Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻԴ-ը եւ Զորի Բալայանը

Մարտ 23,1999 00:00
toto4

Մամուլի եւ հեռուստատեսության աշխատավորները ուժ ու եռանդ չեն խնայում հանրապետության եղած-չեղածը հասարակությանը ներկայացնելու համար։

Բայց հաճախ մեր հասարակությունը մեզ սխալ է հասկանում։ Օրինակ՝ Միջազգային բժշկագիտական «Ինտերնացիոնալ» կենտրոնի տնօրեն Թիմոթի Միդին դիմավորելու համար օդանավակայան ժամանած բժիշկ, գրող, հրապարակախոս եւ լրագրող Զորի Բալայանին ցույց տալիս հեռուստալրագրողները այդպես էլ չկարողացան բացատրել վերջինիս կապը «Արմենիկումի» կամ ՍՊԻԴ-ի հետ, ինչը տարբեր կարծիքների տեղիք է տվել հանրապետության գյուղական շրջաններում։

Տողերիս հեղինակը կիրակի օրը գտնվում էր Հրազդանում եւ այնտեղ մի շատ հետաքրքիր վիճաբանության ականջալուր եղավ։ Վիճողները հիսունն անց երկու կանայք էին։ Նրանցից առաջինը այն համոզվածությունն էր հայտնում, որ ՍՊԻԴ-ի դեղը Զորի Բալայանն է գտել եւ այն ստացել է Ղարաբաղում աճող ինչ-որ դեղաբույսերից ու ծաղիկներից։ Երկրորդը համոզված էր, որ դեղը գտնողը ՊԱԿ-ի ինչ-որ գնդապետ է, իսկ Զորի Բալայանը օդանավակայան էր եկել, որպեսզի այնտեղ բժիշկներին խնդրի, որ իրեն անվճար բուժեն։ Ի դեպ, տիկինը «հազզզար տոկոսով» համոզված էր, որ մեր հարգարժան բժիշկ-հրապարակախոսին ՍՊԻԴ-ով վարակել է «էն ամերիկացի պառավը» (խոսքը բարոնուհի Քերոլայն Քոքսի մասին է)։

Հայտնի չէ, ինչով կավարտվեր վիճաբանությունը, եթե նրանց վեճին չմիջամտեր ակնոցներով եւ ղարաբաղյան առոգանությամբ միջին տարիքի մի տղամարդ՝ կոնսենսուսային պատրաստի տարբերակով։

Կոնսենսուսը հետեւյալն էր. իրոք, դեղը գտել է Զորի Բալայանը եւ այն սինթեզել է միայն Ղարաբաղում աճող ինչ-որ բույսի արմատից։ Եվ որպեսզի ողջ աշխարհին ապացուցի իր գտած դեղամիջոցի զորությունը, Զորի Բալայանը ինքն է իրեն ՍՊԻԴ-ի վիրուս ներարկել, որ հետո Թիմոթի Միդի աչքի առաջ բուժվի (այդ պահին երկու տիկնայք էլ միջնորդի հետ համաձայնեցին, որ հեռուստացույցով տեսել են, թե ինչպես է Իգոր Կոլեսնիկովի կողքի մահճակալին պառկած բուժվում պրն Բալայանը)։

Հետո ակնոցներով պարոնը հայտնեց, որ իր հարեւանը Զորի Բալայանի համագյուղացին է, եւ իրեն գաղտնի ասել է, թե բժիշկ-լրագրողի հրահանգով իրենց գյուղխորհրդի նախագահը արդեն երկու շաբաթ է՝ «թեոդոլիտը ուսին տիրած», գյուղի դաշտերում չափուձեւ է անում, որ որոշի, թե որտեղ կարելի է կառուցել «ՍՊԻԴ-ի հիվանդանոցը»։

Մինչ այդ պահը տղամարդուն թեթեւ կասկածանքով նայող կանանց վրա «թեոդոլիտ» բառն այնքան ուժեղ տպավորություն թողեց, որ նրանք լրիվ համոզված իրենց զրուցակցի լավատեղյակությամբ, շտապեցին նորությունը հասցնել հարեւաններին։ Դե, հեռուստատեսություն ու մամուլ, արի ու մի ճաքի…

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031