Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԼՈՒՐՋ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՐՋ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Մարտ 19,1999 00:00
Gaa

Չնայած ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովում հնչած ելույթները ՀՀ նախագահի դուրը չէին եկել, քանի որ «լուրջ խոսակցություն» չէին ապահովել, այնուամենայնիվ, մի քանի ելույթներից հատվածներ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ ՀՀ վարչապետի ելույթի արձանագրությունը վստահելով պետական լրատվամիջոցներին՝ կանդրադառնանք մյուսներին։

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի ելույթը, մեր սուբյեկտիվ կարծիքով, ամենաիրատեսականն էր։ Պրն Աղալովյանի կարծիքով, պրոբլեմը ոչ թե երիտասարդ կադրերի պատրաստման, այլ նրանց աշխատանքով ապահովելու մեջ է. «Կոնկրետ մեր ինստիտուտում (մեխանիկայի- Ն. Հ.) ինը հոգի այս տարի պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա։ Նրանցից միայն մեկին ենք կարողացել համոզել, որ աշխատանքի ընդունվի, որովհետեւ 7 հազար դրամ ենք տալիս։ Մնացած ութ հոգին, որ փայլուն տիրապետում են ժամանակակից հաշվողական տեխնիկային, օտար լեզուներին, ունեն փայլուն անալիտիկ միտք, նրանք լավագույն ձեւով տեղավորվեցին բանկերում, կոմերցիոն կազմակերպություններում։ Եվ ստացվում է, որ մենք կադրեր ենք պատրաստում ոչ թե ակադեմիայի համար, այլ ուրիշների (…)։ Եթե ակադեմիան, ըստ իր կարգավիճակի, համարվում է իշխանությունների խորհրդատուն, ապա պիտի իրագործի իր այդ ֆունկցիան։ Այսօր դա ֆիկցիա է։ Ես չգիտեմ մի ծրագիր, որ մշակված լինի ակադեմիայի կողմից՝ կառավարության խնդրանքով եւ պահանջով, եւ որ իրագործված լինի (…)։ Մեր ակադեմիան խիստ պասիվ է, խիստ հարմարվողական եւ պիտի փոխի իր մոտեցումը (այստեղ հիշեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը ժամանակին պաշտպանելու ԳԱԱ-ի քայլը- Ն. Հ.)։ Եվ պատահական չէ, որ այսօր մեր հեռուստատեսությունը ոչ մի մտավորականի ցույց չի տալիս։ Ոնց որ ազգը միայն «ճ» կարգի կուսակցությունները ներկայացնող անձերն են։ Բայց ազգի ներուժը այսօր ակադեմիայում է, համալսարաններում է։ Եվ որտե՞ղ է դա երեւում, ազգը չգիտի դրա մասին։ Ու պատահական չէ, որ խորհրդարանական ընտրություններին շատ քիչ թվով մտավորականներ կմասնակցեն, որովհետեւ ժողովուրդը նրանց չգիտի (…)»։

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ելույթը, ինչպես ՀՀ նախագահը գնահատեց, ծրագրային էր. «Նման կառավարման ձեւը, ինչպիսին այսօր կա մեր գիտության համակարգում, անընդունելի է։ Գիտությունը պետք է կառավարվի բրգաձեւ, մեկ կենտրոնից։ Կրթության բնագավառում մենք հստակ ձեւակերպել ենք բարեփոխումների ուղղությունը. պետության սահմանափակ նյութական ռեսուրսների պայմաններում՝ հաստատություններին առավելագույն ինքնավարություն տալն է եւ նորմալ պայմանների ապահովումը։ Եթե մենք ուզում ենք այսօր գիտական համակարգը տանել ինքնաֆինանսավորման ճանապարհով, ապա պիտի հնարավորություն տանք մեր գիտահետազոտական ինստիտուտներին մաքսիմալ ազատորեն ձեւավորել իրենց բյուջեն։ Այսինքն մենք կանգնած ենք, ըստ երեւույթին, յուրաքանչյուր հաստատության մակարդակով սեփական բյուջեն ձեւավորելու խնդրի առջեւ (…)։ Առաջիկայում կլինի նախարարի (այսինքն՝ իր- Ն. Հ.) հրամանը, որով մենք կստուգենք բազային ֆինանսավորման ընթացքը նախորդ տարիներին։ Թեմատիկ ֆինանսավորման յուրաքանչյուր ծրագիր իր մեջ ունի բազային ֆինանսավորման տող։ Ցավոք, այդ թեմատիկ ֆինանսավորման ընթացքում բազային ֆինանսավորման հարցը անհայտ պատճառներով չի հասել գիտական խմբերին (…)»։

