Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս դեպի ընտրություններ

Մարտ 23,1999 00:00

Հայաստանի կոմունիստական կուսակցության գրասենյակում մարտի 22-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ ներկայացվեցին մարտի 20-ին տեղի ունեցած կուսակցական պլենումի արդյունքները եւ ՀԿԿ-ի դիրքորոշումը ԱԺ խորհրդարանական ընտրություններին։

ՀԿԿ առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը ներկայացրեց պլենումի օրակարգային հարցերը, որոնցից թերեւս ամենակարեւորը մեծամասնական եւ համամասնական ընտրություններով առաջադրվող թեկնածուների հաստատումն էր։

Նա նշեց, որ հանրապետության 50 ընտրատարածքներում, բացի Երեւանից, մեծամասնական ընտրակարգով փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել են 47 թեկնածուներ, ինչպես նաեւ առաջադրվել է 2 անկուսակցական թեկնածու։ Մայրաքաղաքի 25 ընտրատարածքներից 21-ում առաջադրվել են նույնպես կուսակցական թեկնածուներ։

Համամասնական ընտրացուցակներով կուսակցությունն առաջադրել է 87-ից 84 անձի (՞) թեկնածություն, որի 10-17 տոկոսը կանայք են։ Այս փաստը Ս. Բադալյանը ցնծությամբ նշեց, քանի որ մյուս կուսակցություններում այն բացակայում է։ Մի քանի ընտրատարածքներում առաջադրվել էր կոմունիստական կուսակցության երկու թեկնածու, սակայն պլենումը հաստատեց ընտրատարածքներում մեկական թեկնածու։

Կոմկուսի ղեկավարը հայտնեց, որ Հայկոմկուսը մշակել է նախընտրական ծրագիրը (ի դեպ, դրա հեղինակը Ս. Բադալյանն է), որը, ըստ նրա, իրատեսական է։ Ծրագրում առաջնային տեղ է հատկացված սոցիալ-տնտեսական պրոբլեմներին, ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններին վերաբերող հարցերին։

Իսկ ինչպիսի միջոցներով է կուսակցությունը տանելու իր նախընտրական քարոզարշավը։ Այս հարցը հետաքրքրում էր բոլորին, որի սպառիչ պատասխանը տվեց կուսակցության քաղկոմի քարտուղար, ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը մարտի 20-ին կուսակցության գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ. «Գումարները հավաքվելու են կուսակցական կազմակերպություններից, «Ով ինչքան կարող է» սկզբունքով։ Կլինեն հանգանակություններ եւ օրենքով սահմանված կարգով այլ դրամահավաքներ»։

Այժմ նշենք, թե ՀԿԿ-ն կուսակցական իր ցուցակներում առաջնային տասնյակում ում է ներգրավել՝ Սերգեյ Բադալյան, Վլադիմիր Դարբինյան, Լեոնոիդ Հակոբյան, Հրանտ Ոսկանյան, Ֆրունզե Խառատյան, Յուրի Մկրտչյան, Գագիկ Մանուկյան, Գագիկ Թադեւոսյան, Նորիկ Պետրոսյան… Մի խոսքով բոլորն էլ ծանոթ դեմքեր են։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031