Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Մարտ 23,1999 00:00

Հայաստանի Աֆղանստանի վետերանների միության գործունեությանն ու վետերաններին հուզող խնդիրներին մեր թերթն առիթ ունեցել է անդրադառնալ։ Վերջերս տեղեկացանք, որ միությունը մտադիր է, ի դեմս միության նախագահ Արմեն Մխիթարյանի, իր ներկայացուցչին առաջադրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում։

Աֆղանստանի վետերանների միության հովանավորությամբ՝ Արմեն Մխիթարյանը առաջադրվելու է քաղաքացիական նախաձեռնությամբ, մեծամասնական ցուցակներով, «Երկրապահ» կամավորական միության աջակցությամբ։ Այդ կապակցությամբ տեղի ունեցած զրույցի ժամանակ պարոն Մխիթարյանը շեշտեց, որ չկա ներդաշնակություն երկրի վարած քաղաքականության, տնտեսության եւ անցած պատերազմի միջեւ։ «90-ական թվականների սկզբներին ոգեշնչված կարողացանք պատերազմում մեծ հաղթանակներ տանել, դրանից հետո տնտեսությունը մնաց բարձիթողի։ Հայրենական մեծ պատերազմից հետո երկու ամսում գործարաններ էին կառուցվում, մեծամասշտաբ տեղաշարժեր էին կատարվում տնտեսության մեջ, իսկ ի՞նչ կատարվեց Ղարաբաղյան պատերազմից հետո։ Այն մարտավարությունը, որ ունեինք պատերազմի դաշտում, չունեցանք տնտեսության մեջ։ Մի կողմից պատերազմ էր, մյուս կողմից՝ անտեսված տնտեսություն՝ աննորմալ սեփականաշնորհմամբ ու թալանվող գործարաններով։ Եթե կարողանայինք պատերազմի դաշտի բանակի կարգուկանոնը, պահանջկոտությունը պահպանել տնտեսության մեջ եւ ներդաշնակություն ստեղծել պատերազմի ու տնտեսության միջեւ՝ ներկայումս այս վիճակում չէինք հայտնվի։

Ես վերլուծել եմ մեր պետության վերջին տարիների իրավիճակը եւ եկել այն եզրակացության, որ պետության ուշադրությունը կենտրոնացավ միայն պատերազմի վրա, եւ տնտեսությունը անտեսվեց ու հսկայական վնասներ կրեց։ Անշուշտ, սա չի նշանակում, որ պետությունը այժմ էլ պետք է իր ջանքերն ուղղի միայն տնտեսության վրա։ Անհրաժեշտ է, որպեսզի հավասարաչափ ուշադրության արժանանան ե՛ւ տնտեսությունը, ե՛ւ բանակը։ Գոնե ես, որպես երկու պատերազմ տեսած մարդ, գիտեմ, թե որքան կարեւոր է ամուր բանակի գոյությունը, եւ մեր միությունը հնարավորինս աջակցում է մեր ազգային բանակին»։

Աֆղանական եւ Ղարաբաղյան պատերազմների բովով անցած Արմեն Մխիթարյանին զարմանալիորեն՝ գոնե ինձ համար, այժմ առավել մտահոգում են տնտեսության վերականգնման եւ սոցիալական ապահովության հետ կապված հարցերը, քան վետերանների իրավունքների պաշտպանության հարցերը։ «Իմ թվարկած խնդիրներն ու ձեր ասած հարցերը փոխկապակցված են։ Տնտեսությունը պետք է աշխատի, պետբյուջեն հարստանա, որպեսզի հնարավոր լինի լուծել վետերանների, թոշակառուների եւ, ընդհանրապես, սոցիալապես անապահովների խնդիրները։ Անկեղծ ասած, Աֆղանստանի վետերաններս երբեք չենք մտածել զբաղվել քաղաքականությամբ, փորձել ենք մեր պետությանը օգտակար լինել հասարակական գործունեությամբ, գործադիր մարմիններում մեր աշխատանքով, ռազմի դաշտում ունեցած մեր ավանդով։ Ցավոք, մի որոշակի ժամանակահատված վետերան հասկացությունը գրեթե զրոյի հավասարվեց եւ միայն վերջին տարիներին այն վերագտավ իրեն։ Սա շատ կարեւոր փաստ է, եթե մենք չհարգենք վետերաններին, ուրեմն նոր սերնդին չենք կարող դաստիարակել որպես հայրենիքի համար մարտնչող մարտիկ։

