Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի գլուխը խառն է. հայկական դեսպանատունը հիմնովին վերանորոգվում է։ Գումարը, որի չափը ճշտել չհաջողվեց, հատկացրել է Առաջնորդարանը։ Շենքի հիմնական վերանորոգման աշխատանքները կավարտվեն 15-20 օրից։ Թեեւ շատերիս գլուխը խառն է, բայց այս օրինակը հերթական անգամ հաստատում է տարածված այն կարծիքը, որ մենք շինարար ազգ ենք։ Եվ պատրաստ են վերանորոգել արտասահմանում մեզ տրամադրվելիք բոլոր շենքերն ու շինություններն անխտիր։
ՎԱՏ ԼՈՒՐ
Աշխատավարձերի վճարման նեոռեալիստական մեթոդը Հայաստանում շարունակում է բարգավաճել։ Այս մեթոդն հատկապես արդյունավետ կիրառվում է առողջապահության ոլորտում։ «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում աշխատակիցներին չեն վճարել անցած տարվա հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների աշխատավարձը։ Փոխարենը՝ հաջողացրել են վճարել 98 թվականի դեկտեմբերի եւ այս տարվա հունվարի հասանելիք աշխատավարձերը։ Կառավարությունը կարող է ի լուր ամենեցուն հայտարարել, որ աշխատավարձերի գծով ուշացումներ չունի։ «Թոզ փչելու» նեոռեալիստական մեթոդն անխափան գործում է։