲԻԿՈՆ

Մարտ 24,1999 00:00
spanutyun

«Հայրենիք» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ ԱԺ-ում հավաքվել են ստորագրություններ՝ առաջիկա եռօրյայում լսելու համար ՆԳ եւ ԱԱ նախարարի եւ գլխավոր դատախազի հաղորդումները հասարակական հնչեղություն ստացած սպանությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Սույն հոդվածը անդրադարձ է երկրի քաղաքական զարգացումների վրա սպանությունների այդ շարքի թողած հետեւանքներին։

Ջրբաժան, գուցե դեմարկացիոն գիծ

1998-ի փետրվարին Տեր- Պետրոսյանը ներկայացրեց իր հրաժարականը եւ երկրում նշանակվեցին արտահերթ նախագահական ընտրություններ։ Հրապարակավ իշխանափոխության կազմակերպիչ էր ներկայացվում Վազգեն Սարգսյանը, մինչդեռ Տեր-Պետրոսյանին մերձավոր անձինք տալիս էին այլ անուն՝ Սերժ Սարգսյան։ Այդուհանդերձ, ում գլխավորությամբ էլ ընթացած լիներ իշխանափոխությունը՝ հասարակությունն ընկալեց այն դրական։

Սակայն… բոլոր հեղափոխություններում՝ «թավշյա» լինեն դրանք, թե բարիկադներով ու կառափնարաններով, հին աշխարհի ավերակների վրա բարձրացողները գիտեն ԻՆՉ ՉԱՆԵԼ, այն է՝ չգործել նախորդների սխալները։ Բայց շատ չանցած, կյանքը մտնում է բնականոն հունի մեջ։

1998-ի օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում դիմահար կրակոցներով սպանվեց հանրապետության գլխավոր դատախազը։ Բացատրություն գտնվեց, թե ինչպես է սպանվել հանրապետության գլխավոր դատախազը, բայց այդպես էլ անհայտ մնաց, թե ինչու։ «Ինչուները» ժառանգություն մնացին ապագային, իսկ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվեց Աղվան Հովսեփյանը։

1998-ի դեկտեմբերի 10-ին իր տան շքամուտքում, հրազենային կրակոցներով սպանվեց ՊՆ փոխնախարար Վահրամ Խոռխոռունին։ Սերժ Սարգսյանը եւ գլխավոր դատախազը սպանությունը չբացահայտեցին։

Փոխհրաձգություն եւ զինադադար

Վահրամ Խոռխոռունու սպանությունից հետո հասարակությանը համակած անպաշտպանության զգացումը թերեւս խորացավ։ Քաղաքական շրջանակները կատարեցին հետեւություններ։

Դավիթ Շահնազարյանի թեւավոր ասույթը. «Այս իշխանությունները ինչ էլ անեն, կամ լինելու է վատ, կամ շատ վատ» կարգախոս դարձավ նաեւ հհշականների համար։ Մինչդեռ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը մինչեւ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը նույնիսկ իմիջիայլոց ասված «ՀՀՇ-ն ընդդիմություն է» արտահայտությունը ուղղում էր. «Ես այդպես ասո՞ւմ եմ, մենք իշխանություն չենք, բայց դա դեռ չի նշանակում, թե ընդդիմադիր ենք ներկա իշխանություններին…» Հենրիկ Խաչատրյանի սպանությունից հետո Սիրադեղյանն արդեն ՀՀՇ-ն համարում էր ընդդիմություն, Վահրամ Խոռխոռունու սպանությունից հետո կամուրջները այրվեցին՝ Սիրադեղյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքն այլեւս ընդհանուր ոչինչ չի կարող ունենալ ներկա իշխանությունների հետ։

Հետո արդեն իրեն ներկայացվող մեղադրանքներին ի պատասխան, Վանո Սիրադեղյանը հանցագործություններ վերագրեց հանրապետության նախագահին եւ նրա վարչախմբին՝ մեղսակցություն սպանությունների, շանտաժ, հանցագործ աշխարհից ֆինանսավորված ընտրարշավ եւ այլն։ Ամբաստանությունները ներկայացվում էին ԱԺ ամբիոնից եւ նախկին ՆԳ նախարարի կողմից։

Բայց… կար մեդալի մյուս կողմը՝ պաշտոնավարող վարչակազմին վերագրվող ամեն մի հանցանք, հանցագործության մասին ակնարկ, հարված է երկրի միջազգային վարկին եւ ներքին կայունությանը։ Անելանելի թվացող այս փակուղուց, Սիրադեղյանը, այնուամենայնիվ, ելք գտավ՝ հեռացավ երկրից՝ իր համար հնարավոր դարձնելով լռելը, որպեսզի իշխող վարչակազմը դիմադարձ հարվածներ չստանա։

Սիրադեղյանի մեկնումով զինադադար հաստատվեց երկրի քաղաքական դաշտում։ Վազգեն Սարգսյանը փորձեց բոլորին հաշտեցնել բոլորի հետ, մեկ անգամ եւս կրկնելով, թե Վանոն իր ընկերն է, ինչպես իր ընկերն է Սերժը, Ռոբերտը, Բաբկենը, Լեւոնը։ Գնահատելի է դերակատաւությունը, որ ջանում է ունենալ ՊՆ նախարարը՝ լինել ժառանգականության մարմնավորողը անցյալ եւ ներկա իշխանությունների միջեւ եւ թույլ չտալ առճակատում։ Բայց «Մարդը ծրագրում է, Աստված՝ տնօրինում»։

