Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԱՐԿՂՈՎ, ԲԱՅՑ ՄԵԾ ՍՐՏՈՎ

Մարտ 24,1999 00:00
Qocharyan

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կարոլա Մյուլլերի մարտի 23-ին ՀՀ նախագահի նստավայրում հնչած ելույթի «փոքր արկղով շա՜տ մեծ նյութեր» քանիցս կրկնված արտահայտությունը շատ նման էր վերնագիր դարձած բաժակաճառին։

Նման ելույթի առիթ էր հանդիսացել Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում պահպանված, Ստամբուլում Գերմանիայի դեսպանատան 1889-1920 թթ. ընդգրկող ժամանակահատվածի արխիվային փաստաթղթերի եւ վավերաթղթերի մանրալուսապատճեններից կազմված ժողովածուի հանդիսավոր հանձնումը ՀՀ նախագահին։ Հայաստանին տրամադրված նյութերը 56 հատոր գործերում զետեղված, 1889-1920 թթ. ընդգրկող վավերագրերի ժողովածու է, որի հիման վրա հայ պատմաբան, պրոֆեսոր Միքայելյանը գրել է իր աշխատությունը։ Մանրալուսապատճեններից կազմված ժողովածուի գրադարանային ծավալը կազմում է մոտ 1,20 դարակային գծամետր։ Արխիվային փաստաթղթերի մանրալուսապատճենների ժողովածուի հանձնման գործում տիկին դեսպանը կարեւորեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անցած տարի Գերմանիա կատարած այցի արդյունքը։

Արխիվային փաստաթղթերի հանձնումը պատասխան քայլ է. այն հետեւում է մեր պետության կողմից գերմանական գրապահոցներից տեղահանված 575 ձեռագրերը Գերմանիային վերադարձնելու փաստին։ Դեսպանը համոզմունք հայտնեց, որ անցյալի նկատմամբ հրապարակայնության եւ թափանցելիության դրսեւորումը կնպաստի երկու երկրների միջեւ փոխադարձ վստահությանն ու համագործակցության խորացմանը։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս կարեւորեց փաստաթղթերի լուսապատճենների հանձնումը ու քանի որ փաստաթղթերը վերաբերում էին հայ ժողովրդի ամենաողբերգական էջերին՝ հավանաբար, նախագահն այնքան էր հուզվել, որ մի պահ նշանակություն չտվեց, թե Գերմանիայի դեսպանն այդքան էլ չի տիրապետում հայերենին ու անհրաժեշտ է թարգմանել։ Հանրապետության նախագահը նշեց, որ մեր պետությունը հետամուտ է պատմական արդարության վերականգնմանը։ Նա հիշատակեց այն փաստը, որ Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում բարձրացրել է հայոց ցեղասպանության հարց, եւ դրա դատապարտման հետ կապված խնդիրները նոր շունչ են ստացել։ Նախագահը ողջունեց պատմական իրողությունների նկատմամբ Գերմանիայի անկողմնակալ եւ օբյեկտիվ վերաբերմունքը եւ իր հերթին հույս հայտնեց, որ մանրալուսապատճենների հանձնումը կնպաստի երկու երկրների՝ հատկապես վերջին տարիների բարեհաջող համագործակցությանը։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի ելույթից անմիջապես հետո՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեփնջեր հանձնեց դեսպան Մյուլլերին եւ դեսպանատան աշխատակիցներին, ու լիլիաների բույրն անմիջապես տարածվեց դահլիճով մեկ։

Վերջում, ներկաները հեռուստաէկրանին դիտեցին մանրալուսապատճենները։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031