Մոտ մեկ ամիս առաջ՝ առանց փաստաբանների, հետագայում՝ նաեւ նրանց ներկայությամբ, ստի դետեկտորով անցան Արծրուն Մարգարյանի սպանության գործով ձերբակալված Արմեն եւ Արսեն Խաչատրյանները։ Արմեն Խաչատրյանի փաստաբան Ամալյա Ավագյանից ճշտեցինք, որ թե՛ ստի դետեկտորն է ցույց տվել Արմենի անմեղությունը, թե՛ կենսաբանական ու քիմիական անալիզները։ Դա հաստատել են նաեւ ամերիկյան եւ անգլիական ֆեդերատիվ ծառայությունները։ Ըստ այլ լուրերի՝ ստի դետեկտորը 2 անգամ «իրենով անցած» Արսեն Խաչատրյանին նույնպես անմեղ է ցույց տվել։ Արմեն Խաչատրյանին այսօր պետք է հարցաքննեն վերջին անգամ, սակայն՝ անկախ դրանից, Արմենին քննչական մեկուսարանում արդեն մեկուկես ամիս պահելու ոչ մի հիմք չկա։ Շուտով, Արմենի եւ Արսենի առերեսումից հետո որոշ չճշտված դետալներ կբացահայտվեն։
Երեկ Ազատության հրապարակում դարձյալ հավաքվել էին Արսեն Խաչատրյանի հարազատները։ Քանի դեռ նախաքննությունն ավարտված չէ՝ Արսենի մայրը՝ տիկին Աիդան, գտնում է, որ առայժմ ճիշտ է սահմանափակվել խաղաղ ցույցով եւ դեպի նախագահի նստավայր երթերը հետաձգել։ Արսեն Խաչատրյանի «գործով» զբաղվում են նաեւ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները։ Արսենի մորը վրդովեցրել են «Սերժ Սարգսյանի այն խոսքերը, թե՝ եթե Արսենը չի սպանել, ինչպես տարավ սպանության տեղը ցույց տվեց։ Ես այն ժամանակ լռեցի, բայց պիտի ասեի՝ Արսենին ցույց են տվել այդ տեղը, նա ինքը չգիտեր»։ Եթե Արսենին մեղադրեն սպանության մեջ, տիկին Աիդան խոստացավ հացադուլի նստել։ «Թող ղեկավարները չմտածեն, թե հասարակ ընտանիքից է Արսենը, ու նրան կարող են հանգիստ կործանել»։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