Հայտնի է, որ բուհական ընդունելության պետական կենտրոնացված քննությունները մեր մատաղ սերնդին քիչ թե շատ կրթելու, գիտելիք տալու, թերեւս, վերջին լծակն են։ Այդ է վկայում այն փաստը, որ բուհ չդիմող երիտասարդության շրջանում սկսել է տարածում գտնել անգրագիտության երեւույթը։
Նույնիսկ խնդիր է դրվում անգրագետ զորակոչիկների համար բանակում լիկկայաններ ստեղծել, որ անկախ Հայաստանի խրոխտ զավակները գոնե իրենց անուն- ազգանունները գրել սովորեն։
Հայտնի է նաեւ, որ երբ ընդունելության քննությունների նկատմամբ առանձնահատուկ պետական հսկողությունն ու գերմարդկային ճիգերը թուլանում են, նույնիսկ այդ պատնեշը շրջանցելով՝ բուհ է ներթափանցում անգրագիտությունը։
Այս իրավիճակում Կրթության եւ գիտության նախարարությունը փոխանակ ճար գտնի կանխելու բուհ չդիմող զանգվածի համատարած դարձող անգրագիտությունը, թուլացնում է բուհ դիմող զանգվածին կրթվել հարկադրող միակ լծակը։
Կարդացեք նաև
Այս անբացատրելի թվացող գործելակերպի շրջանակների մասին միայն ենթադրություններ կարելի էր անել, եթե չլիներ մի ակամա խոստովանություն։
«Կրթություն» թերթի մի հրապարակման համաձայն՝ ԿԳ նախարարությունը հաշվարկել է, որ դիմորդները մեկ տարվա ընթացքում կրկնուսույցներին վճարում են մոտ 6 միլիոն դոլար (իհարկե, կարելի էր այս գումարը ՀՀ արժույթով արտահայտել, եւ կստացվեր մի շատ ավելի տպավորիչ աստղաբաշխական թիվ՝ 3 միլարդ դրամ)։ Ըստ ԿԳ «մասնագետների», եթե այդ գումարը մտներ դպրոց, ապա կհաջողվեր ուսուցիչների աշխատավարձը կրկնակի բարձրացնել։ Ահավոր խորաթափանց եւ ճշգրիտ հաշվարկ։
Եվ ահա մասնագետները գտել են այդ գումարը դպրոց «մտցնելու», դպրոցը ոտքի կանգնեցնելու մեխանիզմը։ Դա բուհական ընդունելության քննությունները դպրոցի ավարտական քննություններին նույնացնելու ճանապարհն է։
Եթե կենտրոնացված համեմատաբար արդար քննությունները (ինչպես, օրինակ՝ նախանցած տարի) դիմորդներին ստիպում էին տասը ամիս շարունակ լարված պարապել (վճարովի, իհարկե)՝ լրացնելու համար դպրոցի չտված գիտելիքները, ապա արդյունքում կրկնուսույցները իրենց թափած արյուն-քրտինքի դիմաց վաստակում էին զգալի գումարներ։ Բայց շատ ավելի արժեքավոր էին դիմորդների ձեռք բերած գիտելիքները։
Նոր կարգով՝ չի լինի կենտրոնացված այն հսկողությունը, որը ստիպում էր քննական գնահատական վաստակելու միակ երաշխիք համարել գիտելիքը՝ թեկուզ կրկնուսույցից ստացած։ Իսկ դպրոցներում հնարավոր կլինի ընդամենը 30-50 հազար դրամով բավական բարձր թվանշաններ (նույնիսկ՝ 20) գնել։ Այդ դեպքում էլ ո՞վ է գժվել հնգապատիկը վճարելով՝ երեխային տանջել, թե ինչ է՝ պիտի պարապի ու «բան սովորի»։ Այն, ինչ կարելի է հեշտ ու էժան ճանապարհով ձեռք բերել, ինչո՞ւ տանջանքի գնով ստանալ։ Իսկ ռեպետիտորները թող սոված մնան, գնան՝ դպրոցներում դասատու աշխատեն։ Նրանց աշխատած փողերն էլ… իսկապես, ի՞նչ կլինեն այդ փողերը։
Դրանց մի մասը (ամենաշատը՝ մեկ հինգերորդը) կմտնի դպրոցների տնօրենների, կրթության բաժինների պատասխանատու աշխատողների գրպանը (իհարկե՝ ձախ ճանապարհով)։ Մի ավելի փոքր մասը (հազիվ մեկ տասներորդը) կվաստակեն ուսուցիչները՝ արտաժամյա պարապմունքների (էժան եւ անորակ ռեպետիտորության) միջոցով։ Մնացած մեծագույն մասը կմնա որպես ծնողների խնայողություն։ Պետությունը չի կարողանում դպրոցին օրինական վարձատրություն ապահովել, ստիպված՝ ձախ եկամտի ճանապարհ է բացում արտաքուստ՝ կրկնուսուցման, իրականում՝ ինչի՞ հաշվին։
Այո, ծնողները գումար կխնայեն։ Կրկնուսույցները կզրկվեն վաստակից։ Իսկ դիմորդները կզրկվեն գիտելիք ձեռք բերելու առիթից։ Արդյունքում՝ բուհ կընդունվեն կիսագրագետներ եւ նույնիսկ անգրագետներ՝ կործանելով նաեւ բարձրագույն կրթության համակարգը։ Եվ բուհերն անզոր կլինեն այս ժանտախտի դեմ։ Մինչդեռ այս վերջին տարիներին որոշ առարկաների (օրինակ՝ անգլերենի) գծով դիմորդները ձեռք էին բերում նույնիսկ երկրորդ-երրորդ կուրսերի մակարդակի գիտելիքներ։
Ահա այսպես կքանդվի, կավերվի, կոչնչանա դիմորդին գիտելիք պարտադրելու մի մեխանիզմ։ Իսկ փոխարենը ոչ մի համարժեք բան չի դրվի։
Ավերելը դյուրին է։ Կառուցելն է դժվար։ Դե, մենք էլ զբաղված ենք առայժմ միայն քանդելով։ Ուրեմն, կորչի կրկնուսուցման ինստիտուտը։ Կեցցեն անգրագիտությունն ու կաշառակերությունը։
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