Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ» ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մարտ 20,1999 00:00
Artak Zeynalyan

ՀՀ առողջապահության նախարարությունում դեռեւս նախկին նախարարի օրոք սկսված կառուցվածքային փոփոխությունները հանգեցրին ուժային նախարարությունների հետ կապերի եւ արտակարգ իրավիճակներում հատուկ ծրագրերի հարցերով փոխնախարարի պաշտոնի ստեղծման։ Այն, որ առողջապահության հարցերում անհրաժեշտ է «հատուկ» կապ ստեղծել ուժայինների հետ, «Արմենիկում»-ից հետո առանձնապես զարմանալի չի թվում։

Սակայն շարունակում է «գայթակղիչ» մնալ գոնե որպես թեմա՝ լրագրողների համար։ Այս մասին է հարցազրույցը փոխնախարար Արտակ Զեյնալյանի հետ։

– Ձեր իրավասության հարցերի ձեւակերպմամբ կարծես անվերապահորեն ընդունվում է այն, որ մինչ այժմ այս հարցերի լուծման համար խոչընդոտներ են եղել։ Այժմ դուք կոչված եք դրանք վերահսկելու։

– Ճշտենք, ոչ անվերապահորեն։ Այդպես կոշտ է ասված։ Ես ոչ թե հսկում եմ, այլ՝ կոորդինացնում։ Ուժային կառույցները՝ Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների վարչությունը եւ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը, անկախ են, եւ դրանք, ի թիվս այլ ստորաբաժանումների, ունեն նաեւ բժշկական ծառայություններ։ Վերջիններս խիստ կարիք ունեն համակարգման ավելի մեծ օղակի՝ առողջապահության նախարարության խնդիրների հետ։ Սա է պատճառը, որ անհրաժեշտություն եղավ փոխնախարարի մակարդակով ստեղծել այդ չորս-հինգ ստորաբաժանումների աշխատանքը համակարգող նման օղակ։ Դա անհրաժեշտ է ամբողջ հանրապետության առողջապահությունը ներդաշնակ պահելու համար։

– Կարելի՞ է ենթադրել, որ մինչեւ ձեր փոխնախարար լինելը այդ առանձին ստորաբաժանումներից ամեն մեկն իր գործը չի կատարել։

– Ես հասկանում եմ ձեզ՝ լրագրողներիդ, բայց եւ այնպես։ Բոլորովին տեղը չէ նման կտրուկ հարցապնդումներ անելու։ Յուրաքանչյուր օղակ իր խնդիրը կատարել է, հասել է որոշակի մակարդակի։ Բայց որպեսզի այդ մակարդակն ավելի բարձրանար, կարիք կար, որ այդ ամենը համակարգվեր։ Ընդամենն այդ պատճառով։ Ինչ վերաբերում է ազատամարտիկների բուժման խնդիրներին։ Այդ պրոբլեմը մինչեւ իմ փոխնախարար դառնալն էլ եղել է եւ լուծում ստացել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվել էր նախագահական հանձնաժողով, որը համակարգում էր զինհաշմանդամների (այն ժամանակ՝ վիրավոր եւ հաշմանդամ ազատամարտիկների) բուժման հարցերը։ Հանձնաժողովը լուծում էր այն ազատամարտիկների բուժման հարցերը, որը հնարավոր չէր կազմակերպել Հայաստանում։ Այնուհետեւ այդպիսի հանձնաժողով ստեղծելը դարձավ ավանդույթ։ Եվ Ռոբերտ Քոչարյանն այն թարմացրեց։ Հանձնաժողովը շարունակում է գործել։ Ավելի մոտ կանգնած լինելով այդ խնդիրներին՝ ես ղեկավարում եմ այն աշխատանքային խումբը, որը նախագահական հանձնաժողովին ներկայացվելիք նյութերն է պատրաստում։ Այդ շրջանակներում վերջին 6-7 ամիսներին հարյուրավոր զինհաշմանդամներ բուժում են ստացել Հայաստանում, երեքը՝ Շվեյցարիայում, 4-ը՝ շուտով կմեկնի Ուկրանիա։

– Ո՞րն է զինհաշմանդամներին ցույց տրվող օգնության առաջնային խնդիրը։

– Մեր ունեցած նյութական հնարավորությունները թույլ են տալիս շեշտը դնել առողջության վերականգնման եւ պահպանման վրա։ Եթե հնարավորություն է ստեղծվում, կատարվում է նաեւ զինհաշմանդամների ինտեգրումը հասարակությանը, հոգեբանական վերականգնումը։

