Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԻՆԻԿԱԲԱՐ ԾԱՂՐԵԼՈՎ, ՈՏՆԱՀԱՐԵԼՈՎ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂԻՍ

Մարտ 19,1999 00:00
spanutyun

Հարցը, որը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, բազմիցս չարչրկվել է ՀՀՎ Գյումրու (նախկին) դատախազություններում, իրավաբան կոչվածների կողմից ցինիկաբար ծաղրվել՝ ոտնահարելով որդեկորույս ծնողի եւ ՀՀ քաղաքացու մարդկային իրավունքները, բարոյական չափանիշները։

ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածով հաստատված է, որ Հայաստանն իրավական պետություն է, մինչդեռ Գյումրու նախկին դատախազությունում, Մոսկովյան նախկին ժողդատարանում, ապա նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում արհամարհվեց տարրական հարգանքը իրավական պետության գաղափարի հանդեպ. ակնհայտորեն ձեւախեղվեց սպանության փաստը՝ առաջ քաշելով ինքնապաշտպանության վարկածը, որը կյանքի կոչվեց՝ պարտակելու կատարված ահավոր ոճիրը, հանցագործին հռչակելու օրինաչափ գործողություններ կատարող։ Սա մեր արդարադատության մեծագույն ամոթն է։

1998 թվականի սեպտեմբերի 1-ին Գյումրու Խաղաղության օղակում տեղի է ունեցել բախում, որին որդիս՝ այժմ արդեն սպանված Ալբերտ Ռեխմիկի Ոսկանյանը, որեւէ առնչություն եւ մասնակցություն չի ունեցել։ Ընդհարումը հրահրողները հետագայում, հաշիվներ պարզելու նպատակով, հայտնվել են հացաթխման թիվ 5 արտադրամասի տարածքում, ուր եկել է որդիս՝ իր ընկերներից մեկի հետ։ Բացահայտ է մի բան, որ թե՛ հրահրող, թե՛ իբր ինքնապաշտպանվող կողմն էլ ունեցել են կոնֆլիկտը զարգացնելու բուռն ցանկություն, ինչն էլ ստիպել է որդուս սպանած Կարեն Սարգսյանին հացաթխման արտադրամասի տարածք գալ՝ դանակն իր հետ վերցրած։ Փաստ, որը չի հերքվել նախաքննությամբ եւ դատաքննությամբ։ Ավելին՝ ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Սամվել Մանուկյանը «Առավոտ» օրաթերթին տրված պարզաբանման մեջ շեշտել է այս հանգամանքը։

Գալով հացաթխման արտադրամաս, Կարեն Սարգսյանը նախահարձակ է եղել այստեղ հավաքված հինգ տղաների վրա, ինքնատիրապետումը կորցրած՝ սկսել է ձեռքին եղած դանակով հարվածներ հասցնել հավաքվածներին։ Հենց այս ժամանակ էլ նա մահացու հարված է հասցրել որդուս, որը հենց տեղում էլ մահացել է։ Տեսնելով իրենց սպանված ընկերոջը, կանխելու համար մարդասպանի հետագա գործողությունները, դեպքի վայրում գտնվող Գ. Մինասյանն իր ձեռքի հրազենով նախազգուշական կրակոց է արձակել, ապա արդեն կրակել Կ. Սարգսյանի ոտքին։ Դեպքի վայրում գտնվող տղաները Կ. Սարգսյանին սպանելու, նրա նկատմամբ բռնի գործողություններ կիրառելու որեւէ ցանկություն չեն ունեցել, ինչը հաստատվել է նախաքննությամբ ձեռք բերված նյութերով։ Մինչդեռ Կ. Սարգսյանի զինված լինելու հանգամանքը պարզորոշ փաստում է, որ նա այդտեղ էր ակնհայտ խուլիգանական մղումներով, մարդասպանություն կատարելու ցանկությամբ, այլապես ինչո՞ւ պետք է իր հետ դանակ վերցներ, իսկ տեղ հասնելուն պես՝ նախահարձակ լիներ հավաքվածների վրա։ Նախաքննությունն առաջին իսկ պահից, չհետազոտելով գործի հանգամանքները, անմիջապես առաջ է քաշել Կ. Սարգսյանի կողմից ինքնապաշտպանական դրդումներով իրականացված հարկադիր սպանության վարկածը եւ այդպես էլ գործն առաջ տարել. փաստորեն, կանխամտածված սպանությունը, որը ծանրագույն հանցագործություն է, բացառելով։

