Առայժմ ապարդյուն
«Առավոտին» տեղեկություն էին փոխանցել, որ մաքսային վարչությունը հատը 70 հազար դոլար արժողությամբ երկու շուն է գնել ՆԳ եւ ԱԱ նախարարությունից, որոնք հատուկ վարժեցված են թմրանյութեր գտնելու համար (ամեն մեկը՝ մի տեսակի, կոկաին եւ օպիում)։ Այս լուրը ճշտելու համար դիմեցինք մաքսային վարչության լրատվական կենտրոնի ղեկավար Սյուզան Սիմոնյանին։
«Անցյալ տարվա նոյեմբերին մաքսային վարչության ու ՆԳ եւ ԱԱ նախարարության «Պահպանություն» միավորման միջեւ կնքվեց պայմանագիր թմրանյութերի եւ հոգեներգործիչ միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը նաեւ հետախույզ շների ծառայության միջոցով իրականացնելու, կազմակերպելու մասին։ Ըստ այդ պայմանագրի, պիտի 10 շուն տրամադրվեր։ Բայց այժմ «Զվարթնոց» օդանավակայանում մշտապես կան 6 հատուկ վարժեցված շներ եւ դրանք պարբերաբար ուղարկվում են սահմանային մաքսակետեր։ Շները պատկանում են ՆԳ եւ ԱԱ նախարարությանը, իսկ մաքսային վարչությունը պարզապես վճարում է այդ ծառայության դիմաց։ Վճարի մեջ ներառված են շների պահպանման, վարժեցման ծախսերը, այդ ծառայությանը տեխնիկական միջոցներով եւ սարքավորումներով ապահովելը (մեքենաներ եւ այլն), տարածք հատկացնելը։ Այս ամենն արվում է մաքսային վարչության հաշվին։ Պայմանագրով նախատեսվում է 1 ամսվա համար 5 մլն դրամի վճար, որի մեջ մտնում են վերոհիշյալ բոլոր ծախսերը։ Շների արժեքը չի վճարվել, քանի որ դրանք ՆԳ եւ ԱԱ նախարարության սեփականությունն են։ Մինչեւ հիմա դեռ այդ շները թմրանյութեր չեն հայտնաբերել։ Բայց փորձարկումներն արդյունավետ են եղել՝ պահված թմրամիջոցներն անպայման գտել են»։
Ա. Ի.