Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր «մաքուր քաշը»

Մարտ 20,1999 00:00
qash

Երեւանյան շուկաներում մի բավական հետաքրքիր երեւույթ կա, որը, թերեւս, աշխարհի որեւէ այլ երկրում անհնարին է։ «Դախլաների» վրա դրված կշեռքին գրվում է «մաքուր քաշ»։

Այսինքն՝ դա նշանակում է, որ եթե դուք ուզում եք գնել 1 կգ միս կամ պանիր, ապա վաճառողը խոստանում է ձեզ չխաբել եւ մեկ կիլոգրամի փոխարեն չտալ 700 կամ 750 գրամ միս կամ պանիր։ «Մաքուր քաշ» գրված «դախլաներում» նույն մթերքը 10-15 տոկոսով ավելի թանկ է, քան հարեւանների մոտ։ Փաստորեն, «մաքուր քաշ» գրողները մեղադրում են իրենց հարեւան վաճառողներին խաբեբայության մեջ, ինչն, ի դեպ, գործող բոլոր օրենսգրքերով քրեորեն պատժելի արարք է։

Ի դեպ, հետաքրքիր է, որ եթե կշեռքին նույնիսկ գրված է «մաքուր քաշ», դա ամենեւին էլ չի պարտադրում վաճառողին ձեզ չխաբել։ Եվ սա սկսում է ընկալվել որպես գովազդային ցուցանակ, ինչն էլ մի թեթեւ բարձրացնում է տվյալ ապրանքի գինը։ 10-15 տոկոսի չափով ավել վճարվող գումարը պարզապես մեր վճարած վարձն է մեզ չխաբելու համար։ Թերեւս, սա է պատճառը, որ աշխարհի որեւէ այլ երկրում նման ցուցանակներն անհնարին են։ Ոչ մի այլ ազգ թույլ չի տա իրեն խաբել բացեիբաց, եւ դեռ մի բան էլ՝ «մեղմ խաբելու համար» վարձ պահանջել։

Քանի որ մենք վաղուց արդեն թեւակոխել ենք շուկայական հարաբերությունների փուլը, ապա շուկայի այս օրենքը մուտք է գործել կյանքի մյուս բնագավառներ եւս, այդ թվում՝ քաղաքականություն։ Խոսքն, իհարկե, անցած եւ սպասվող ընտրությունների մասին է։ Իշխանության տարբեր մարմիններ օրնիբուն հայտարարում են «ազատ, արդար, թափանցիկ» ընտրությունների մասին, իրենք էլ փայլուն գիտակցելով, որ այն լինելու է խիստ հարաբերական, եւ միեւնույն է՝ վերոնշյալ կարգախոսի տակ այնպիսի խարդախություններ են լինելու, որոնց մասին նույնիսկ գեներալ Այդիդը Ռուանդայի ընտրություններում կերազեր։

Խոսքն ավելի պարզեցնելու համար բերենք տեղական օրինակը. «ազատ, արդար, թափանցիկ» բղավող պետական այրերը փայլուն հասկանում են, որ արդար ընտրությունների դեպքում ապագա խորհրդարանը գրեթե ամբողջությամբ ձեւավորված է լինելու Կարեն Դեմիրճյանի կողմնակիցներով։ Եվ միաժամանակ նրանք փայլուն հասկանում են, որ իրենք դա երբեք թույլ չեն տալու։ Այսինքն՝ «ազատ, արդար, թափանցիկն» ընդամենը մեր ընտրությունների վրա գրված «մաքուր քաշն» է լինելու։ Ասել է, թե՝ այս կարգախոսի տակ մենք պետք է հասկանանք, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, ՀԺԿ-ին, ԱԺՄ-ին եւ մյուս ընդդիմադիր ուժերին թույլ է տրվելու մի քանի տեղ զբաղեցնել ապագա խորհրդարանում, որպեսզի գոնե թվացյալ «արդար» ընտրության տեսք ապահովվի։ Մի խոսքով, մենք ենք՝ մեր կշեռքը։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031