Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԿՆՈՋ ՈԴԻՍԱԿԱՆԸ՝ ՕՐՈՐՈՑԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԵՐԵԶՄԱՆ

Մարտ 23,1999 00:00
Hay kin

Ծնունդ

Չէ՛, այսպես շարունակել չի կարելի։ Որտե՞ղ է գրված, ո՞ր օրենքով, ամեն նոր ծնված տղա երեխայի համար ուրախանում են, աշխարհով մեկ լինում, դեռ վրադիր՝ կրկնակի ավելի «մաղարիչ» են անում գինեկոլոգին ու տատմորը, քան՝ աղջիկ ունենալիս։ Այս դեպքում տխրում են ոչ միայն հայրը, տատն ու պապը («Թո՜ւ, բախտի տերը թաղեմ, էդ ինչի՞ հարեւան Օնոն վրա- վրա 3 տղա կունենա, իսկ ես՝ աղջիկ»), այլեւ մայրը («Վա՜յ, քոռանամ ես, ես որ աղջիկ ծնվեցի, ի՞նչ հասկացա իմ ոչուփուչ բախտից, որ էս խեղճն ի՞նչ հասկանա»)։ Կարծում եմ, պատկերը լիովին պարզ է, մեր կանայք ի ծնե դատապարտված են։

Մանկություն

Կին արարածի ամենաերանելի -նախանձելի շրջանը 1,5-13 տարեկան հասակն է։ Նախադպրոցական տարիքի աղջիկ երեխաներն անչափ անուշիկ են, եւ լինելով ավելի խաղաղ ու անվնաս՝ տարեկից տղաների համեմատ, բավական սիրված են։ Դպրոցական հասակում նրանք ավելի պարտաճանաչ են եւ աշխատասեր, եւ ի տարբերություն «կապը կտրած», բակերից տուն չեկող, կապտուկներով ու քերծվածքներով զարդարված տղաների, ավելի հաճախ են ուրախացնում ծնողներին՝ սպիտակ ժապավեն, ճերմակափայլ վերնազգեստ, գեղեցիկ տիկնիկներ, օրագրում՝ միայն «5» եւ «4»…

Հասունանո՜ւմ ենք

12-13 տարեկանից սկսած, երբ աղջիկների մոտ սկսվում է հասունացման շրջանը, նրանք դառնում են մշտական գլխացավանքի աղբյուր ծնողների համար։ Մայրերը տառապում են, երբ դստրիկները ողջ գիշեր արտասվում են անպատասխան սիրուց կամ գալարվում՝ «կրիտիկական» օրերին հատուկ փորացավերից։ Հայրերը նյարդայնանում են, երբ որոշակի տարիքից սկսած իրենց աղջիկներին անհանգստացնում եւ շառագունել են ստիպում «լակոտ-լուկուտների» հեռախոսազանգերը, երբ նախկինում գրքերից «չպոկվող» դուստրը սկսում է ուշացումով եւ ծաղկեփնջերով տուն վերադառնալ։

Ռոմանտիկա՜

Այսպես թե այնպես, հայ օրիորդներին «սպառնում» է ընտանիք կազմելու հեռանկարը, որին նախորդող սիրային արկածների ռոմանտիկ շրջանը, այնուամենայնիվ, այս կյանքից մնացող լավագույն վերհուշերից է՝ ապագայի համար։ Որքան էլ քաղցր է մինչամուսնական շրջանը, անգամ այդ ժամանակ հայ կինը զգում է իր «խաչի ծանրությունը»։ Եթե ամուրի երիտասարդին հասարակական կարծիքը թույլ է տալիս ուզածի չափ «ֆռֆռալ, կյանք անել», ապա չամուսնացած կնոջ կենսագրության եւ ապագայի վրա «սեւ բիծ» է դառնում յուրաքանչյուր ծանոթ երիտասարդ, որն ուղեկցել է նրան տուն, որի հետ սրճել է բացօթյա կաֆեում, մեկ անգամից ավելի պարել է երեկույթի ժամանակ, եւ այլն, եւ այլն… Գուցե խոսքիս մեջ մի փոքր չափազանցություն կա, այնուհանդերձ, անժխտելի է, որ տղային եւ աղջկան տրամադրված թույլատրելիության սահմաններն անհամեմատելի են։

Փեսացու ենք փնտրում

Անհամեմատելի են նաեւ ամուրի մնալու թույլատրելիության սահմանները։ Եթե տղամարդը կարող է իրեն թույլ տալ 30-35 տարեկանում ամուսնանալու մասին մտածելու եւ 18-20 տարեկան կին ունենալու շքեղությունը, ապա հայ աղջիկները, նախկին 22-23 տարեկանի փոխարեն, այժմ 25-26 տարեկանում (մեծ առաջընթաց է) արդեն համարվում են «տանը մնացած» եւ հասարակական առարկություն չընդունող կարծիքի համաձայն՝ պիտի գոհ լինեն եւ բավարարվեն ամուսնալուծված 35-45 տարեկան փեսացուներով։ Այս սոսկալի անարդարությունն «աչքի տակ» են ունենում 21-22 տարեկան աղջիկները, որոնց անհանգստությունը՝ ծնված «տանը մնալու» հեռանկարից, աճում է յուրաքանչյուր տարվա հետ։ Այնուամենայնիվ, հայ աղջիկների հիմնական մասին երկար-բարակ չափուձեւերից, պլյուսներն ու մինուսները կշռելուց հետո, սպասում է «տուն դառնալու» անխուսափելի վախճանը։ Ահա այստեղ հենց սկսվում է հիմնական էպոպեան։

