Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ-Ի ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՐԴԱՐ՝ ԲԱՎԱՐԱՐԻ ԲՈԼՈՐԻՆ»

Մարտ 23,1999 00:00
Vardan Oskanyan

Կիպրոս-Հունաստան եւ Բրիտանական միացյալ թագավորություն կատարած իր այցերի մասին երեւանյան անձրեւից թրջված լրագրողներին չորությամբ պատմեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Ինչպես ասվում է նման դեպքերում, երեկ էլ ասվեց, թե այցը բավականին արդյունավետ էր։ Հանդիպումների մանրամասներին չենք անդրադառնում, քանի որ այդ մասին արդեն գրվել է։ Պրն Օսկանյանին ուղղված հարցերն ու դրանց պատասխանները ավելի հետաքրքիր էին։

Բրիտանական ընկերությունների՝ Հայաստան «թափանցելու» իրողությունը գնահատվեց որպես մեծ հեռանկարներ ունեցող։ «Տպավորությունն այն է, որ նրանք (բրիտանացի գործարարները- Մ. Ե.) բավական գոհ են իրենց գործունեությունից Հայաստանում։ (…) Նրանք ուղղակի Հայաստանը տեսնում են այն կերպ, որ կարող է կենտրոն դառնալ առավել լայն գործունեություն ծավալելու ԱՊՀ այլ երկրներում»։

Լորդերի պալատում հանդիպումների եւ ելույթի ժամանակ շոշափվել է ցեղասպանության ճանաչման հարցը։ Հայաստանի եւ հայերի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է առեւտրի նախարարության կողմից (այս տարվա երկրորդ կեսին Լոնդոնում կանցկացվի կոնֆերանս, որը նվիրված կլինի Հայաստանում բիզնես անելու հնարավորություններին)։ Տնտեսական ոլորտում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ այս տարվա ընթացքում «մեր իրավական դաշտից» բացակայող կրկնակի հարկումից խուսափելու պայմանագիրը ստորագրելու։ Մոտավորապես այսպիսի նախաբանից հետո պրն Օսկանյանը անցավ «բուն նյութին»՝ շոշափելով Կոսովո-Արցախ տարբերությունները. «Կոսովոյի դեպքում այսօր խոսքը գնում է միջանկյալ լուծման մասին, ուղղակի արյունահեղությունը դադարեցնելու եւ այնտեղ անվտանգությունն ապահովելու։ … Այստեղ ձեւակերպումը (խոսքը Կոսովոյի հարցի շուրջ է- Մ. Ե.) հետեւյալն է. երեք տարի հետո հենց որ բանակցությունները վերաբացվեն Կոսովոյի կարգավիճակի մասին, անպայման պետք է հաշվի առնեն Կոսովոյի ժողովրդի կամքը։ Դա ոնց որ թե ռեֆերենդում բառի փոխարինող մոտեցումն է»։ Իսկ ԼՂՀ-ի բնակչությունն արդեն ինքնորոշվել է եւ բոլոր փաստերը հուշում են, որ մենք պատրաստ ենք միանգամից անդրադառնալ ԼՂՀ-ի կարգավիճակի հարցին։

Պրն Օսկանյանը Մինսկի խմբի գործընթացը գնահատեց որպես «որոշ ճանապարհ անցած»։ Հայաստանին (եւ Արցախին- Մ. Ե.) մնում է «ուղղակի կենտրոնանալ» դրա վրա եւ չշեղվել դրանից։

ՆԱՏՕ-ի ռազմակայանների՝ Ադրբեջանում հնարավոր տեղակայման հարցի շուրջ խոսելիս, ՀՀ արտգործնախարարը ասաց. «Բոլորն էլ այսօր գտնում են, որ Միացյալ Նահանգների կամ ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայումը Ադրբեջանում ռեալ չէ, դա նույնիսկ Ադրբեջանն է խիստ գիտակցում, բայց թրքական (թուրքական- Մ. Ե.) ռազմակայանների տեղակայումը, իհարկե, ավելի հավանական է։ Արդեն որոշ բանակցություններ գնում են։ Դրա կապակցությամբ մենք բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունը, որովհետեւ նման իրադարձության դեպքում խստորեն հավասարակշռությունը տարածաշրջանում խախտվելու է»։

Իսկ Հայաստան-Ռուսաստան «ռազմակայանների տեղակայումը ԱՊՀ սահմանները պաշտպանելու նպատակով է, Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռությունը հիմնված է զուտ հայկական բանակի հնարավորությունների վրա»։

Եվրախորհրդարանի վերջին հայտարարությունը «մեծ քայլ է դեպի առաջ այն իմաստով, որ Ադրբեջանն ուղղակի համոզվում է, որ դա ոչ միայն ԵԱՀԿ համայնքի տեսակետն է, որն արտահայտվել է համանախագահողների միջոցով, այլ եվրոպական այլ կազմակերպությունների, ինչպիսին է Եվրամիությունը,, որն իր խորհրդարանի միջոցով, փաստորեն, աջակցություն է հայտնել այս վերջին առաջարկությանը։ Այն, ինչ առաջարկվել է, միջին ճանապարհն է, այստեղ խնդիրն այն է, որ Ադրբեջանին բերեն միջին ճանապարհի վրա»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031