Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑԱՐ ԼԻՍԿԱ»

Մարտ 20,1999 00:00
surik xachatryan

Գորիսեցիներն այսպես են անվանում իրենց քաղաքապետին՝ Սուրեն Խաչատրյանին։ «Լիսկա» մականվան բացատրությունը կամ աղվեսի արտաքին որոշ նմանությունն էր, կամ նրա մանկությունը. «Շատ շուստրի երեխա է եղել»։ Այնուամենայնիվ, մեծ մասը նրան «Լիցկա» է անվանում, որի մեկնաբանությունը՝ ստորեւ։

Սուրեն Խաչատրյանը «պատմական սխալ» է համարում մարզկենտրոնը Կապանը դարձնելը եւ այն Գորիս տեղափոխելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել։ Մի 10 օր առաջ էլ Գորիսի խնդիրները փաթեթով վարչապետին է փոխանցել եւ վստահ է, որ ինչպես միշտ անպատասխան չի մնա։ «Հավատացած եղեք, որ իշխանություններն, իրոք, Սյունիքն այդքան էլ շատ չեն անտեսում՝ Սյունիքի մասին մտածում են որպես կարեւոր հանգույցի,- լրագրողներին այս ամենն ասելուց հետո պրն Խաչատրյանը խնդրեց, որ նրանք էլ անդրադառնան մարզի հիմնախնդիրներին,- ինձ թվում է, երեւի դուք էլ համոզված եք, որ իշխանությունները մենակ ձեզանից են շատ վախում»:

-Դուք ԱԺ պատգամավոր եք, օրենսդրական նախաձեռնության եւ Գորիսի հիմնահարցերը խորհրդարանում արծարծելու իրավունք ունեք՝ ինչո՞ւ եք լրագրողների աջակցությանը դիմում։ Անկեղծ ասած, չեմ էլ հիշում, որ այս հինգ տարվա ընթացքում երբեւէ խոսափողին մոտեցած լինեք։

-Չեմ մոտեցել, որովհետեւ նախարարների հետ ստացվում է որոշակի խնդիրներ լուծել։ Դրա համար էլ անիմաստ եմ համարում ամբիոնից խոսելը։ Ես այսպես եմ մտածում, եթե նախարարին կամ վարչապետին դիմում ես, հարցին ընթացք են տալիս՝ էլ հելնեի ի՞նչ խոսեի։ Քաղաքական գործիչ չեմ։ Երբեւիցե չեմ ցանկանում լինել քաղաքական գործիչ։ Նախընտրական ծրագրեր չունեմ, որ միկրոֆոնով խոսեմ, ժողովուրդն ինձ լսի, վաղը-մյուս օրն էլ ընտրությունների համար օգտագործեմ այդ միկրոֆոնն ու միջոցները։ Դրանց կարիքն ու ցանկությունն ընդհանրապես չունեմ։ Ես Գորիսում երբ էլ թեկնածությունս դնեմ՝ թե՛ պատգամավորի, թե՛ քաղաքապետի պաշտոնի համար՝ 90-95 տոկոսով կընտրվեմ։ Մարդիկ ինձ վստահում, հավատում են, այդքան ձայն կտան։

-Նախապես զարմանք հայտնեցիք, թե լրագրողներն ինչու Ձեզ հոնորար չեն տալիս՝ չնայած այդքան գրեցին Ձեր մասին։ Բավական պատկառելի գումար կկազմի միայն Ձեր կառուցած առանձնատան վերաբերյալ հրապարակումների հոնորարը։

-Բայց շատ խիստ վիրավորված եմ, որ էդ հրաշալի, գեղեցիկ տունն էդքան գեշ էիք նկարել ձեր թերթում։

-Այնուամենայնիվ, այս առնչությամբ պարզաբանումների առիթ չի եղել. ի՞նչ միջոցներով եք կառուցել այդ հրաշալի առանձնատունը։

-Գիտե՞ք ինչ, ոչ մեկը մի անգամ չհարցրեց, չասաց՝ պրն Խաչատրյան կամ սիրելի Սուրիկ, 1989-91 թթ. 1 մլն ռուբլի ներդրեցիք զենքի-զինամթերքի, սահմանների պաշտպանության համար. որտեղի՞ց էդ 1 մլն ռուբլին, ո՞նց, ի՞նչ արեցիք։ Բայց ինձանից հարցնում են՝ խի՞ տուն կառուցեցիր։

-Ոչ թե ինչո՞ւ, այլ՝ ինչպե՞ս։

-Ասեմ, ես 10 տարի Ուկրաինայում եմ աշխատել։ Չեմ ուզում թաքցնել Ձեզանից. օրական իմ միջին եկամուտը 4-5 հազար ռուբլի է եղել։ Հլը չեմ հաշվում, որ օրը 10-15 հազար ռուբլի եկամուտ էլ եմ ունեցել։ Ես Ուկրաինայում սեփական պոլիկլինիկա եմ ունեցել՝ պրոտեզարան։

-Այ, Դուք ասում եք՝ պրն Խաչատրյան կամ սիրելի Սուրիկ, բայց ավելի շատ Ձեզ մականունով են դիմում։ Ինչո՞ւ են «Լիսկա» անվանում, ի՞նչ պատմություն է։

-Ինը տարեկան երեխա եմ եղել, մի մեծ մարդ ասել է՝ «Լիցքավորված է»։

-«Մականուն ունեցող մարդիկ տեղ չունեն հաջորդ խորհրդարանում»՝ ասում են դաշնակցական առաջնորդները։ Դուք վստա՞հ եք, որ 90-95%-ով կընտրվեք։

-Ես, իրոք, խնդիր չունեմ։ Եթե թեկնածությունս դնելու լինեմ՝ մինչեւ ապրիլի 5-ը ժամանակ ունեմ՝ Ձեզ կանչելու եմ, որ տեսնեք, Գորիսում ու Գորիսի տարածքում նախընտրական շտաբներ չեմ ունենալու, քարոզչություն չեմ անելու, հավատացած եղեք։ Չեմ կարող դաշնակցության կարծիքը կիսել։ Չգիտեմ, թե ինչ են ասել՝ ինչ չեն ասել, բայց չեմ կարծում, որ Հայաստանում մի հայ լինի, որ մականուն չունենա։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ,

որն առայժմ մականուն չունի, ուրեմն՝ հայ չի կամ Հայաստանում չի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031