Նկատի ունենալով, որ տարիների անցման անշրջանցելի փաստին եւ ի հետեւանս ծավալվող կնճիռներին, հերաթեփակալմանը, ատամնաթափումին, անջո-սկլերոտիկությանը, դաշտանադադարին եւ այլեւայլ դիլխորություններին հակադարձ համեմատական՝ նվազում եւ տակավին նվազելու է փեսացուներիս քանակական դրսեւորումը,
Նկատի ունենալով, որ հավանականության տեսության կամեցողական ընդառաջման դեպքում գալիք նախագահական ընտրություններին իմ թեկնածության առաջադրումը թեպետեւ փեսացուներիս քանակական աճ կարձանագրեր, սակայն՝ ի հաշիվ որակական տեղատվման, ալֆոնս-կարիերիստների կուտակում առաջացնելով հանրապետության՝ առանց այդ էլ գերալֆոնսացված մթնոլորտում,
Նկատի ունենալով, որ հանրապետության արական բնակչության շրջանակներում սկսվել եւ շարունակվում է իմ կուռքացման գործընթացը, մինչդեռ քրիստոնեության ընդունման հոբելյանական տոնակատարության նախաշեմին կռապաշտության նման դրսեւորույթը ազգադավ դեր ու գործունեություն է վերագրում նվաստիս, մյուս կողմից՝ ինձ զրկելով մարդկային կյանքի արտոնություններից, քիթ քչփորելու, խռմփալու, բխկալու եւ սահմանադրական այլ իրավունքներից,
Նկատի ունենալով, որ մենք բոլորս՝ Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներս թեպետեւ ապրում եւ ստեղծագործում ենք նրա էպիկենտրոնից արձակվող սեռական ճառագայթների ազդեցության գոտում, բայց դա չի խանգարում մեզ ունենալ անանձնական եւ, հատկապես, նեղանձնական ցանկություններ ու կողմնորոշումներ, այլ հակառակը՝ մի տեսակ նպաստում է,
Նկատի ունենալով, որ մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, մարդ կա՝ ամենաթաց տեղերից մնացել են միայն աչքերը, իսկ վերնագիրն էլ լավ է վերջում, քան երբեք,
Նկատի ունենալով, որ ծիծաղում է նա, ով վերջում (վերջապես) է ամուսնանում, եւ չնայած նույն գետը չես մտնի երկու անգամ, բայց մեկ անգամ գոնե կարող ես ամուսնանալ,
Ուստիեւ դիմում եմ ժողովրդիս.
Եկ հաւանեաց բանից
Աչագեղոյ դստերս պարսկահայոց՝
Տալ զպատանիդ…
Մրցույթին մասնակցել ցանկացող պատանիները կարող են ամուսնության առաջարկներով հանդես գալ մամուլի էջերում՝ հիմնավորելով դրա իրապաշտական հեռանկարայնությունը։ Կից ներկայացվող բանաստեղծության հատվածը ծառայելու է իբրեւ մեթոդական ուղեցույց՝ մեկնարկային ցուցանիշներն ընդգծելով։ Ապա, փուլ առ փուլ կատարելով բանաստեղծության մյուս հատվածների առաջադրանքները, եզրափակիչում կընտրվի հաղթողը՝ ամբողջական բանաստեղծության առաջին ընթերցմամբ։ Լրացուցիչ բանակցությունների միջոցով կճշտվեն մի շարք հարցեր՝ սիրո, օժիտի, սկեսուր-զոքանչի, քաղաքական հայացքների եւ այլնի մասին։ Հարսանիքը՝ հաջորդիվ։
