Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 20,1999 00:00
kanayq

Ասում են, որ կնոջ դիրքը եւ վիճակը հասարակության մասին եզրակացություններ անելու լուրջ հիմքեր է տալիս։ Եվ քանի որ մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում համարվում է կանանց ամիս, փորձենք վերլուծել, թե ինչպիսին է հայ կինը 20-րդ դարի վերջին։ Եզրակացությունը կարող եմ միանգամից ասել՝ անմխիթար։

Բավական հաճախ կարելի է լսել, թե հայ կանայք չեն ցանկանում զբաղվել քաղաքականությամբ եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Ինձ թվում էր, որ այս եզրակացությունը ձեւավորվել էր ոչ բանիմաց մարդկանց երեւակայությունում։

Սակայն, վերջերս, զրուցելով իմ կարծիքով բավական քաղաքակիրթ եւ ազատամիտ մի քաղաքական գործչի հետ, ի զարմանս, նույն կարծիքը լսեցի։ Ավելին, ես պարզեցի նաեւ, թե ինչու մեր կանայք չեն ցանկանում զբաղվել քաղաքականությամբ։ Պարզվեց, որ նրանք պարզապես նախընտրում են զբաղվել իրենց ընտանիքի կենցաղային հարցերով։ Պատասխանը չէր, որ ինձ զարմացրեց։ Ինձ զարմացրեց այն, որ, իմ կարծիքով, այս սխալ տեսակետը կիսում են նույնիսկ շատ զարգացած անձնավորություններ, եւ ես եզրակացրի՝ անգամ ամենաազատամիտ եւ քաղաքակիրթ տղամարդու ազատամտությունն ավարտվում է այնտեղ, ուր խոսքը գնում է կնոջ իրավունքների եւ ազատությունների մասին։

Իմ խորին համոզմունքով, հայ կանանց «ապաքաղաքականությունը» կապված է ոչ թե նրանց քաղաքականությամբ զբաղվել չցանկանալու հետ, այլ այն հանգամանքի, որ երբ նրանք հայտնվում են այս ոլորտում, նրանց, ինչպես օտար մարմին, անպայման ցանկանում են դուրս նետել։ Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ վերջերս, երբ մի տիկին իր թեկնածությունն առաջարկեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Պատգամավորությունը տեւելու էր ընդամենը մի քանի ամիս։ Հետո թող մասնակցեր՝ պարտադիր չէ, որ հենց նա ընտրվեր ժողովրդի կողմից։ Նրանից ազատվեցին, կարելի է ասել, բավական հմտորեն, եւ ինձ մոտ ստեղծվեց այն տպավորությունը, որ «կին» ասելուն պես ինչ-ինչ մարդկանց գլխում միանգամից զսպանակ է աշխատում, որը նրանց զրկում է մտածելու հնարավորությունից։ Հիշենք, որ մեր կանայք բավական լուրջ էին ընդունվում ԽՍՀՄ-ի վերջին խորհրդարանում, եւ մենք ազգովի հպարտանում էինք, երբ նրանք քաջորեն եւ մատչելի ներկայացնում էին խնդիրները։

Կանանց սակավությունը խորհրդարանում միայն Հայաստանի Հանրապետության պրոբլեմը չէ եւ կապված չէ ազգային մտածելակերպի հետ։ Գրեթե նույն վիճակն է նաեւ ԱՊՀ-ի հանրապետություններում, ասենք՝ Ռուսաստանում։ Ճիշտ է, մենք կարող ենք փառք տալ Աստծուն, որ մեր խորհրդարանում հայտնված կանայք չարժանացան Ստարովոյտովայի ճակատագրին, սակայն դա տեղի չի ունենում ոչ թե այն պատճառով, որ մենք ավելի հանդուրժողական ենք կին-պատգամավորների նկատմամբ, այլ պարզապես, կին-պատգամավորները, լավ հասկանալով, թե ինչ կարող է լինել, չեն ցանկանում «գլուխ դնել» եւ գնալ առճակատման։

Իսկ կանայք անհրաժեշտ են խորհրդարանում։ Նախեւառաջ, այնտեղ ավելի բարվոք մթնոլորտ կստեղծվի, եւ երկրորդ՝ մենք ձգտում ենք աշխարհի հետ խոսել քաղաքակիրթ լեզվով, ուզում ենք, որ մեզ հասկանան։ Յուրաքանչյուր պետություն ունի խնդիրներ, որոնք ավելի նպատակահարմար է՝ ներկայացվեն եւ լուծվեն կանանց կողմից։ Վերջիվերջո, կինը ոչ թե «տղամարդու բարեկամն» է, այլ հասարակության լիիրավ անդամը։ Ժամանակն է, որ դա գիտակցվի։

Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031