Ռուբիկոնը հատվում է

1999թ. փետրվարի 9-ին սպանվեց ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյանը։ Դատախազությունում երկրորդ դեմքի՝ քննչական մասի պետի, մակարդակով առաջադրվեց ինքնասպանության վարկած։ Մարդն ինքն իր վրա երկու մահացու կրակոց է արձակել, երբ առաջին կրակոցից հետո արդեն մահկանացուն կնքած կլիներ։ Բոլոր վարկածները բարեխղճորեն դիտարկելու առումով ավելի տպավորիչ պիտի թվար, եթե իբրեւ սկիզբ առաջադրվեր այլմոլորակայինների կողմից իրագործված սպանության վարկածը, հետո առաջ քաշվեր անդրշիրիմյան ոգիների տարբերակը, եւ այդ հերթագայության մեջ ինքնասպանության վարկածը արդեն բանականությանը մոտ կթվար։ Ինքնասպանության թեզն արդեն մատուցվել էր հասարակությանը, եւ եթե Զինված ուժերի հրամկազմը չխառնվեր իրադարձություններին երեւի թե նախաքննությունը ինքնասպանության վարկածի ուղղությամբ էլ կընթանար, առանց սպանությունը բացահայտելու ջանքերի։ Բայց Արծրուն Մարգարյանի սպանությունը դարձավ ռուբիկոն։

Առերեւույթ ռուբիկոնի հատվելու մասին խոսող հանգամանքը Վազգեն Սարգսյանի բացակայությունն էր Արծրուն Մարգարյանի հուղարկավորությանը։ ՊՆ նախարարն անցած լինելով ամբողջ պատերազմ, խաղաղության պայմաններում սպանվող իր ընկերների աճյունների առջեւ կանգնելու համար երեւի թե մարդկայնորեն ուժ չի գտնում։ Չէ՞ որ զգալիորեն ինքն է պատասխանատու ներկա կառավարության գոյատեւման համար, մի կառավարության՝ անվերջանալի ձախողումներով։

Իսկ ըստ էության ռուբիկոնի հատվելը եւ խորքային տեղաշարժը ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի հանդիպումն էր Սերժ Սարգսյանի հետ։ Հրամկազմը ՆԳ ԱԱ նախարարից պահանջել է բացահայտել սպանությունը կամ հրաժարական տալ։ Խոսակցություններ էին պտտվում 15172օրյա ժամկետի մասին։ Սերժ Սարգսյանը հերքեց նման ժամկետը, հայտարարեց, թե միայն նախագահը կարող է իրեն ժամկետ տալ, այդուհանդերձ, հրամկազմի խոսքը ներգործություն ունեցել էր։ 15 օրը չլրացած, հայտարարվեց, թե կա թիկնապահներից մեկի ինքնախոստովանական ցուցմունքը սպանություն կատարելու մասին։ Ավելի ուշ թիկնապահը հրաժարվեց իր ցուցմունքներից։ Հետաքննությունը գոնե առերեւույթ մտավ փակուղի։

Տարակուսանքներն ավելի են խորացնում լուրերը (մասամբ արդեն մամուլի էջերում հրապարակված), թե հայտնվել է (իսկ գուցե հավաքագրվել է) մեկը, ով ցուցմունքներ է տալիս, թե Արծրուն Մարգարյանը մորֆի է գործածել։ Ասել է, թե անցյալ տարվա մահափորձը «բացահայտվում է»՝ Արծրուն Մարգարյանը կրակել էր իր մի ոտքին, հետո ֆիզիկական ցավը հաղթահարելով, երկրորդ ոտքին, դեռ մի կողմ թողած, որ մահացածի հիշատակն էլ չպետք է հարգել, նրան խելագարի վարքագիծ վերագրելու համար։ Հետաքրքիր է, թե ո՞ւր էր նման ցուցմունքների հեղինակը Մարգարյանի կենդանության օրերին։ Այն ժամանակ հնարավոր չէր ստե՞լ։ Թե՞ ամեն ինչ տանում է նրան, որ հող նախապատրաստվի Մարգարյանի սպանությունը կրկին իբրեւ ինքնասպանություն ներկայացնելու համար։

Ինչեւէ, բոլորը սպասում են հետաքննության ավարտին։ Հրամանատարների պահանջը՝ բացահայտել սպանությունները կամ հրաժարական տալ, առայժմ վրդովմունքի ձայն է, սակայն որոշ հանգամանքներում կարող է փոխակերպվել քաղաքական պայքարի։ Իսկ քաղաքականության մեջ ներքաշված զինվորականները վաղ կամ ուշ ձեռք կբերեն կամք ու գործընթացների վրա ներազդելու ցանկություն։ Առայժմ ոչ այնքան ակնբախ, բայց հետեւողականորեն կենսագործվել է ուղեգիծ՝ քաղաքականություն մտնում են զինվորական անցյալին հրաժեշտ տված եւ ռազմական ներկա չունեցող անձինք։ Վազգեն Սարգսյանը արել է հնարավոր առավելագույնը՝ հրամանատարներին՝ հեռու պահելու համար ներքաղաքական եւ արտաքին քաղաքական որոշումներ կայացնելուց։ Մինչդեռ փխրուն այդ դրվածքի ոտնահարումը կլինի «վերջի սկիզբ», որովհետեւ Հայաստանում քաղաքական դերակատարությամբ զինվորականությունը միայն հետադիմական ուժ է լինելու, ինչպես պատմություն, քաղաքակրթություն եւ ստեղծագործ միտք ունեցող ցանկացած հասարակությունում։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031