Ակադեմիկոս Շալիկո Բադայանի խոսքի հիմքը թեմատիկ ֆինանսավորման հարցն էր. «Աշխարհի ոչ մի երկրում չկա՛ թեմատիկ ֆինանսավորում (…)։ Գիտության թեմատիկ ֆինանսավորումը այս սուղ պայմաններում նշանակում է գիտությանը չֆինանսավորել։ Դա բերեց նաեւ նրան, որ թշնամանք ստեղծվեց բուհական գիտնականների եւ ակադեմիական գիտնականների միջեւ։ Ակադեմիական գիտնականը ստանում է 6-8 հազար դրամ, բուհական գիտնականը ստանում է այդ գումարը՝ դրան գումարած իր պաշտոնի համար բյուջեից տրվող ֆինանսավորումը։ Տարբերությունը 2-3 անգամ է (…)։ Ահավոր չափի մտքի արտահոսք կատարվել եւ հիմա շարունակվում է։ Մենք դեռ նահանջ ենք ապրելու։ Մեր արդյունաբերությունը չի՛ աշխատում, երկրի տնտեսությունը չի՛ աշխատում, բայց այս տարիների ընթացքում ամենից շատ պիտի գուրգուրվեր միտքը։ Անընդհատ հնչում է այն միտքը, թե գրանտներ բերեք, որ պետք է հույսը դնել գրանտների վրա, բայց մոռանում ենք, որ մենք ի վիճակի ենք գրանտներ նվաճելու, բայց այդ գրանտները կատարելու իրողության առաջ մենք մնում ենք ձեռնունայն. տեխնիկական հագեցվածությունը ցածր է, ռեակտիվների եւ այլնի մուտք հանրապետություն չի կատարվում կամ կատարվում է տասնյակ անգամ ավելի թանկ գնով, քան աշխարհի մյուս երկրներում: Մյուս կարեւոր հարցը. մենք գրեթե չենք ստանում գիտական գրականություն (…)»։

Ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանի խոսքը շատ բուռն ու պոռթկուն էր։ Զարմանալի ոչինչ չկա, քանի խոսքը «ազգային» ու «ապազգային» թեմաներով էր։ «Նախկին նախագահը (Լեւոն Տեր-Պետրոսյանը- Ն. Հ.) ուզում էր ակադեմիան լցնել միայն ապազգային տարրերով՝ յուզբաշյաններով եւ մյուսներով»։ Բաժին հասավ նաեւ համագործակցության ծրագրերով արտասահանից Հայաստան եկող գիտնականներին. «Գալիս են այստեղ դրսից ու մեզ սովորեցնում են։ Ի՞նչ անենք, որ նրանք փող ունեն»։ Խիստ խանդոտ վերաբերվելով Լոս-Անջելեսում հայագիտական խոշոր կենտրոն ստեղծելու գաղափարին՝ մերժում չընդունող տոնով հայտարարեց՝ «Հայագիտական համաշխարհային կենտրոնը պետք է ստեղծել միայն Հայաստանում»։ 21 տարվա ստաժով դեպուտատը հատկապես խիստ էր ԱԺ-ի հանդեպ. «Երբ միացնում ենք հեռուստատեսությունը, անհարմար ենք զգում. սա՞ ինչ բան է, շոու է»։ Նախընտրական պոպուլիզմի համար մեղադրելով պատգամավորներին՝ հայտարարեց. «Եթե ընտրությունները արդարացի լինեն, ես առաջինը կընտրվեի»։ Այնպես որ, պրն Ղարիբջանյանի ելույթն էլ կարելի է նախընտրական քարոզարշավի մի մաս որակել։

Ակադեմիկոս Ալբիկ Մկրտչյանի ելույթը շատ հուզախռով էր. հուզվում էր ՀՀ նախագահի ներկայությունից։ Նաեւ «շտկեց» իրավիճակը. «Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ակադեմիայում գիտական ոչ մի աշխատանք չի կատարվել։ Դրա համար ես ուզում եմ նշել, որ ակադեմիական ինստիտուտներում կատարվում են շատ բարձր աշխատանքներ, որոնք կարող են փառք ու պատիվ բերել ցանկացած գիտական հիմնարկի (՜)։ Ամեն տարի աճում է արտասահման հրավիրված հայ գիտնականների թիվը, որոնք գնում են արտասահմանի գիտնականների հաշվին աշխատելու (…)։ Ես հպարտանում եմ, որ աշխատում եմ Հայաստանի ազգային ակադեմիայում (՜)»։

Սուրեն Կարախանյանի (անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն) ելույթը շատ տեղին էր ու կոնկրետ. «Մեր ցանկությունն է, որ մեր մշակած տեխնոլոգիաները, մեթոդները կիրառվեն մեր արտադրության մեջ։ Բայց այդ գործի իրականացման համար չկա ոչ մի մեխանիզմ, չկա՛ մի օրգան, որին մենք դիմենք պահանջելու պես եւ ասենք՝ այս գործն արված է, ինչո՞ւ չի կիրառվում (…)։ Մեր ինստիտուտը 1000 գյուտերի հեղինակ է, բայց ներկայումս մեր արդյունաբերությունից ոչ մի պատվեր չենք ստանում։ Հակառակը՝ պատրաստի աշխատանքը ներկայացնում ենք, դրան էլ տեր չեն կանգնում (կոնկրետ օրինակներ բերվեցին- Ն. Հ.)։ Օրենք է պետք մեր գիտությունը պաշտպանելու համար։ Գյուտերի եւ արտոնագրերի հարցը մեզ մոտ անչափ վատ վիճակում է. հայտ ներկայացնելու համար մեզանից գումար են ուզում, եթե այդ հայտը քննարկվում է ու դառնում արտոնագիր, դարձյալ գումար են ուզում, եթե այդ արտոնագիրը պիտի պահվի մեր արտոնագրային կենտրոնում, դարձյալ գումար են ուզում։ Ստացվում է, որ գյուտարարը գյուտ է անում ու դրա համար դեռ ինքը պիտի անընդհատ վճարի։ Տրամաբանությունը պարզ է. գյուտարարը է՛լ գյուտ չի անում (…)»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031