Կա՛ այդպիսի կուսակցություն՝ «Օրինաց երկիր»։ Ստեղծվեց այն գրեթե աննկատ. այսպես ասած՝ հերթական «կաբինետային» կուսակցության պես մի խմբավորում էր։ Ոչ նրա առաջնորդի, ոչ քիչ թե շատ ճանաչված օրինացերկրականների հանդեպ ժողովրդի սիրո ու հավատի համեստ նշույլն անգամ մինչեւ վերջերս չի նկատվել, իրենք էլ, եթե ինչ-որ բանով աչքի են ընկել, ապա ընդամենը հարմարվողականությամբ։
Եվ հանկարծ՝ շաբաթ օրվա համագումարից հետո պարզվում է, այդ կուսակցությունը, ոչ ավել, ոչ պակաս՝ 28000 անդամ ունի։
Թող որ ես մեղադրվեմ սուբյեկտիվության մեջ, բայց՝ առանց «ստվերային» հզոր ձեռքի ակտիվ գործունեության, անհնար էր «Օրինաց երկիր» կուսակցության անդամների թվի այդ անսպասելի ու աննախադեպ թռիչքը։ Թե ինչ միջոցներով (ուղղակի եւ անուղղակի) «Օրինաց երկրին» այս կարճ ժամանակում հաջողվեց ժողովրդի «սիրտը շահել»՝ գիտեն իրենք. կասկածամիտներս կարող ենք միայն գուշակություններ անել, կամ էլ՝ արդեն շրջող շշուկները ծանրութեթեւ անել։ Սակայն արդեն իսկ կարելի է վստահ լինել, որ այն ստեղծվել է որեւէ այլ հզոր կուսակցության «մատ» անելու նպատակով։ Երկրապահի՞ն, թե դեմիրճյանականներին։ Թե՞ դաշնակցությանը։ Թե՞ «որը պատահի»։
Կյանքը ցույց կտա։
Կարդացեք նաև
Սակայն այս 28000-անոց կուսակցության կնքահայրը կամ կնքահայրերը արժե, որ, համենայնդեպս, հիշեն ուրիշի համար փոս փորողի մասին ժողովրդական իմաստությունը։ Հենց թեկուզ հաշվի առնելով «Օրինաց երկրի» հարմարվողականության փաստը (ո՞վ իմանա, թե այս խառը ժամանակներում քամին որ կողմից կփչի, ու 28 հազար մարդ՝ իրենց առաջնորդներին հետեւելով, ում հետ կորոշեն հարմարվել…)։
Ամեն դեպքում՝ կենացները քաղցրանում են։
ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