Նախաքննությունն իր ցինիզմը հաստատելու համար հորինել է որդուս ձեռքին իբր գտնված դանակի պատմությունը, որը գործով մեղադրյալներից ոչ մեկը չի փաստել իր նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում։ Նախաքննությունը նպատակ էր հետապնդում մեզ տուժող կողմ չճանաչելը, որպեսզի դյուրությամբ առաջ քաշվեին միայն քննիչներին ձեռնտու տարբերակներ ու ցուցմունքներ։ Հասկանալի է նաեւ, որ դատապարտվելու վախով բռնված երիտասարդները, որոնք բոլորն էլ հայտնվել էին Կարեն Սարգսյանի հարձակման տակ, պիտի ենթարկվեին իրենց փրկող ցուցմունքներին։ Սամվել Մանուկյանը «Առավոտ» թերթում գրում է, թե իբր «Կարեն Սարգսյանի նկատմամբ հարձակումը կատարվել է խմբի կողմից։ Նրան տնից, ընդ որում, խաբեությամբ են դուրս բերել։ Երկուսը զինված են եղել»… Մի՞թե մոռացվեց նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված տվյալները։ Նախաքննությամբ եւ դատաքննությամբ պարզվել է, որ կոնֆլիկտի մյուս կողմում կանգնածներից ոչ ոք նրան դուրս չի կանչել խաբեությամբ, որ նա է եկել այստեղ՝ իր հոր կանչով շարունակելու հաշվեհարդարը։ Սա փաստված է։ Նախաքննությունը չի կարողացել գտնել որեւէ գործողություն, որն ուղղված էր Կարեն Սարգսյանի կյանքի դեմ։

Դատավճիռը եւս չի հիմնավորում այն վտանգը, որն էլ պիտի նրան հարկադրեր ինքնապաշտպանության եւ սպանության։ Դատաքննության ընթացքում բացահայտվեց Կարեն Սարգսյանի ցուցմունքների հակասականությունը, սակայն դատաքննությունն այդպես էլ չուզեց գլխացավանք պատճառել իրեն, գործն ամբողջությամբ ներկայացնելու համար լրացուցիչ քննության ուղարկել, մանավանդ որ, Նոր տարվա շեմին դատարանը շտապում էր «նվեր մատուցել» մարդասպանին։ Ս. Մանուկյանը «Առավոտում» ասում է, թե Կ. Սարգսյանի վրա հարձակում են գործել 10 հոգի, բայց դատարանում պատասխանն էին տալիս հինգը։ Ո՞ւր են այդ մնացած հինգ հոգին, ովքե՞ր են դրանք։ Մի՞թե հինգ հոգուն ձերբակալելով եւ քննչական մեկուսարանում պահելու ժամանակ նախաքննությունն ազատ է արձակել մյուս հինգին՝ առանց փաստելու, թե ովքեր են նրանք։ Իմ նպատակը չէ որեւէ մեկին պատժի ենթարկեցնելը՝ համաներմամբ ազատված տղաները կյանքում առաջին անգամ են հայտնվել նման ծանր վիճակում, ուստի ես, ծնող եմ, եւ ցավում եմ նրանցից յուրաքանչյուրի համար, սակայն անկարող եմ տեսնել, թե ինչպես է որդուս սպանողը ման գալիս անպարտի կեցվածքով։

Ես գիտեմ, որ այս տողերը վերեւներ չեն հասնելու, որ մեծուփոքր ենթականերն էլ արդեն շաբլոն (իրենց մոտ պահվող արդեն մշակված տարբերակներով) ինձ պատասխան են ուղարկելու։ Ի՞նչ մի դժվար բան է վշտից կուչ եկած, ինֆարկտ տարած, գյումրեցի միամիտ մարդուս խաբելը։

ՌԵԽՄԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ,

Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031