Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ԼՍՈ՞ՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ

Մարտ 19,1999 00:00
toto

ԿԱՄ ՊԵ՞ՏՔ Է ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ

Հասարակության հիվանդության ախտորոշումը միանգամայն ճշգրիտ արտացոլում է արվեստը։ Հին հասարակարգերի պատմությունն ուսումնասիրելիս առաջնակարգ նշանակություն ունի նրա ստեղծած մշակութային արժեքների ուսումնասիրումը։

Տարիներ առաջ Հանրապետության (այն ժամանակ՝ Լենինի) անվան հրապարակում գտնվող գրախանութում երկու հաճախորդի միջեւ վիճաբանություն էր ծագել։ Վիճաբանողներից մեկը շատ ակտիվ էր, մյուսը՝ վստահ։ Երբ ակտիվն ավարտեց տեղատարափը, վստահն ասաց՝ «ժողովուրդ, դրա առած գրքերին նայեք»։

Այո, մեզանում էլ եղել է ժամանակ, երբ մարդու մասին կարելի էր պատկերացում կազմել գնած գրքերով։

Գաղտնիք չէ, որ այսօր կարդացող չենք։ Այսօր սպառող ենք։ Դա միայն մեզ չի վերաբերում՝ ամբողջ աշխարհն է այդպիսին։ Չգիտեմ ո՞րն է այդ օրինաչափության բուն պատճառը։ Որքան էլ նշենք հանգամանքները, այնուամենայնիվ, դրանց մեջ գտնվելու մեղավորը մենք ինքներս ենք։ Ինչքան էլ նշենք բոլոր այն անցանկալի երեւույթները, որոնցից ուզում ենք ազատվել, միեւնույն է, դրանց ծնողը մենք ինքներս ենք։ Հիվանդը մենք ենք։ Եվ դա պարզ երեւում է մեր «հիվանդ» արվեստի միջոցով։

Մարդն ազատ է իր «ինչ անել» ընտրության մեջ։ Մարդն ինչ ուզում՝ անում է, բացի հանցագործությունից։ Ահա սա է դեմոկրատական հասարակարգի հիմնական սկզբունքը։ Եվ ահա այստեղ, այս սկզբունքի հիմքում ընկած մի դժվարին խնդիր՝ որն է ազատություն, որը ամենաթողություն։ Այս իրավիճակում ամեն անհատ ինքն է որոշում, թե ինչ պետք է ընտրի առաջարկվածից։

Իսկ առաջարկվում է ամեն ինչ։ Ընտրություն անելն էլ շատ բաների հետ է կապված։ Գիտելիքներ, ճաշակ, միջավայր, ընտանիք, հեռուստատեսություն, ռադիո, եւ այլն, եւ այլն։

Մենք՝ հայերս, ճակատագրի բերումով, այս ամենի հետ մեկտեղ, ունենք եւս մի դժվարություն։ Սփռվելով աշխարհով մեկ, ամեն մի աշխարհամասում կրել եւ կրում ենք նաեւ դրա ազդեցությունը։

Շատ եւ տեղին խոսվում է, որ շուկան ունի իր կանոնները եւ պետք է հարմարվել դրանց։ Տնտեսության բնագավառում հարմարվելն, անկասկած, կդիտվի որպես առաջընթաց, սակայն այդ նույն հարմարվողականությունն արվեստում կարող է հանգեցնել շատ անսպասելի հետեւանքների։ Առանց այն էլ այսօրվա իրողությունն անհանդուրժող է ամեն տեսակի կողմնորոշումների նկատմամբ եւ չի ընդունում «դպրոց», «կանոն» եւ նման այլ կատեգորիաներ, քանի որ այնքան էլ լավ ծանոթ չէ դրանց, ու հասցրել է ստեղծել իր ըմբռնումներին համապատասխան կատեգորիաներ։

Հովհաննես Թումանյանի արձանի վրա հայտնված գրությունները պետք է որ տագնապ հարուցեին շատերիս մեջ։ Եվ ցավալին այն է, որ դրանց հեղինակները մեղավոր են մի բանում միայն՝ որ ստացել են ոչ լիարժեք գիտելիքներ։

Հիմա մենք ամբողջ ուժով չենք զգում դրա բացասական ազդեցությունը, քանի որ չունենք տնտեսական բավարար ծավալ եւ մակարդակ։ Այ, երբ կարողանանք վերջապես դուրս գալ երկարատեւ ճգնաժամից, այն ժամանակ բազմաթիվ բնագավառներում ամբողջ ուժգնությամբ կզգանք պրոֆեսիոնալիզմի պակասը։ Մասնագետներ բերելու ենք դրսից, թանկ գներով, քանի որ նրանք էլ եւս մեզ նման էժան աշխատուժ չեն։

Մի խոսքով, շատ լավ է լինելու։ Ինչին զարգացման նպաստներ չենք տրամադրում այսօր, վաղը ձեռք կբերենք թանկ գներով կամ կծախսենք տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի՝ խորհրդատվությունների, վերականգնման ծրագրերի եւ բուն վերականգնման համար։

ԱԴԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031