Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԵՍ ՈՍԿԵԲԵՐԱՆ

Մարտ 20,1999 00:00
Gexamyan

«Մեր հող ու ջրի վրա արդարությունը պետք է հաղթի։ Ընտրությունները կռիվ են խոշտանգողների եւ խոշտանգվողների, անարգյալների ու անարգողների, կեղեքյալների ու կեղեքիչների, նվաստյալների ու նվաստացնողների միջեւ»,- «անոնք միս են, մենք՝ բանջարեղեն» տոնով երեկ ասաց ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Իր ճարտասանության ցուցադրման առիթը ՍԻՄ-ի եւ «Ազգային միաբանության» դաշինքը հրապարակայնացնելն էր։

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում»

Նա իր մտքերի շարադրումը սկսում էր «ինչպես «Աստվածաշնչում» է ասված» նախաբանով ու 13-րդ առաքյալին վայել ձայնով բարբառում. «Օտար ամայի երկնքի տակ դեգերած մեր բարեկամների միջոցներով է ապրում մեր ժողովուրդը։ (…) Մեզանից ոչ ոք արյան ծարավ չէ. արդարության ծարավ ենք։ Մինչդեռ շուրջ 3 տասնյակ ՀՀՇ պարագլուխների արատավոր աշխատանքի արդյունքում 1 մլն-ից ավել հայեր իրենց աղավնաբներից (՞) գնացել են։ Եվ նրանք (ՀՀՇ շուրջ 3 տասնյակ պարագլուխները- Լ. Ա.) ծնկաչոք պետք է աղերսեն ժողովրդի ներողամտությունը»։ Ժամանակակից Ցիցերոնը խնդրեց, որ իրեն միստիկայի մեջ չմեղադրեն. «Բայց պատահական չէ, որ թե՛ Նոյն է փրկվել Արարատի վրա, թե՛ ՍՊԻԴ-ի դեղն է Հայաստանում հայտնագործվել»։

Հրանտ Ոսկեձեռիկ

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը ճշտեց, որ համամասնական ցուցակը գլխավորում են Արտաշես Գեղամյանը, Հրանտ Խաչատրյանը, Հայկ Բաբուխանյանը։ Նախապես ՍԻՄ-ը բանակցությունների է գնացել ԳիԱրՔՄի-ի եւ Դեմկուսի հետ, բայց վերջիններս մինչ օրս մի միասնական բլոկով հանդես գալու ցանկության մասին լռում են։ «Առավոտին» հասած տվյալներով՝ ԳիԱրՔՄի-ն հրաժարվել է միանալ բլոկին, սակայն Արտաշես Գեղամյանը նման ինֆորմացիա չուներ. «ԳիԱրՔՄի-ն չէր կողմնորոշվում՝ ցուցակում առաջնությունը ում տալ։ (…) Խնդիրն այն է, որ խորհրդարանում ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնք արատավորված չեն նախորդ վարչակազմի հետ իրենց հանցավոր համագործակցությամբ։ (…) Եթե ԳիԱրՔՄի-ից ընտրվեն ԱԺ-ում, «միաբանությունից»՝ ոչ, դա միեւնույն է, մեր հաղթանակն է»։

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՍԻՄ-ն ու «միաբանությունը» հետագայում դառնան մեկ կուսակցություն, պրն Գեղամյանն ասաց. «Ես ոչ մի անհնար բան չեմ տեսնում։ Ախր ճշմարտության ծարավը ո՞նց կարող ա մյուս ճշմարտության ծարավի հետ գաղափարախոսական տարաձայնություն առաջացնի»։ Լրագրողներից մեկի հարցին, թե Ղարաբաղի «հայտնի ուժերը՝ ուժային կառույցները» կսատարե՞ն ՍԻՄ-ին, պրն Խաչատրյանը փոքր-ինչ ընդհանուր պատասխան տվեց. «…Մենք մեծ հեղինակություն ենք ձեռք բերել Արցախում ու Հայաստանում։ Մնում է սպասել, որ Հայաստանում մի օր հեղինակությունը կարող է որեւէ արժեք ունենալ»։

Քիչ անց, խոսքը դարձյալ իր ձեռքը վերցրեց պրն Գեղամյանը. «Պատկերացրեք, գործը հասել է նրան, որ հպարտ հայը, երբ հյուր էինք ունենում դրսից, տնից տուն էինք փախցնում, որ հյուրասիրեինք։ Հիմա էդ նույն հայը, նույն աշխատավորն այսօր ճանապարհը փակում է եւ պաստառի վրա գրում. «Մենք քաղցած ենք։ Մինչեւ ոգու թռիչք չունենանք, դուրս չենք գա այս ճիրաններից»։ Հետո շարունակեց. «Մի՛ մոռացեք, որ թոհուբոհի տարիներին, երկրաշարժի ժամանակ պանելի տակից դուրս էր գալիս, հարցնում էր՝ «Արցախն ի՜նչ եղավ»։ Արդարությո՛ւն էր տեսնում դրա մեջ։ Չէ՛ր հարցնում՝ ոտքը կոտրված էր, գիպսի մեջ դրած՝ «Արցախն ի՜նչ եղավ»։

Թեեւ մի քիչ դժվար էր պատկերացնել, որ պանելի տակից ինչ-որ մեկը կարող է դուրս գալ՝ այդ հարցը շուրթերին, բայց թերեւս պրն Գեղամյանը փրկողների մեջ է եղել եւ նման դեպքի ականատեսը։ Պրն Գեղամյանի աստվածաշնչյան մեկնաբանությունները ազդել էին նաեւ պրն Խաչատրյանի վրա։ Նա էլ երկնքի ցասմանը դատապարտեց այն ուժերին, որոնք «խոչընդոտել են մեզ զուտ արդարության դիրքերից մեր հանդես գալու համար։ Նրանք պատժվել են ոչ թե մեր, այլ արդարության պահապան ավելի վեհ ուժերի կողմից»։

«Դարձյալ դիմելու եմ «Աստվածաշնչին»,- դարձյալ «Աստվածաշնչին» դիմեց Արտաշես Գեղամյանը,- այնտեղ հայտնի պատմություն կա՝ խաղողագործի մասին. վերջինները կլինեն առաջիններ, եւ առաջինները կլինեն վերջիններ, եւ չկա մեր մեջ ընտրյալ։ Մեր խնդիրն է՝ լինել ընտրյալ՝ ժողովրդի կողմից։ Ընտրյալ լինելու համար անհրաժեշտ չէ քաղաքական ընդդիմախոսիդ վատաբանել։ Վարած քաղաքականությունը կարող ես քննադատել, բայց ոչ անձին»։ Այս քրիստոնեական կոչին մի քիչ հակասում էր հաջորդ միտքը։ «Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀՇ երեք տասնյակ պարագլուխներին ճաղերի հետեւում տեսնելու գործընթացը»։ Նախ «խառնվեց» Հայկ Բաբուխանյանը. «Մեղադրանք է ներկայացվում ազգային դավաճանության մեջ, որից հետո ձերբակալվում են, դատ է լինում»։ «Իսկ ես,- սառը ժպտաց պրն Գեղամյանը,- ուրիշ ձեւ եմ պատկերացնում այդ, եթե արդարություն հաստատվի, այդ երեք տասնյակ մարդիկ իրենք կաղերսեն, որ հայտնվեն ճաղերի հետեւում, որ ժողովուրդը հաշվեհարդար չտեսնի»։

Մեզ իրավունք ենք վերապահում «Աստվածաշնչի» մեծն մեկնիչին հիշեցնել Ոսկե կանոնը. «Մի՛ արա ուրիշին այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031