– Եղե՞լ են դեպքեր, երբ լուծվել է որեւէ զինհաշմանդամի աշխատանքի հարցը։

– Իմ պաշտոնը նման հնարավորություն չունի, բայց հասարակական գործունեությամբ (որպես երկրապահ) նպաստել եմ այն բանին, որ պատերազմի մասնակից տղաները ձեռք բերեն աշխատանք՝ հոգալու իրենց խնդիրները։ ԵԿՄ-ի միջնորդությամբ մի քանիսն ընդունվել են աշխատանքի տարբեր կառույցներում։

– Գործատուները հեշտությա՞մբ են աշխատանքի ընդունում հաշմանդամներին. ի վերջո, նրանց նկատմամբ որոշակի պարտավորություններ են ստանձնում։

– Օրենքով ամրագրված է, որ հաշմանդամ աշխատող ունենալու դեպքում գործատուի հարկերը թեթեւանում են։ Դա մեծ բան չէ, բայց…

– Երբ ԵԿՄ-ի միջնորդությամբ որեւէ գործատու հաշմանդամի աշխատանքի է վերցնում, դա պայմանավորված չէ՞ նրանով, որ միջնորդել են երկրապահները եւ ոչ, ասենք, համալսարանական կրթությամբ կանայք։

– Եթե համապատասխան կրթությամբ կանայք գործատուի մոտ միջնորդեն հաշմանդամին աշխատանքի վերցնելու համար, ապա գործատուն նույն սիրով, նույն պատրաստակամությամբ, կարծում եմ, կընդուներ միջնորդությունը։

– Դուք ի՞նչ գիտեք, դուք գործատու չեք։

– Ես ենթադրում եմ։ Ավելի ճիշտ դա համոզմունք է, ոչ ենթադրություն։ Ուղղակի ԵԿՄ-ն ավելի կուռ կառույց է, ավելի շատ է իր մեջ պատերազմի մասնակիցների ընդգրկում, ուսումնասիրում է նրանց խնդիրները եւ միջնորդում ոչ միայն ԵԿՄ-ի անդամների, այլեւ իրեն դիմած այլ ազատամարտիկների համար։

– Միայն պատերազմում հաշմվածներո՞վ եք զբաղվում, թե՞ նաեւ զինծառայության ժամանակ վիրավորվածներով։

– Զբաղվում ենք նաեւ քաղաքացիական համակարգում զինծառայողների բուժմամբ։ Մինչեւ այժմ հոսպիտալներում բացակայող բժշկական ծառայությունները բացառության կարգով տեղադրվել են քաղաքացիական համակարգի պետպատվերում։ Այսուհետեւ լինելու է փոխհատուցմամբ։ Փոխհատուցելու են ուժային նախարարությունները։ Դա ամրագրված է օրենքով եւ կատարման կարգի մասին կառավարության որոշմամբ։ Այժմ աշխատում ենք դրա մեթոդական ցուցումների վրա։

– Բավարա՞ր է արդյոք այն օրենսդրական դաշտը, որում գործում եք։

– Օրենսդրական ակտերի կարիք շատ կա, նորմալ գործունեության համար անհրաժեշտ օրենքների չնչին մասն է ընդունվել։ ԱԺ-ի կողմից մեր ոլորտի հետ կապված՝ անհրաժեշտ են արյան եւ դոնորության մասին, օրգանների փոխպատվաստման, պետական ծառայողի մասին օրենքների, առողջապահության հայեցակարգի մշակում եւ ընդունում։ Ես օրենքների անուններ չեմ տալիս, այլ նշում եմ միայն դրանց բովանդակությունը։

– Որեւէ հարց փակուղի մտե՞լ է այդ պատճառով։

– Առիթներ եղել են՝ օրգանների փոխպատվաստման հետ կապված։ Հայաստանի վիրաբուժությունը թույլ է տալիս տեսականորեն եւ գործնականորեն փոխպատվաստում կատարել։ Սակայն, հիմնական օրենքի բացակայության պատճառով, հնարավոր չէ ստեղծել արյան, ներքին օրգանների, հյուսվածքների բանկ։ Անհրաժեշտ է կանոնակարգել նաեւ արտակարգ իրավիճակներում դրանց օգտագործման խնդիրները։ Այժմ հնարավորինս խոչընդոտում են արյան միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածմանը, բայց այդ ամենի հետեւում պիտի օրենք լինի կանգնած։ Շատ խնդիրների լուծում դարձել է անձնավորված։

Քանի դեռ պետական ծառայողը, չինովնիկը օրենքով պաշտպանված չէ, դա կարող է բերել (մեղմ ասած) եւ բերում է չարաշահումների. մարդիկ վստահ չեն, որ վաղն այդ պաշտոնում կլինեն։ Նույնիսկ երիտասարդ պաշտոնյաները, եթե իմանան, որ իրենք պաշտպանված են, կարող են մի քանի տարի համբերել, այդ ժամանակը իրենք ունեն, որ աշխատավարձը կբարձրանա, վիճակը կլավանա։ Դրանով չարաշահումները պետք է որ պակասեն։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031