Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆՎԵՔ ԲԱԶՄԱՆԴԱՄ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ»

Մարտ 23,1999 00:00
toto

«Օրինաց երկիր» կուսակցությունը՝ անկախ իր հասցեին հնչող լուտանքների, բավական արագ բազմանում է։ Կուսակցության անդամների նախորդ օրվա թվային տվյալները հաջորդ օրն արդեն հնացած են։

Այս դրությամբ կուսակցությունն ունի 30 հազար անդամ («Օրինաց երկրի» ղեկավարներն իրենք էլ խոստովանում են, որ այս ցուցանիշից զարմացած են)։ Կուսակցության ստեղծման գաղափարը վերագրվում է ԱԱ եւ ՆԳ նախարարին, սակայն անկախ դրանից՝ ամեն դեպքում կուսակցության ղեկավարները «թարմ» են, եւ ժողովուրդը նրանցից առայժմ չի հոգնել։ Ինչպես հնչեց կուսակցության 2-րդ համագումարում՝ «Օրինաց երկիրն» արդեն գտնվում է առաջատար քաղաքական կուսակցությունների շարքում։ Հետաքրքիր է, որ կուսակցության 56%-ը կանայք են, 38%-ն ունեն բարձրագույն կրթություն, միջին տարիքը 30-35 է։ Ազգային փոքրամասնությունները նույնպես հարում են կուսակցությանը։ Իր համագումարում կուսակցությունը հայտնեց, որ ընտրություններին կգնա մենակ։ Հնչած լուրերը, թե հնարավոր է դաշինք ԻՄ-ի հետ, իրական չեն։ Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ «Օրինաց երկրին» շատ առաջարկություններ են եղել միավորվելու եւ դաշինք կազմելու, սակայն մերժում են ստացել։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում են Արթուր Բաղդասարյանը, Սերգո Երիցյանը, Ստեփան Բարսեղյանը։

«Օրինաց երկրի»՝ որպես խոշոր կուսակցության, անդամներին երեկ ընդունեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Նախագահի հետ հանդիպումը հատուկ պլանավորված չէր։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք նորմալ ընտրությունների հետ կապված հարցեր։ Մեզ հետաքրքրում էր նրա դիրքորոշումը թաղային հեղինակությունների եւ քրեական անցյալ ունեցող մարդկանց՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Կա՞ նրա կողմից վճռական տրամադրություն՝ ազատ, արդար եւ իրավական ընտրություններ անցկացնելու»,- հանդիպումից հետո «Առավոտին» ասաց Արթուր Բաղդասարյանը։ Նախագահն իր իրավասության շրջանակներում (որոնք, ի դեպ, բավական լայն են- Լ. Ա.) խոստացել է ամեն ինչ անել, որ ընտրություններն անցնեն արդար։

-Իսկ նախագահը ձեր կուսակցության բազմամարդության վրա չզարմացա՞վ։

-Զարմացավ, շատ զարմացավ, որ մեր կուսակցությունն այդքան անդամ ունի։ Եվ միայն ինքը չէ։ Բոլորն էլ զարմանում են, բայց դա մեր ամենօրյա աշխատանքի արդյունքն է։ Մեր ժողովուրդը օրենքի կարոտ է, եւ մեր հաջողությունը պայմանավորված է դրանով։

Նախագահի հետ «Օրինաց երկիրը» զրուցել է նաեւ «կոռեկտ պայքարից». «Մեր գերխնդիրն է լինելու հաղթահարել 5%-ի արգելանքը»։

Կուսակցությունն ունի երիտասարդական միություն, «բջիջներ» Երեւանի ինը համայնքներում, կա կուսակցության KBH-ի խումբ։ Կուսակցության անդամները՝ բացի գաղափարների շուրջ համախմբվելուց, նաեւ միմյանց հետ ամուսնանում են։ Այսպես՝ արդեն 5 զույգ ունեն, որոնցից մեկի հարսանիքին պրն Բաղդասարյանն անձամբ է ներկա եղել եւ որպես հարսանեկան նվեր մատուցել կուսակցական տոմսեր։

Ամեն դեպքում՝ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը համոզված է, որ իրենք «լավ բան» են անում։ «Եթե վատ բան անենք, թող Աստված մեր գործը չհաջողի»,- երկնքին ուղղելով հայացքն՝ ասում է պրն Բաղդասարյանը։

Գուցե թե երկրորդ «Շամիրամ» ընկալվող կուսակցության ֆենոմենն ընտրություններից հետո բացահայտվի, իսկ առայժմ «Օրինաց երկրի» սեղաններին նորանոր դիմումներ են հայտնվում (սա ես իմ աչքով տեսա- Լ. Ա.)։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031