Անցած կիրակի սբ. Սարգիս եկեղեցում ականատես եղանք մի արտասովոր պսակադրության։ Պսակադրության ավտոշարասյունն առաջնորդող «Մերսեդեսի» «կապոտի» այն մասում, ուր խորհրդային տարիներից սկսած տիկնիկ էին նստեցնում, կապկպել ու պառկեցրել էին մի կենդանի աղվես։ Եվ, մինչ եկեղեցու ներսում Աստծո սպասավորն օրհնում էր հարսին ու փեսային, դրսում՝ աղվեսի շուրջ, ահագին ժողովուրդ հավաքվեց, իսկ մի երեխա սկսեց քաշքշել աղվեսի ականջները։ Խեղճ կենդանին ոչինչ չէր կարողանում անել, որովհետեւ ոչ միայն կապկպված էր, այլեւ՝ դնչակալված։ Ինչեւէ, երջանկություն մաղթենք նորապսակներին. թող մի բարձի ծերանան։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հանրապետական կուսակցության Լոռվա մարզի նախագահն իր իսկ համար չափված-ձեւած ընտրատարածքում, հանրապետական կուսակցության անվան տակ փորձելու է ՀՀ ԱԺ պատգամավոր դարձնել Կոմկուսի Թումանյանի շրջանի վերջին առաջին քարտուղար, ՀՀ նորանկախ պետության ամենաերկարաժամկետ պաշտոնյա, մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբորը՝ Հովիկ Քոչինյանին։ Վերջինիս նախորդ աշխատանքը կապված էր իր եղբոր՝ տրանսպորտի նախարար լինելու հանգամանքով, բենզինի եւ սոլյարկայի ներկրման գործունեությամբ։ Այնպես որ մարզպետ Հովիկ Աբրահամյանի եղբորից հետո մենք գործ կունենանք մեկ այլ մարզպետի եղբոր՝ իշխանության թելադրանքով կոճակ սեղմողի հետ։ Հետեւաբար, նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցության խմբակցությունը կունենա մարզպետական ենթախմբակցությունը։ Մեռնեմ ախպերությանը։