Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բեմի մեծ կորուստը

Մարտ 20,1999 00:00
Paruyr Hayrikyan

Թեպետ վաղուց արդեն համաշխարհային թատերարվեստը նախընտրում է պարզ, հանդարտ ոճը, սակայն որոշ բեմադրիչներ դեռեւս նախապատվությունը տալիս են խորհրդային պաթետիկ ոճին։ Դրա վառ ապացույցն է մարտի 19-ի ԻՄ «ասուլիսը»։

Կոնֆերանսիեի դերում հանդես եկող ԻՄ դիվանի փոխխոսնակ Նորայր Խանզադյանը նախ ներկայացրեց ԻՄ պատասխանատու քարտուղար Սուսաննա Զորանյանին, ապա նրա «ապառաժ ժայթքող» ելույթից հետո՝ զգուշացրեց մեր ու իրենց զբաղվածության մասին։ Սուսաննա Զորանյանի կատարողական արվեստից ցնցված լրագրողներս «շանթահարվածի» նման վեր թռանք, ԻՄ պատասխանատուների ձեռքից «թռցրեցինք» «նշխարքի» նման հայտարարությունը, որը քիչ առաջ այդքան պաթոսով մեզ հրամցրել էր Սուսաննա Զորանյանը։ Քանի որ ամենաքիչը պետք է Հենրիկ Հովհաննիսյան լինեմ, որպեսզի կարողանամ ընթերցողին հաղորդել Սուսաննա Զորանյանի կատարողական արվեստի ու արտիստական կարողության ողջ հմայքը՝ մի նախադասությունով ասեմ, որ հայտարարությունը ԻՄ-ի պատասխանն էր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին։

«Сам дурак»,- ասում է Պարույր Հայրիկյանը Վազգեն Մանուկյանին

«Պրն Մանուկյանն, իհարկե, ավելի քան աշխարհում որեւէ մեկը, հասկանում է, որ այստեղ մենք միայն մի քանի հարցերի մասին խոսեցինք, որովհետեւ տարրական պարկեշտությունը (սա իր սիրած բառն է) պահանջում է չայրել կամուրջները նրանց հետ, ովքեր կարող են հայտնվել նույն գնացքում։

Թե՞ պրն Մանուկյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ գնացքից թռչելը ճիշտ բան է։

Մենք առանց ԱԺՄ-ի եղել ու գործել ենք 1987 թվականից եւ «ճանապարհ ենք հարթել ՀՀՇ-ի» (Լեւոն Տեր-Պետրոսյան), նաեւ ՀՀՇ-ից ծնված ԱԺՄ-ի համար։ ԱԺՄ-ն առանց մեզ գործելու դժբախտությունը կամ երջանկությունը դեռ չի ունեցել եւ երեւի թե չի էլ ունենա։

Անկեղծ ասած, մենք չենք էլ պատկերացնում, թե ինչ բնույթի դաշինք կարող էինք ստեղծել մի դեպքում որպես ընդգծված սոցիալիստներ, մեկ այլ դեպքում՝ որպես մոլի հեղափոխականներ հանդես եկող, սակայն իրենց աջակողմյան համարող ԱԺՄ-ականների հետ։

Բայց որպես ժողովրդավարության ճշմարիտ հետեւորդներ չէինք կարող մեզ թույլ տալ անտեսել ժողովրդի մի ստվար մասի (հատկապես չկողմնորոշվածների) կողմից արտահայտվող ԱԺՄ-ԱԻՄ միասնություն տեսնելու ցանկությունը»,- ասված է հայտարարությունում, որն, ի դեպ, կարող էին ֆաքսով ուղարկել։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031