Հայաստանում «մարմնամարզական» մի շատ տարածված վարժություն կա, եւ դժվար թե գտնվի մեկը, որ դրանով մարզված չլինի՝ դույլերով, կաթսաներով եւ այլ նմանատիպ տարաներով ջուր կրելը։ Բնակիչների համար սովորական դարձած այս վարժության մեջ, կարծես, արտառոց ոչինչ չկա, եթե, իհարկե, նկատի ունենանք, որ այն կրում է ժամանակավոր բնույթ։ Իսկ ահա, թե ինչպես են վերաբերվում այս երեւույթին Էրեբունու համայնքի Սասունցի Դավթի նրբանցքի այն տասը ընտանիքները, որոնց բնակարանների ծորակներից ջուր չի հոսում արդեն չորս տարի։ Իսկ վերջիններս շարունակ դիմում էին թաղապետարան՝ հարցի կարգավորման համար կիրառելով տարբեր մեթոդներ. սկզբում՝ բողոքներ, ապա՝ աղաչանքներ, ընդհուպ մինչեւ թաղապետարանի կողմից կազմակերպված նիստերին մասնակցելը։
Բանն այն է, որ ջրմուղ կայանի պետը, ստուգումներ անցկացնելուց հետո, հայտարարեց, թե պայթել են պողպատե խողովակները։ Եվ շրջանառության մեջ մտան տարբեր վարկածներ, օրինակ՝ ջուրը վաճառվում է։ Եթե հետեւենք տրամաբանությանը, ապա կարելի է ենթադրել, որ ջուր չունենալու առավելությունն այն է, որ ոչ միայն կոփում է առողջությունը, այլեւ զարգացնում երեւակայությունը։ Ի վերջո, եթե խողովակներն իսկապես պայթել են, այդ մասին ի գիտություն ներկայացնելը բնավ չի նշանակում հարցի լուծում։ Մեզ շատ հայտնի ֆիլմում հարեւաններն ուրախացած բացականչում են. «Ջո՛ւր են տվել, ջուր»։ Հետաքրքիր կլիներ լսել, թե ինչ կբացականչեին բնակիչները, երբ կրկին տեսնեին, որ իրենց ծորակներից ջուր է հոսում։
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԼԱՆՋԱՎՈՐ ՏԱՆԻՔ
Կարդացեք նաև
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով ավարտվեցին Երեւանի շտապօգնության հիվանդանոցի տանիքի վերակառուցման աշխատանքները։ Արդյունքում հիվանդանոցի հինգ մասնաճյուղերի հարթ տանիքները (3740 քմ) վերածվեցին թիթեղապատ լանջավոր տանիքների։ Ծրագրի ընդհանուր արժեքն է 38 մլն 600 հազար դրամ, որի 10%-ը ներդրել են հիվանդանոցի բուժանձնակազմը, շրջակա թաղամասի բնակիչները։ Իսկ 90%-ը ներդրել է ՀՍՆՀ-ն։ Շինարարությունն իրականացրել է «Վիկտորիա-1» արտադրական կոոպերատիվը։
Սեփ. լր.
ՆԱԽԱԳԱՀԸ «ՄԵԿՆՈՒՄ Է». Ո՞ՒՄ ՓՈՂԵՐՈՎ
Ես թոշակառու եմ։ Կարդում եմ միայն ձեր թերթը։ Խնդրում եմ՝ ձեր թերթում տպագրեք, թե ինչքան է կազմում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության ուղեւորության գումարը Վատիկան։ Խնդրում եմ՝ տպեք նաեւ, թե որքան է այդ ցուցահանդեսն ու ուղեւորությունը նախապատրաստելու համար ծախսված գումարը։ Դրանից հետո ես կմտածեմ, թե ինչպես պետք է ապրի թոշակառուն։
ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Թոշակառու
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ԳՈՎԱԶԴ ԱՐԺԵ
«Առավոտ» օրաթերթը երեք անգամ անդրադարձավ Լոռու մարզի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի աշխատանքին։ Բնական եւ ընդունելի կարծիք է, որ յուրաքանչյուր լրագրող ուզում է տեսնել այն, ինչի կարիքն, իր կարծիքով, ունի ընթերցողը։ Պարզապես այնքան կուտակված սոցիալական եւ ընկերային հիմնախնդիր կա մարզում, որ քննադատական այդ սյուները կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել։ Չեմ կարծում, որ տեղեկատվական դաշտում հիշյալ բաժնի աշխատանքն իր վարկանիշով գերազանցում է սոցիալ-տնտեսական խնդիրներին։
ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