Ավելին՝ փակվել է
Լեւոն Մայսուրյանի մարտական ընկերներից շատերը զոհվեցին ռազմի դաշտում։ Նրանցից շատերն այսօր ամփոփված են Եռաբլուրում եւ Եռաբլուրից էլ հսկում են մեզ։ Լեւոնն ինքն էլ հաստատ կլիներ Եռաբլուրում, եթե ճակատագիրն այս դեպքում խնայեր նրան եւ որ 1996 թ. հունիսի 19-ին էլ չսպանվեր մայրաքաղաքի Շահումյանի շրջանի՝ Հարավ-Արեւմտյան զանգվածի շենքերից մեկում (ճակատագրի հեգնանքն է նաեւ, որ նա չզոհվեց Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանում, մասնակցելով Էրքեջի, Մանաշիդի, Բուզլուխի մարտերին)։
«Լեւոնը,- գրում է Սմբատ Այվազյանը,- ղարաբաղյան շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկն է, որն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաեւ Նորքի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնողական աշխատանքներին»։ 6, 9 եւ 11 տարեկան երեխաների հայրը կլիներ այսօր 47 տարեկան։ Ավարտել էր Լենինգրադի արվեստի ինստիտուտը, շարժման օրերին «Ազատություն» ջոկատի կազմում մասնակցել նաեւ սահմանամերձ շրջանների պաշտպանական մարտերին՝ Գորիս, Սիսիան, Վայք, Երասխ, Տավուշ… Լեւոնը 1989 թվականին «Մեծն Տիգրան» զորամիավորման քաղբաժնի պետն էր, հետագայում՝ համանուն ասոցիացիայի տնօրենը, իսկ 1990-ին ընտրվել էր Երեւանի քաղխորհրդի պատգամավոր…
Սակայն վերադառնանք ողբերգության օրվան. Լեւոնի հոր մորաքրոջ թոռան տանը (Հարավ-Արեւմտյան թաղ., 157 շենք, 1-ին հարկ) նա երեկոյան ժամը 21-ի սահմաններում գնում է հանդիպման զինագործ Տիգրան Սարգսյանի հետ։ Գնում է հանդիպման ու չի վերադառնում։ Մոր՝ Նադյա Մայսուրյանի վկայությամբ, իրենց որդու սպանության մասին իմացել են երրորդ օրը միայն։ Հարուցվել է քրեական գործ, որը փակված է այսօր։ Չնայած դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ Ս. Մանուկյանի (10.08.98 թ.) գրությանը, թե «պարզվել է, որ քր. գործով բավականին աշխատանքներ են կատարվել», «սակայն հնարավոր չի եղել պարզել հանցագործություն կատարող անձին», ինչի պատճառով էլ քր. գործի նախաքննությունը կասեցվել է։
Կարդացեք նաև
Սպանության բացահայտման համար անօգուտ եղան ՆԳ բաժնի կողմից անցկացված միջոցառումները։ Իսկ Լեւոնի ծնողների բողոքներից հետո վերացվեց կասեցված քր. գործի որոշումը, «հանձնարարվեց կատարել մի շարք քննչական գործողություններ»։ Սակայն ոչ մի որոշակի արդյունք։ Դեպքի վայրում մնացել են երկու բաժակ, մեկ շամպայնի շիշ (կա վարկած, որ նա եկել է տուն՝ առանց պետհամարանիշի «Նիվայով»)։ Ում հետ է վերջին անգամ հանդիպել Լեւոնը, հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ, թե ում հեռախոսազանգից հետո է Լեւոնը դուրս եկել տնից։ Սակայն սպանվել է Լեւոնը շամպայնի շշի՝ գլխին ուղղված հարվածից, մարմնի վրա առկա են բռնության բազմաթիվ հետքեր։ Այս աննախադեպ սպանության պատմության մեջ մտահոգողը, թերեւս, Լեւոնի ծնողների, կնոջ, երեխաների մենակությունն է։ Նրանք որդի, ամուսին, հայր են կորցրել ոչ սահմանի վրա, ոչ թշնամու դեմ մարտում։ Եվ Լեւոնի սպանության օրվանից էլ սկսած, սպանվել է մի ողջ կենսագրություն։ Վտանգված կենսագրություն։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