Ինչ վերաբերում է գրականության սիրահարներին՝ նրանց մտահոգությունը, այո, տեղին է լինելու։ Բանաստեղծությունիցս, թեկուզեւ հերթական գլուխգործոց, հատված տպագրելով, փաստորեն, ուրանում եմ բանաստեղծությունս։ Սակայն հուրախություն եւ ի մխիթարանք ինձ՝ այսօր մտավորական առաջադեմ շրջանակներում արդեն տարբերակված վերաբերմունք է նկատվում ուրացման եւ հրաժարման հանդեպ։ Օրինակ՝ փողկապ չկապելը ոչ թե փողկապի ուրացում է, այլ ՝ հրաժարում դրանից։ Փողկապը կարելի է ուրանալ՝ ծուռ կապելով այն։
Ինչո՞ւ եմ ուրանում։ Նախ՝ բանաստեղծությունը դեռ չեմ ավարտել, բայց անկարող եմ այլեւս դիմադրել անունս թերթում տպված տեսնելու գայթակղությանը։ Երկրորդ՝ տարիներ շարունակ, սիրով, տրտում, պաշտպանելով գրականության շահերը անօգտապաշտական դիրքերից՝ ինձ իրավունք եմ վերապահում աննշմար հոնորարից զատ, գոնե մի անձնական օգուտ ակնկալել չափածո բարբաջանքից։ Եվ երրորդ՝ խի տե՞նց բաներ ենք ուրացել, մեկն ավել, մեկը՝ պակաս։
Ակնկալած արդյունքն ստանալուց հետո, խոստանում եմ, ինչպես հաճախ Աղվան Վարդանյանն էր ասում՝ էլ չեմ անի։ Ասում էր ու էլի անում։
Հատված
Ձեւանմուշ միհատիկս,
ջոկովենս, տոնականս, մեծ զատիկս,
բացառիկ ու եզականս,
ինտելիգենտ ջենտլմենս, դրականս,
լի պարենս, օջախապահ տնականս,
զիլ բիզնեսմեն, ռեկլամաշահ գովականս,
հիմնականս,
հիմնավոր ու կայականս,
խրոնիկս, հանապազս, տեւականս,
ջա՛ն, ֆիրմեննի սիրականս,
խիտս, շատս, լավականս,
պիտակավոր պետականս,
պիտույքս ու պետքականս,
արդար ճշտով գողականս,
սիրո ուստա շինականս,
պարոն, վարիչ, կապիտանս,
կիրթ բնակիչ վերնատանս,
բարեբախտիկ պատահարս,
թասիբապահ մայլի տղա, հար տիարս,
միջթաղային կռվախնձոր, փորձաքարս,
նազիր-վեզիր, նախարարս,
քաջ նետաձիգ աղեղնակս, հեռահարս,
պահատվիկ գանձանակս, դեղուճարս,
պերճախոսիկ ղունղունակս, գրաբարս,
սիրամուղս, սիրացնցուղ սիրահարս,
ինձ շուլալիկ անքակտելի կցակարս,
դոնորիկս, խթանիկս, ջրատարս,
ջա՛ն, իմպըրտնի բեյբի յարս,
բերկրաբույրիկ մինուճարս,
հալալ հախ ու եկամուտս,
կապիտալս, տոկոսատու շահույթ զուտս,
նեղ վիճակին՝ պահեստային ետնադուռս,
լենությանս՝ շռայլական ու բուռ-բուռս,
վարար ջուրս,
դառը դատած իստակ փայս,
սուղ վաստակս,
շիտակ թայս,
ենթակայիս կցորդ բայս,
ուրախ երգս, նայնիկ-նայս,
կում-կումիկ ու ուխ-ուխայս,
կենակցորդ առընթերս,
քիփս, կիցս, թասընկերս,
սրտալիցս, սրտաշեֆս, սրտակերս,
հակիրճ բեռս,
հեռը տնից՝ խնդրի ձեռս,
ինձ հավելորդ լրացնողս,
բաժանորդս, թղթակիցս, ընթերցողս,
խմբագիր ու զսպանակս, տենդադողս,
սրտիս վետո, կապ դնողս,
հազարան հավք, երգափթթիկ հուռթի
բերքս,
ուռա-ուռաս, չեմպիոնս, սուպերաստղս,
թույն պատկերքս,
բոլորեքյան, տոննայական տիեզերքս,
ունիվերսալ ամեն ինչս, գերտարերքս,
էլ ո՞նց ասեմ, չի վերջանում բառմթերքս,
ախ, չի ընկնում զոռածնիկ այս ընկերքս,
հիսուն տողում տեղադոփիկ՝ բուքսավատ
է անում հեւքս,
մի նեղանա, սիրհարինք եմ, կտրի երգս։