Արդարադատության նախարարությանն առընթեր նոտարական գրասենյակները մեծ ցավով եւ դժգոհությամբ «ծառայություններ» են կատարում ՀՀ սնանկացած ազգաբնակչության ծանր հոգսերն առավել ծանրացնելու համար։
ՀՀ կառավարությունն օգտվելով մենաշնորհային իրավունքից՝ սահմանել է կատարվող ծառայությունների անհամեմատ բարձր գնացուցակ, որը համարժեք է բազային տուրքի տասնապատիկին՝ 10 հազար դրամ։ Օրինակ, բնակելի շենքերը, տները եւ այլ շինություններ հավասարեցվում են փոքր տնակի կամ հողակտորի օտարման հետ, ավտոմեքենաները՝ մոտոցիկլետների, գրավի ենթակա բոլոր պայմանագրերը, անկախ նրանց մեջ արտահայտված գումարի արժեքից, որը կարող է ցածր լինել, քան պահանջվող տուրքի քանակը՝ 10 հազար դրամ։ Տրանսպորտային միջոցները տիրապետելու, օգտագործել-տնօրինելու իրավունքի լիազորագիրը (ինչպես նաեւ ընտանիքի տարբեր անդամների լիազորագիրը) «արժե» յուրաքանչյուրի համար 10 հազար դրամ, գումարած 700 դրամ՝ կատարվող ծառայության համար։ Փաստորեն, գործարքի համար պայմանագրի հաստատման ծառայության արժեքը 700 դրամ է, սակայն գանձվում է 10700 դրամ։ Սա կողոպո՞ւտ է, թե՞ տուրք։
Նմանատիպ գործելակերպով պետական այրերը ցանկանում են, հավանաբար, պետբյուջեն ավելի շատ լցնել, բայց ստացվում է հակառակը։ Օրինակ, եթե ընտանիքում երեք անձ ունի մեքենա վարելու իրավունք, ապա պարզ է, որ նրանք կգերադասեն հարաբերությունների մեջ մտնել ավտոտեսուչների հետ՝ ժամանակ առ ժամանակ, քան միանգամից վճարել 32100 դրամ, որը չունի հանրապետության բնակչության գերակշռող մասը։ Արդյունքում պետբյուջե ոչինչ չի մուտքագրվում, հակառակը՝ կաշառք է տրվում ավտոտեսուչներին։ Կա լիազորագրերի խիստ կարիք բնակչության համար, սակայն բարձր գների պատճառով դրանք անհասանելի են դառնում շատերի համար։ Նախքան վերջին օրենքի կիրարկումը՝ նոտարական գրասենյակները ծանրաբեռնված էին աշխատանքով, այժմ օրվա մեծ մասը չեն աշխատում։ Բնակչության մեծ մասը, լիազորագիր չունենալու պատճառով, հետագայում ընկնում է անելանելի վիճակի մեջ՝ զրկվելով անհրաժեշտ գործարքներ կատարելու իրավունքից։
Ճիշտ կլիներ սահմանել 1000 դրամ գանձվող տուրք եւ այդ ժամանակ բոլորը կդիմեին նոտարական գրասենյակների ծառայությանը եւ ավելի շատ տուրքեր կմուտքագրվեին պետբյուջե, իսկ բնակչությունը ապահովված կլիներ անախորժություններից։
Կարդացեք նաև
ԷԴԻԿ ԹԱՆԳՅԱՆ,
ԳիԱրՔՄի