Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկան եւ խաղողը

Մարտ 23,1999 00:00
Aram Abrahamyan

Որ Գորիսի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանը /Լիսկան/ կընտրվի ԱԺ պատգամավոր, ես, օրինակ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում: Առանձնապես կեղծիքներ էլ չեն լինի. վախեցած, ստորացած եւ «մարդասիրական օգնությունից» մի քիչ էլ այլասերված ընտրողները քվեարկելու են իրենց մինի-բռնակալի օգտին: Այստեղ հետաքրքիրն ուրիշ է. ի՞նչ է կորցրել պրն Խաչատրյանը խորհրդարանում։

Գորիսի «ցար Լիսկան» 4 տարվա ընթացքում ոչ մի անգամ ելույթ չի ունեցել ԱԺ-ի ամբիոնից: Պատճառների մասին մեր թերթի հարցին պրն Խաչատրյանը շատ տրամաբանական պատասխան է տալիս. նա կարողացել է իր հարցերը լուծել առանց խոսափողին մոտենալու եւ երկարաշունչ ճառեր արտասանելու: Պարզ, ժողովրդական լեզվով մարդը բացատրեց, թե ինչով են իրականում զբաղվում պատգամավորները՝ «հարցեր են լուծում» իրենց մարզի, քաղաքի, համայնքի, գործարանի, «օբյեկտի» եւ սեփական ստամոքսի համար: Այդ մարդկանց տեսանկյունից, պետությունը ապրանքների եւ բարիքների մի շտեմարան է, կառավարությունը՝ մի կոռումպացված պահեստապետ, պատգամավորի վկայականն էլ՝ մի անցագիր, որով կարող ես այդ շտեմարանից ապրանքներ վերցնել: Ո՞ւմ լեզուն կպտտվի ասել, թե այդ պատկերացումը հեռու է իրականությունից:

Սակայն այդ ամենը, որքան հասկանում եմ, անձամբ Գորիսի քաղաքապետին չի վերաբերում: Երկրապահ, ֆիդայի եւ պարզապես «խառոշի» լինելով՝ Գորիսի քաղաքապետն այդ շտեմարանից է օգտվում մեծ եւ, իհարկե, երկաթյա շերեփով: Այստեղից օրինաչափ հարց է ծագում: Եթե Լիսկան, իր իսկ պնդմամբ. ա/ լավ քաղաքապետ է, բ/ խորհրդարանի ամբիոնից չի խոսել եւ չի պատրաստվում ելույթ ունենալ, որովհետեւ առանց այդ էլ կարողանում է «հարցեր լուծել» կառավարության հետ, գ/ քաղաքական գործիչ չէ, ապա նրա ինչի՞ն է պետք Ազգային ժողովի պատգամավոր դառնալը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ խորհրդարանը պրն Խաչատրյանին անհրաժեշտ է որպես տանիք՝ իրավիճակի հերթական, իր համար անբարենպաստ, փոփոխության դեպքում պատսպարվելու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031