Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՎԱ ՄԵԽԸ, ՕՐՎԱ ԳՈՌԳՈՌՈՑԸ, ՕՐՎԱ ՀՅՈՒԹԸ

Մարտ 20,1999 00:00
Babken Ararktsyan

Երկու օր առաջ քաղաքական թեմաներով բանավեճի ամբողջ ընթացքում ՀՀՇ վարչության անդամ, խորհրդարանի «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանը, «ծխե՜ց-ծխե՜ց, մինչեւ վերջ» (մեջբերումը «Առավոտի» մարտի 19-ի համարից), իսկ երեկ, «Օրագիր» օրաթերթի հյուրասրահում նույն ինքը՝ Բաբկեն Արարքցյանը, խոսե՜ց-խոսե՜ց մինչեւ վերջ (առանց ծխելը դադարեցնելու)։

Պարոն Արարքցյանը հանդիպման էր եկել հավուր պատշաճի՝ իրենց խմբակցության հայտարարության, ինչպես նաեւ ՀՀՇ-ի 11-րդ համագումարի հայտարարության բազմացրած օրինակներով։ Խոսակցության թեման ընտրական օրենսգիրքն էր եւ խորհրդարանական առաջիկա ընտրությունները։ «Այն, ինչ կատարվեց ընտրական օրենսգրքի հետ», բոլորովին անելու բան չէր, քանի որ «ի սկզբանե պարզ էր, որ շտկումներ չանելու դեպքում, առաջիկա խորհրդարանական ընտրությունները չեն կարող օրինական համարվել»։ Այդ դեպքում (հարցը ինքնըստինքյան է ծնվում, առանց մտքի փայլատակման) ինչո՞ւ է ՀՀՇ-ն պատրաստվում առաջիկա «անօրինական» ընտրություններին։ Պատասխանը վաղուց ծնված էր ու փայփայված. «Սա կարեւոր հարց է, քանի որ մենք արձանագրում ենք, որ օրենքն ապօրինի է ընդունված, այդ է պատճառը նաեւ, որ այսօր քաղաքական շրջանակներում քննարկվում է ընտրությունները բոյկոտելու հարցը»։ Այնուհետեւ ասվեց, թե իրենք ընտրություններից 10-15 օր առաջ կհրապարակեն նոր խորհրդարանի կազմը եւ դա կլինի (գուցե մի 5 տոկոսի տարբերությամբ) անօրինական ընտրությունների արդյունքը։

Այլ կուսակցությունների հետ ՀՀՇ-ի համախմբման վերաբերյալ հարցը պարզեցնելիս, թե տվյալ համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի, եթե այն կայանա գաղափարապես մոտ ուժերի միջեւ՝ իբրեւ հնարավոր այդպիսին տրվեցին «21-րդ դար», ՌԱ(ԼԴ)Կ, «Հայրենիք» եւ այլ անուններ. «բոլոր այն ուժերը, որոնք աջ կենտրոնական են»։ Իսկ ԱԺՄ-ն կարող է այս համախմբման վրա հույս չդնել, քանի որ այն ըստ պարոն Արարքցյանի՝ «աջ ռադիկալ» է։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների հնարավոր բոյկոտումը ՀՀՇ-ի կողմից արդյո՞ք գլոբալ պարտությունից խուսափելու ձեւ չէ։ Արարքցյանի կարծիքով ամեն ինչ կարելի է մեկնաբանել, «բայց պարզ է, որ այսօր ՀՀՇ-ի շուրջը ստեղծվում է փսիխոզի մթնոլորտ… եւ սա շատ նման է 37 թվի մթնոլորտին»։

Հենց այս մտքերի ծավալման ընթացքում հարայ-հրոցն ընկավ։ Մի խումբ կանայք գրեթե կոտրում էին խմբագրության պատուհանները, գոռում էին ու «Էդ Արարքցյանին, էն Լեւոնին» արդեն ծանոթ բառապաշարով վերլուծում։ Պարզվեց, որ կանայք Արցախում զոհված զինվորների մայրերն էին, ովքեր եկել էին թերթի խմբագրություն այլ բողոքով, սակայն իմանալով, որ Բաբկեն Արարքցյանը ներսում է, իրենց ամբողջ վիշտն ու բողոքը թափում էին այդ գլխին։ Պարոն Արարքցյանն ուզեց դուրս գալ-խոսել, սակայն հարմար համարվեց կանանց ներս հրավիրելը։ Վրեժի, վշտի ու ցավի յուրօրինակ դրսեւորումից հետո կանայք հեռացան։ Աղմուկը վաղուց դադարել էր, հանդիպումը մտել էր իր սովորական հունը, երբ «կարմիրները» եկան։ Սակայն պարոն Արարքցյանը բարձրաձայն չհիշեց «моя милиция меня бережет» տողերը։ Թե մտքումն ինչ հիշեց, չիմացանք, սակայն արտաքին քաղաքականության ոչ այնքան նոր կոնցեպցիան ներկայացրեց. «Մենք փորձում էինք նորմալ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի։ Բայց այսօր քաղաքականությունն այլ է… Խնդիրները կարող են այնպիսի անսպասելի լուծումներ ստանալ, որ չենք էլ կարող պատկերացնել»։

ՀՀՇ վարչության նախագահի թեկնածուն, որը 12 ձայն էր հավաքել, ի հակակշիռ Սիրադեղյանի հավաքած 22 ձայնի, իր չընտրվելը բացատրեց. «անձերի հակամարտություն չկար, կար տեսակետների, գաղափարների տարբերություն»։ Բաբկեն Արարքցյանի կարծիքով կուսակցությունը չի կարող հեռակա ձեւով ղեկավարվել։ Տեղնուտեղն էլ բացահայտվեց, որ սառեցումները (այս դեպքում՝ աշխատանքների եւ ոչ թե անդամության) հատուկ են նաեւ ՀՀՇ-ին։ Հանդիպման վերջում պարոն Արարքցյանը մաթեմատիկական ճշգրտությամբ բացատրեց, թե ինչպես է կարելի «ղեկավարել կուսակցությունների հավաքած ձայները»։ Մինչ թվերի լեզվով բացատրվում էր ընտրությունների արդյունքների, մեղմ ասած, կոպիտ խախտումների ձեւերը, «Առավոտի»՝ բնական ճանապարհով ծնված հարցը ինքն իրեն հնչեց. «Ձեր ժամանակ հաճա՞խ եք օգտագործել մաթեմատիկական այդ գործողությունը»։ Պարոն Արարքցյանը չժխտեց իհարկե (ախր ո՞նց ժխտեր անժխտելին), որ իրենց ժամանակ էլ խախտումներ լինում էին, բայց դրանք երեւի իրենց աչքում խախտումիկներ էին։ Սակայն այսօր, այս «մոնստր» կուսակցությունների եւ «անօրինական» ընտրական օրենսգրքի պայմաններում խոշո՜ր թվերով գործողություններ կլինեն։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031