Ը՞ն-տա՛-նի՜ք

Եթե ընտանիք ունենալու փաստն ամենեւին չի ազդում (խանգարում) հայ տղամարդկանց դրսի կյանքի վրա՝ ընկերներ, ուտուշ-խմուշներ, վետերոկներ, գեղեցիկ կանայք եւ այլն, ապա կանանց հիմնական մասի մոտ «դրսի կյանք» ասածն իսպառ վերանում է՝ վերածվելով լավագույն դեպքում մի խեղճուկրակ «դիմացի Մառայենց տանը կոֆե խմելու» կամ «հորանց» գնալու։ Ամուսնացած կնոջ կյանքը սահմանափակվում է «արդուկ-լվացք- ճաշ-աման-երեխա» անսկիզբ ու անվերջ շրջապտույտում։ Այս ամենի հետ մեկտեղ, կինն իրավունք չունի կենցաղային որեւէ հարցում ամուսնուց օգնություն պահանջել։ Շատ-շատ կարող է հուսալ եւ սպասել… «Է՜դ էր պակաս, էլ ի՞նչ տղամարդ, որ աման լվանա, լվացք անի»։ Խոստովանեք, սիրելի կանայք, այս ճակատագրական-հռետորական հարցուպատասխան նախադասությունը շատերիդ ճակատին է շպրտվել, որից հետո դուք աշխարհի ամենաերջանիկ կինն եք համարել ձեզ ամեն անգամ, երբ նա շուկա է գնացել կամ հաց գնել։ Տղամարդկանց հիմնական մասը պատրաստ է մինչեւ ուշ գիշեր սոված նստել ու փորացավերից տառապել, քան բազմոցից վեր կենալ, պահարանից հանել ափսեն ու գդալը, եւ սեփական ափսեի մեջ ճաշ լցնել ու վայելել…

Աշխատանք

Այն քիչ կանայք, ում բախտ է վիճակվում այս անաշխատանք երկրում աշխատանք գտնել ու դրա հետ մեկտեղ՝ աշխատելու թույլտվություն ստանալ «շեֆից» (ամուսնուց), անպայման վաղ թե ուշ բախվում են կնոջ եւ տղամարդու միջեւ անարդար խտրականությունների երկնաքեր պատին։ Բավական չէ, որ միեւնույն մտավոր, ֆիզիկական, պոտենցիալ կարողությունների տեր կնոջն ու տղամարդուն աշխատանքային աստիճանակարգում տարբեր հեռանկարներ են սպասում, եւ տղամարդիկ միշտ ավելի հեշտ եւ արագ են առաջխաղացումներ ունենում, քան կանայք, աշխատանքային հարաբերություններում էլ շատ բան խրթին է ու անհեթեթ, բայց՝ ընդունված։

Սպառնալիքներ

Կանանց հիշելու եւ մեծարելու, ավելի ճիշտ՝ քաղցր-քաղցր խաբելու համար մի խեղճուկրակ մարտի 8 եւ ապրիլի 7 են մնացել, երբ նվերներով-ծաղիկներով, անուշ խոսքերով մեզ խաբում են, թե՝ միշտ կանացի մնաք, միշտ գեղեցիկ, միշտ թույլ… Լավորակ տղամարդիկ էլ՝ անկողնում սուրճ են մատուցում ու ճաշ եփում (ըստ հին՝ սովետական ավանդույթի)։ Ու քանի որ կանայք որքան ուժեղ, խելոք, նույնքան էլ բարեսիրտ են եւ դյուրահավատ, սիրում է, երբ իրենց քաղցր-մեղցր խաբում են, ժպտում են, ուրախանում, թե՝ մեծարեք մեզ, երկինք բարձրացրեք, ծաղիկներով շլացրեք, թող ձեր ԱԺ-ն էլ ձեզ մնա, կառավարությունն էլ, մարզպետությունն էլ, միլպետությունն էլ… Իսկ հիմա ինչ-որ անպատասխանատու մարդիկ, որ չեն մտածում էս երկրի ապագայի մասին, որոշել են մարտի 8-ն ու ապրիլի 7-ը ձեռքներիցս առնել։

Մահը

Երեխայի ծնունդը (ցավեր, տառապանքներ), այնուհետեւ դաստիարակությունը, ոտքի կանգնեցնելը ավելի շատ մոր, քան հոր գործն է։ Կամաց-կամաց տարիներն անցնում են, եւ այդ մայրը դառնում է զոքանչ կամ սկեսուր։ Եվ առաջին դեպքում սկսում ապրել դստեր կանացի, այնքա՜ն ծանոթ հոգսերով եւ պրոբլեմներով, իսկ երկրորդ դեպքում՝ տառապել որդու համար («ախ՜ր, էս ի՞նչ աղջիկ էր, որ տուն բերեց։ Հրե՛ն, Օնոյի հարսը ի՜նչ լավն է՝ բոյով, սիրուն, անող-դնող…»)։ Հետո նա դառնում է տատիկ եւ ապրում միայն տատիկին հատուկ ուրախություններով ու հոգսերով, մինչեւ… Մինչեւ մահվան մահիճում, արդեն վերջին շնչում, ի մի բերելով ողջ ապրած կյանքը, հասկանում է մի դառը ճշմարտություն. ողջ կյանքում ապրելով ուրիշի տանը (մինչեւ ամուսնանալը՝ հոր, ամուսնությունից հետո՝ ամուսնու), նա այսօր մեռնում է ուրիշի տանը…

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031