1987-1990 թթ. Աշոցքի շրջկոմի առաջին քարտուղար աշխատած Արարատ Դվինի Գոմցյանը վեց տարի անց 1996 թ. փետրվարի 21-ին կրկին վերադարձավ Շիրակ, այս անգամ՝ մարզպետի կարգավիճակով։
Երեք տարի անց, 1999 թ. մարտի 11-ին, պրն Գոմցյանն ազատվեց աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, արժանանալով կառավարության ջերմ շնորհակալությանը։ Մարզում կուտակված բազմաթիվ չլուծված խնդիրների, լայն դժգոհության պայմաններում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ սկզբունքներով ասվեց այդ շնորհակալությունը։
Մարզում այսօր էլ կա 16400 անօթեւանի կարգավիճակ ունեցող տնակային տնտեսություն։ Մինչդեռ կառավարության կողմից տրամադրված բնակարանային վարկը ստացան տարածքային դատավորը, հարկային տեսչության պետը եւ թվով 17 պաշտոնյաներ, որոնց դժվար թե անօթեւան համարես։ 1996 թ. Վրաստանի Բոգդանովկա հայաբնակ ավանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Էդուարդ Շեւարդնաձեի հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կառուցել Բոգդանովկա տանող ավտոճանապարհը։ Հայկական կողմը պետք է կառուցեր Աշոցք-Բոգդանովկա հատվածը։ Կառուցվեց ճանապարհի կեսից էլ պակասը՝ մոտ 17 կմ։ Երեք ամիս հետո կառուցված ճանապարհը հիմնահատակ քայքայվեց։ Կատարվածի հիմնական պատասխանատվությունը դրվեց տրանսպորտի նախարարության եւ Շիրակի մարզպետարանի վրա։
Արարատ Գոմցյանի որոշմամբ՝ ստեղծված հանձնաժողովն ընդամենը պարզեց, որ պատճառը Իրանից ներմուծված բիտումի անորակությունն է։ Ավելի ստույգ՝ բարձրորակ բիտումն արժե ավելի թանկ, քան ցածրորակը, եւ այս դեպքում գերադասել են ներմուծել անորակը՝ այն ավելի թանկ ներկայացնելով։ Ճանապարհի յուրաքանչյուր կմ-ի վրա ծախսվել էր 22 մլն դրամ։ Նմանօրինակ փաստերը բազմաթիվ են։ Մեր նշած փաստերի մի մասն էլ՝ շատ հայտնի։
Կարդացեք նաև
Սա խոսակցություն չէ հետեւից, քանի որ «Առավոտը» Արարատ Գոմցյանի գործունեությանը անդրադարձել է նաեւ իր պաշտոնավարման ընթացքում։ Մեր նպատակը կառավարության «շնորհակալության» ընկալումն է։
Գյումրիում մեզ պատմեցին, որ շաբաթական քաղաքից դեպի Եվրոպա՝ հիմնականում Հոլանդիա, ուղեւորվող ավտոբուսով քաղաքից հեռանում են 40-50 ընտանիքներ։ Մարզի կտրվածքով այս թիվը մի քանի անգամ կրկնապատկվում է։ Բայց Ամստերդամի փողոցում մրցակցություն անող հայ երեխան հպարտանում է, որ մեր ազգային կառավարությունը շնորհակալություն է հայտնել Արարատ Գոմցյանին, իր լավ աշխատանքի համար։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