Ես հաճախ եմ հիշում Հայրենական մեծ պատերազմի վետերանների այն միտքը (մայիսի 9-ը իբրեւ պետական տոն վերականգնելու առիթով), թե 4 տարի պայքարեցին Բեռլինը գրավելու համար եւ նույնքան էլ, որպեսզի այդ տոնը կրկին պետականորեն նշվի։ Պետք է պաշտպանվեն վետերանների իրավունքները։ Մեր նպատակն է՝ կարողանալ պահպանել մարտական ոգին»,- նշեց պարոն Մխիթարյանը։ Իսկ թե ինչպես է պատկերացնում տնտեսության վերականգնումը պարոն Մխիթարյանը, նշեց, որ անհրաժեշտ է կառավարության ողջ ուժերը կենտրոնացնել գոնե մեկ գործարանի վերականգնմանը։ «Վարկերը բաժանել ոչ թե տարբեր գործարանների միջեւ, այլ տրամադրել մեկ գործարանի վերականգնմանը։ Անհրաժեշտ է ունենալ պետական կոնկրետ ծրագիր, որ, ասենք, առաջին եռամսյակում վերագործարկվի մեկ գործարան, արդյունքում աշխատատեղեր բացվեն, հարյուրավոր ընտանիքներ դուրս գան սոցիալապես վատ վիճակից, բյուջե գումար մտնի»,- նշեց պարոն Մխիթարյանը։

Բնականաբար, չէի կարող չհարցնել, թե պարոն Մխիթարյանը չի՞ գտնում, որ իր թվարկած խնդիրները կառավարությունը պետք է լուծի, այլ ոչ թե Ազգային ժողովը։ «Իհարկե, կառավարությունը պետք է լուծի, բայց ԱԺ-ն, որպես վերահսկող մարմին, որպես բյուջեն հաստատող մարմին, պետք է կարգավորի այդ հարցերը։ Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն ու Ազգային ժողովը աշխատեն համատեղ, փոխըմբռնումով։ Եթե ամեն տարի գոնե երեք գործարան վերագործարկվի, իսկ ցանկության դեպքում դա լրիվ հնարավոր է, արդյունքը շոշափելի կլինի»,- պատասխանեց Արմեն Մխիթարյանը։

Արմեն Մխիթարյանը 12 տարեկան է եղել, երբ մահացել է հայրը, մայրը մենակ է դաստիարակել հինգ երեխաներին։ Աֆղանստանում ծառայելուց հետո Արմեն Մխիթարյանը սովորել է Ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումում, ժողովրդական տնտեսության ինստիտուտում, ավելի ուշ՝ իրավաբանական ֆակուլտետում։ Սովորել է նաեւ Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն կուրսերում եւ ութ տարի աշխատել Հայաստանի պետական հեռուստատեսությունում (եղել է «Հայ ժողովրդի պատմություն», «Հայ գրականության դասականներ» եւ այլ հաղորդումների ռեժիսորը)։ Շարժման տարիներին մասնակցելով Ղարաբաղյան պատերազմին՝ կազմակերպիչն ու առաջնորդն է եղել Աֆղանստանի վետերանների, մեծ դեր է խաղացել զինված ջոկատների զինման գործում։ 1992 թվականից, երբ Աֆղանստանի վետերանները մարտնչում էին ռազմի դաշտում եւ միությունն, ըստ էության, քայքայված էր՝ 1996 թվականին Արմեն Մխիթարյանն իր վրա վերցրեց նախագահի պարտականություններն ու միության վերակենդանացման գործը։ 1994 թվականից տարբեր պաշտոններ է վարել ներքին գործերի համակարգում. Երեւանի ՆԳ վարչության պետի տեղակալ, Շենգավիթի ՆԳ բաժնի պետ, քրեական վարչության պետ, 1998 թվականին, իր դիմումի համաձայն, ազատվել է Արաբկիրի ՆԳ բաժնի պետի պաշտոնից։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031