Անցյալ շաբաթ հայաստանյան երկու կուսակցություն, որոնցից մեկը Դավիթ Շահնազարյանի գլխավորած «21-րդ դար. ժողովրդավարական ազգային կուսակցությունն» է, հայտարարեցին, թե բոյկոտելու են ԱԺ խորհրդարանական ընտրությունները։
Իսկ դրանից առաջ էլ, Դավիթ Շահնազարյանը տեսակետ էր հայտնել, թե նպատակահարմար է, որպեսզի այդ նախաձեռնությունը հանդես բերի քաղաքական դաշտի ամբողջ աջ թեւը։
Մինչդեռ կարծես այնքան էլ այդպես չի ստացվում, մանավանդ որ ՀՀՇ-ում հաղթանակած խումբն ամենեւին էլ հակված չէ ընտրությունների բոյկոտին։ Այդ դեպքում ի՞նչ հնարավոր զարգացումներ են կանխատեսելի լիբերալ-ժողովրդավարական ուժերի միջավայրում։
Պատասխանելով մեր այս հարցին, «21-րդ դար. ժողովրդավարական ազգային կուսակցության» նախագահ Դավիթ Շահնազարյանը տեսակետ հայտնեց, թե պետք է ստեղծել մի նոր քաղաքական հոսանք, որի գործունեության հիմքում դրված կլինի լիբերալ-ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետականության գաղափարախոսությունը։ Արտաքին քաղաքականության հարցում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, քաղաքական այդ հոսանքը պետք է որդեգրի այն սկզբունքներն ու արժեքները, որոնք սկզբում Հայաստանը դրել էր պրակտիկ կիրառության մեջ, սակայն, հետագայում խեղաթյուրվեցին։
Կարդացեք նաև
Դավիթ Շահնազարյանը չհստակեցրեց, թե երբ հայտնի կդառնա քաղաքական այդ հոսանքի վերջնական ձեւավորման ժամանակը, սակայն, հարկ համարեց նշել, թե այն պետք է վարի իրատես քաղաքականություն եւ ձեւավորի օրինականության մթնոլորտ։
Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունները բոյկոտելը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու իր նախաձեռնությունը Դավիթ Շահնազարյանը դիտարկում է մեկ ընդհանուր շրջանակում։
– Բայց, չէ՞ որ, պարոն Շահնազարյան, Դուք չեք կարողացել անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքել խորհրդարանում, եւ որքան գիտեմ, նախագահի պաշտոնանկության հարցում ԱԺ-ում ընդամենը 40-ից մի փոքր ավելի կողմնակից ունեք։
– Ես չեմ բացառում, որ շատ մոտ ապագայում նրանց թիվն էապես ավելանա։ Բացի այդ, հարցը սկզբունքորեն է դրված՝ Հայաստանում այսօր անօրինական իշխանություն է։
Մեր այն հարցադրմանը, թե՝ կարծես, այդ քայլի հասարակական ընկալումը չկա, Դավիթ Շահնազարյանը չհամաձայնեց, ասելով հետեւյալը. 98-ի իշխանափոխությունը 95 եւ 96 թվականների ընտրությունների հետեւանքն է, որն, իհարկե, չէր բովանդակում մեր պետությունը զարգացման տանելու եւ երկիրը կայունության վիճակի բերելու հեռանկարը։ «Ես այն կբնութագրեի որպես հեղաշրջում եւ դավադրություն՝ ուղղված Հայաստանի սահմանադրական կարգի դեմ»։
Դրանից հետո Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց հայտնի փաստարկները՝ 1998-ին տեղի ունեցածն ընտրություն չես համարի։ Ի սկզբանե խախտվեց սահմանադրությունը՝ դեռ թեկնածուների գրանցման ժամանակ, իսկ անցկացված քվեարկությունն էլ հակադրվեց ժողովրդի կամքի արտահայտությանը։
Այս ամենի հանրագումարում էլ մեր զրուցակիցը եզրակացրեց. «Տեղի ունեցավ իշխանության ուղղակի զավթում»։
Իր նախաձեռնության մեջ հետեւողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը Դավիթ Շահնազարյանը փաստարկում է այսպես. քանի դեռ քաղաքական ուժերի եւ հասարակության կողմից չի տրվել, իր իսկ խոսքերով, 98 թվականի ընտրություն կոչված այդ միջոցառման քաղաքական գնահատականը, եւ քանի դեռ դա չի ունեցել իրավական հետեւանքներ, անիմաստ է խոսել խորհրդարանական նոր ընտրությունների մասին. «Ըստ էության, ոչ միայն հեղաշրջում տեղի ունեցավ՝ ուղղված սահմանադրական կարգի դեմ, այլեւ այն գաղափարական բնույթ ձեռք բերեց»։
Դա, մեր զրուցակցի կարծիքով, արտահայտվում է պետականության գաղափարախոսությունից հրաժարվելով ու սահմանադրության եւ օրենքների բազմակի ոտնահարմամբ։ Եվ նոր իշխանություն են բոլոր նրանք, ովքեր ընդունում են գաղափարական հեղաշրջումը։
Ըստ Դավիթ Շահնազարյանի, ընտրությունները կազմակերպվում են գոյություն չունեցող օրենքով։ ԱԺ-ն ընդունել է մի փաստաթուղթ, իսկ նախագահը ստորագրել է մեկ ուրիշը. «Այս իրավիճակում մասնակցել ընտրություններին, նշանակում է երկարացնել ներկայիս անօրինական ռեժիմի կյանքը։ Քանի դեռ օրինական ճանապարհով Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ չի արվել, Հայաստանը զարգանալու հեռանկար չունի։ Էլ ավելի է խորանալու ստեղծված ներքաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամը, արտաքին մեկուսացումը»։
