Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չալպուտուրիկ գազոններ՝ կենտրոնում

Մարտ 19,1999 00:00
oxakazev zbosaygi

Դասական բնորոշման անգլիական գազոնը այն է, որը ամեն օր ջրվել է առնվազն վերջին երկու հարյուր տարվա ընթացքում եւ մշակվել գոնե շաբաթը մեկ անգամ։

Նման դասակարգում եթե մտցնելու լինենք երեւանյան գազոնների համար, ապա կստանանք մոտավորապես հետեւյալ բանաձեւը. երեւանյան գազոնն այն գազոնն է, որը ջրվում է դեպքից դեպք, չի մշակվում ո՛չ գարնանը, ո՛չ ամռանը, աճում է ինչպես պատահի, դեռ մի բան էլ քողարկելով բազմաթիվ աղբակույտերը։ Այս դասակարգմանը շուտով, ըստ երեւույթին, կավելանա եւս մեկ կետ, եւ երեւանյան գազոնները շուտով կկոչվեն «չալպուտուրիկ»։ Պատճառաբանությունը մեկն է՝ ողջ ձմեռվա ընթացքում Երեւանի այգիներում, որոնք էլ մեր հիմնական «գազոնային կետերն» են, որեւէ մաքրման աշխատանք չի կատարվում։ Արդեն գարուն է, թեպետ, առանձնապես ձմեռ էլ չի եղել, բայց աշխատանքները դեռ չեն կատարվում այնպես, ինչպես գոնե նախորդ տարիներին։ Երեկ տողերիս հեղինակը երկու ժամից ավելի զբոսնեց Օղակաձեւ զբոսայգում, եւ միակ աշխատողին, որ տեսավ, մի խեղճ ծերունի էր, որը փոցխով տերեւներն ու աղբը միմյանց խառնելով կույտեր էր սարքում եւ դրանք այրում։ Հիշեցնենք, որ աղբի մի մասը պոլիէթիլեն է, որն այրելուց հետո համապատասխան տոքսիկ նյութերը թույլ չեն տա, որպեսզի այրված տեղում առաջիկա մեկ տարում խոտի գոնե մեկ ծիլ աճի։ Թափոնների մնացած մասը չայրվողներն են, օրինակ՝ կոկա-կոլայի եւ գարեջրի թիթեղյա տարաներ։ Եվ քանի որ այրված տեղում խոտ, միեւնուն է, չի աճելու, այդ տարաները չեն քողարկվի, եւ մենք կստանանք բաղձալի «չալպուտուրիկ» գազոնը։

Նախորդ տարիներին էլ այս պրակտիկան օգտագործվում էր, բայց գոնե՝ մասամբ։ Աղբահանությունից հետո ընդունված էր շատ տրորված մասերը փորել եւ նոր խոտ ցանել, էտել գազոններում աճող վարդերը, որոշ տեղերում նույնիսկ կակաչի սոխուկներ տնկել։ Այս տարի նման աշխատանքների հոտն անգամ չի գալիս։ Տրորված տեղերը մնում են տրորված, վարդերի բողբոջներն արդեն բացվել են, այսինքն՝ էտելու համար արդեն ուշ է, իսկ աղբը աշնան տերեւների հետ հավաքվում է միայն կենտրոնական փողոցներին հարող մասերում։ Իհարկե, եթե մենք դիմենք քաղաքապետարանի կանաչապատման վարչության (կամ այլ անվանում կրող կազմակերպության) ղեկավարությանը, նրանք մեզ անմիջապես կասեն, որ քաղաքի կանաչապատման աշխատանքները կազմակերպելու համար իրենց անհրաժեշտ է այսքան միլիոն դրամ, որի փոխարեն իրենք ստացել են ընդամենը այսքանով պակաս միլիոն դրամ։ Բայց երեւի այն աշխատանքները, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը, ինչին մենք ականատես ենք լինում, առանձնապես դրամ չեն պահանջում, առավել եւս՝ միլիոններով հաշվվող։

Վերոնշյալ ղեկավարները, ըստ երեւույթին, ձայն կբարձրացնեն ապրիլի 10-ից հետո։ Պատճառն ավելի քան պարզ է։ Ապրիլի 10-ին հայտարարվելու է համաքաղաքային շաբաթօրյակի օր։ Ուսանողներն ու հարակից շենքերի բնակիչները, քաղաքապետարանն ու ողջ համակարգերը դուրս կգան եւ կմաքրեն քաղաքը, առանձնապես ուշադրություն դարձնելով կանաչ տարածքների մաքրմանը։ Գազոններն ու այգիներն ինչ-որ չափով կմաքրվեն։ Մնացածը կքողարկվի արդեն աճած կանաչով։ Եվ այն ժամանակ քաղաքի կանաչապատումն «իրականացնող» կազմակերպությունը հաշվետվություն կներկայացնի ե՛ւ քաղաքապետին, ե՛ւ քաղաքի բնակչությանը, պահանջելով «արած գործի» համար հասանելիք եւ չստացված N միլիոն դրամը։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031