Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ ՉԱՆՑԱ

Մարտ 23,1999 00:00
ertuxayin

Մեկի փորձաշրջանը ավելացնում են եւս վեց ամսով, իսկ մյուսին, ընդամենը մեկի օրով աշխատեցնելով, արդեն համարում են ոչ պիտանի։

Մեր ընտանիքի սոցիալական վիճակը գոնե մի քիչ թեթեւացնելու նպատակով, մտածեցի մի տեղ աշխատանքի անցնել։ Համ ապրել չի լինում, համ էլ գնալով մեջս նախանձն է գլուխ բարձրացնում։ «Ռուբլի-դոլար առնեմի» պուզատի տղաների լավ տռզած գրպանները, ձեռքերի դոլարներն ու հինգհազարանոցները գլխապտույտ են առաջացնում։ Բայց նրանք ո՜ւր, ես՝ ո՜ւր։ Բարի մարդիկ խորհուրդ չտվեցին։ Ես էլ վախենում էի, ճիշտը որ ասենք։ Համ էլ ասում են, թե դրանք իրենց տեղամասի ուսադիրավորներին «նալոգ» են տալիս։ Այստեղ էլ՝ ես ո՜ւր, նրանք՝ ո՜ւր։ Որոշեցի դիմել երթուղիներից մեկում աշխատող վարորդին։ Ընդառաջեց՝ շնորհակալ եմ։

Հաջորդ օրը վաղ առավոտյան ես արդեն շարժական աշխատավայրում էի։ Նստեցի տոմսավաճառի տեղը՝ հպարտ, տիրական։

Համակ ուշադրությունն ինձ խեղդում էր։ Հենց հաջորդ կանգառում ձեռքս պարզեցի բարձրացող մայրիկին։ Հետո էլ, տեղս տվեցի ու աչքի տակով նայեցի վարորդին։ Ուզեցի դուր գալ։ Դեմքը թթվեցրեց։ Մտածեցի՝ ի՞նչ պատահեց։ Շուտով մայրիկն իջավ, շնորհակալություն հայտնեց եւ չվճարելով հեռացավ։

-Խնդրեմ, մայրիկ ջան,- ասացի գորովանքով,- նորից համեցեք։

-Վատ չի,- նետեց վարորդը։

Ես դրանից ավելի ոգեւորվեցի։

Սրահում ասեղ գցելու տեղ չկար։ Իսկ ես փութաջանորեն խնդրում եմ, որ առաջ անցնեն, հետ գնան։ Դժգոհում են՝ հետ գնանք, որ վերջի՞ն դռնից իջնենք։

Փորձում եմ ձեւի մեջ մտնել։ Ծամոն ծամող երկու տղաներից մեկին խնդրում եմ տեղ տալ մի պապիկի։ Խնդրանքս չանցավ։

-Այ մարդ, վերջ տուր,- կշտամբեց վարորդը, երբ իմացավ, որ այս անգամ էլ ուզում եմ նրան զիջել տեղս։

Ու այդպես աշխատանքային առաջին օրս անցավ։ Ծանոթներից վճար չվերցրի։ Ուրախացա, որ շատերը պատահեցին։ Իմ ծերացած ուսուցչուհիներից մեկի համար ուզեցի ազատ տեղ գտնել՝ արժանացա մեկ ուրիշի կշտամբանքին։

-Հետո՞ ինչ, որ ես քո ուսուցչուհին չեմ, ինձ էլ տեղ գտիր։

«Նորից համեցեք», ասացի մի քանի երեխաների, որոնք մարզադպրոցի պարապմունքից էին վերադառնում։ Նրանցից մեկի սիրունատես մայրիկն էլ ինձ ջերմ ժպիտ պարգեւեց (միլիոն 50 դրամանոց արժե) եւ առանց վճարելու իջավ։ Դա էլ չվրիպեց վարորդի աչքից։ Օրվա ընթացքում մի վեց-յոթ դեպք պատահեց, երբ չվճարեցին։ Անհարմար զգացի եւ ոչինչ չասացի։ Մեկն էլ մշտական ցույց տվեց։

-Իրավունք ունեք, իջեք,- ասացի եւ օգնեցի ծանր պայուսակն էլ իջեցնել։

-Հեչ էլ իրավունք չունի, ուշադիր չես,- զայրացավ վարորդը,- ասել եմ՝ չէ։

Ու մեքենան տեղից արագ պոկեց՝ առաջացնելով ուղեւորների զայրույթը։ Մեկին էլ մանրը շատ վերադարձրի։ Իջել էր արդեն, ես էլ վախեցա ու հետ չկանչեցի։

Օրվա վերջում շեֆ-վարորդիս դեմքը լրիվ թթված էր։

«Հա՜յ-հո՜ւյ»,- նետեց։

-Չէ, չենք կարող միասին աշխատել։ Շա՜տ ես քնքուշ, էդպես ընտանիք չես պահի, հասկացա՞ր։

– Օրվա վերջում ասաց վարորդը։

-Հասկացա,- մի կերպ արտաբերեցի եւ վերցնելով ինձ պարզած օրավարձը՝ հեռացա։

Հասկացա նաեւ, որ փորձաշրջանը չանցա, մրցույթում միավոր չհավաքեցի։ Ու տխրեցի։ Որոշել եմ փորձել մեկ ուրիշի մոտ, այլ ուղղությամբ, գուցե «մաստս» բռնի։

Ինձ սփոփում եմ. սխալների վրա են սովորում։

Այդ օրը նաեւ «փափախ» էլ չունեցա։ Աերացիա թաղամասը տեսա չորս անգամ։ Մեկ էլ օրվա մեջ մոտ քսան անգամ լսելով «Երազներս ոչնչացան օրացույցի էջերի պես» երգը, արդեն սովորել եմ երգել։

ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031