– Բայց, չէ՞ որ, պարոն Շահնազարյան, քաղաքական ուժերի մի ստվար մասն ամենեւին էլ այդ կարծիքին չէ։
– Այն քաղաքական ուժերը, որոնք ընդունել են իշխանության խաղի կանոնները, իսկ դա արտահայտվում է ժողովրդավարության եւ օրինականության մերժմամբ, ինչպես նաեւ ազգային արժեքների խեղաթյուրմամբ, ընդունելի են իշխանության կողմից։ Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք այդ դաշտից դուրս են գտնվում ու չեն ընդունում խաղի այդ կանոնները, այսօրվա իշխանությունների կողմից, ըստ էության, հայտարարված են օրենքից դուրս։ Անընդունելի եմ համարում այն տեսակետը, թե իշխանությունները փչացրել են ժողովրդին։ Ո՛չ, նրանք փչացրել են որոշ կուսակցությունների։ Հենց ժողովուրդն է հաստատելու օրինականություն։
Այսքանից հետո Դավիթ Շահնազարյանն ավելացրեց, թե բացառված չէ, որ խաղի այդ կանոններն ընդունած քաղաքական ուժերի մի մասն էլ հասկանա՝ այդպիսով միայն նպաստում է ճգնաժամի խորացմանը։
– Արդյո՞ք, դա վերաբերում է նաեւ ԱԺՄ-ին եւ Կարեն Դեմիրճյանին։
– Ընտրություններին մասնակցող որեւէ ուժի համար ես բացառություն չեմ անում։ Այդպիսով այդ կուսակցություններն այս կամ այն չափով ընդունում են խաղի այդ կանոնները։
Այս դեպքում խաղի այդ կանոնները Դավիթ Շահնազարյանը ձեւակերպում է այսպես. «Չխոսել գործող նախագահի օրինականությունից, կամ խոսել զուտ ձեւի համար՝ մոռացության տալով դրա իրավական հետեւանքները։ Դա իշխանությունների փորձն է՝ իրենց ազգայնամոլական գաղափարախոսությունը հարմարեցնել իրավական դաշտին, ինչը դատապարտված է։ Այդպիսի փորձերը բերում են իրավական դաշտի խարխլմանը»։
Հիմա, ինչպես հարկ համարեց ընդգծել մեր զրուցակիցը, շրջանառության մեջ են դրվել խոսակցություններ համաձայնեցված ընտրությունների, քաղաքական ուժերի համաձայնությունների մասին։ Մինչդեռ՝ ընտրությունները պետք է հիմնված լինեն բացառապես օրենքի վրա, որը, տվյալ դեպքում, գոյություն չունի։
Օրենքը փոխարինել քաղաքական համաձայնություններով, Դավիթ Շահնազարյանի կարծիքով, նշանակում է. «Օրինականությունը փոխարինել «նպատակահարմարության» սկզբունքով։ Դա ուղղակիորեն հարվածում է պետականության դիրքերին։ Միակ լուծումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը հեռանա, ընդունվի նոր ընտրական օրենսգիրք, ստեղծվի կառավարություն, որը պետք է լուծի ընդամենը մեկ խնդիր. կազմակերպել օրինական ընտրություններ»։
Մեր զրույցի ավարտին խոսք եղավ նաեւ արտաքին քաղաքականության մասին։ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նկատելի են ղարաբաղյան հարցն այլ ատյան տեղափոխելու միտումներ, ասենք՝ ՄԱԿ-ի ԱԽ-ը։ Ալիեւը մտադիր է խնդիրը քննարկման առարկա դարձնել ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Նոր նախաձեռնությամբ է հանդես եկել Իրանը։ Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձեւին, ապա այնտեղ հստակորեն ասված է. «Որ հարցի կարգավորման միակ ատյանը պետք է շարունակի մնալ ԵԱՀԿ-ն՝ հանձինս Մինսկի խմբի եւ նրա եռանախագահության։ Դա է ԵԽ փաստաթղթի հիմնական նպատակը»։
Մյուս բոլոր ձեւակերպումները մեկ անգամ եւս մատնանշում են, թե ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չընդգրկվեցին Եվրոպայի խորհրդի կազմում։ Դա ընտրական ինստիտուտների եւ ընտրական մեխանիզմների բացակայությունն է։
Պետք է նկատի առնել մեկ հանգամանք եւս. «Եվրոպական հանրությունը հավասարակշռված քաղաքականություն է վարում եւ միարժեքորեն չի կարող պաշտպանել այս կամ այն կողմին»։
Իսկ տարածաշրջանային վերջին գործընթացների առումով ասվեց հետեւյալը. «Մեր տարածաշրջանը բավականին բեւեռացված է այսօր։ Ադրբեջանն ու Վրաստանը ձգտում են ընդգրկվել ՆԱՏՕ-ի համակարգում, իսկ Հայաստանը՝ էլ ավելի սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե պայմանականորեն ասեմ՝ արեւմտյան ու արեւելյան անվտանգության համակարգերի աշխարհագրական սահմանն անցնում է հենց Հայաստան- Վրաստան եւ Հայաստան-Ադրբեջան սահմանով։ Դա խիստ մտահոգիչ երեւույթ է, որովհետեւ պատմական փորձը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանի կայունությունը պահպանվում է, երբ այդ 3 պետություններն անվտանգության նույն համակարգում են։ Երբ այդ բալանսը խախտվում է՝ անմիջապես տարածաշրջանում ծնունդ է առնում անկայունության գործընթացը»։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