Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՉՔԻՑ ԷԼ, ԱՉՔԱՑԱՎԻՑ ԷԼ, ԿԱՐԿՈՒՏԻՑ ԷԼ

Մարտ 19,1999 00:00

ԱՉՔԻՑ ԷԼ, ԱՉՔԱՑԱՎԻՑ ԷԼ, ԿԱՐԿՈՒՏԻՑ ԷԼ Բնական երեւույթները, լինեն մթնոլորտային, թե այլ կարգի, սովորություն ունեն ժամանակ առ ժամանակ գործելու ոչ թե հօգուտ, այլ ի վնաս մարդկության։ Խոսքը մարդկային անխոհեմության, անփույթ եւ անհեռատես գործունեության արդյունքում բնական աղետների «նախազգուշական- դաստիարակիչ» միջոցների մասին չէ։ Տվյալ դեպքում, շեշտը դրվում է մթնոլորտային մի՝ բնավ ոչ անմեղ, ծեծված բառապաշարով՝ միանշանակորեն միայն վնաս հասցնող երեւույթի վրա։ Դրա անունն արդեն կարծես երեւույթի նմանաձայնությունն է եւ արտաբերման ժամանակ ստեղծում է դրա տպավորությունը։ Կարկուտ բառի նշանակությունը մեր ժողովրդին բացատրելու կարիք առանձնապես չկա, հատկապես հյուսիսային շրջանների։ Բնությունն ինքը ժամանակ առ ժամանակ բացատրում է եւ՝ շատ ակնառու։ Հետո ժողովուրդը սկսում է փոխհատուցում պահանջել դրա հասցրած վնասների դիմաց, կառավարությունը խոստանում է տալ, ժողովուրդը հավատում կամ չի հավատում, ու դրանով հարցը փակվում է։ Հարցը փակվելու ուրիշ ձեւ էլ կա. հիշում ես, որ ընդհանրապես ընդունված է պայքարել մթնոլորտային անցանկալի երեւույթների դեմ եւ ապագա հնարավոր փոխհատուցումներից 10 անգամ քիչ գումար տրամադրելով համապատասխան ծառայությանը՝ կանխարգելում ես կարկուտի գալուստը։ Վերջին տարիներին հանրապետությանը կարկուտի հասցրած վնասը 50 միլիարդի է հասնում, միայն Շիրակի մարզում՝ 11 միլիարդի։ Հակակարկտային ծառայությունից օգտվելը բյուջեի վրա կնստեր 5 միլիարդ։ Կնստեր, ուղղակի նստեցնող չկա. նախապատվությունը տրվում է 50 միլիարդին, այն էլ տեսականորեն։ Հա՛, տեսականորեն ասացի՝ հիշեցի։ 1995 թ. (հիմա 1999 թ. է) պարբերաբար որոշումներ են լինում «համապատասխան ծառայության» մասին, որը մի ժամանակ կոչվել է «Հակակարկտային», հետո՝ «Մթնոլորտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության հատուկ նշանակության պետական ձեռնարկություն»։ ՀՀ կառավարության 1999-ի հունվարի 20-ի որոշմամբ՝ վերջինս լուծարվեց եւ ստեղծվեց «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության կենտրոն» բյուջետային կազմակերպությունը։ Անուն է, որ փոխվում է, որոշում է, որ կայացվում է։ 1995-ին՝ հրթիռահրետանային ռազմականացված ջոկատների մեծ մասի լուծարման եւ 5 ջոկատի վերագործարկման (բնականաբար նաեւ ֆինանսավորման) մասին, 1996-ին՝ Աշտարակի ջոկատի վերագործարկման նպատակով 139,07 մլն դրամ հատկացնելու մասին, 1997-ին՝ ծառայության գործունեության բարելավման կառավարական ծրագիրը իրագործելու մասին։ Այս ընթացքում զուգահեռ մի այլ թվաբանություն է գործել. նախկինում 1 մլն հա ընդհանուր տարածքում 50 հրթիռահրետանային մարտկոցներով, հանրապետության 15 շրջաններում կարկտի դեմ պայքարում էր ծառայության 1500 աշխատակից, 1995-ին՝ արդեն 500 աշխատակից, 1999 թ. հունվարին՝ 170, այսօր՝ 110։ Պատճառները բնավ մթնոլորտային չեն, միանգամայն «հողեղեն». 1998 թ. հունվարից առ այսօր ծառայությունը չի ֆինանսավորվել։ Այսօր արդեն այն մոտավորապես 40 մլն դրամի պարտք ունի, որից 25 միլիոնը՝ իր աշխատակիցներին, որպես աշխատավարձ։ Կենտրոնի պետ Ռոբերտ Հովսեփյանն ասում է, թե ինքն անընդհատ հորդորում է 1 տարի 3 ամիս աշխատավարձ չստացող մարդկանց միտինգ կամ նստացույց դեռեւս չանել։ Մինչ այդ փորձում են հարցը «նամակագրությամբ» լուծել. գրում են հանրապետության նախագահին, վարչապետին, ֆինանսների եւ էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարություններ։ 1998-ի հուլիսին ՀՀ նախագահին գրված նամակի արդյունքում նույն թվի օգոստոսին կառավարական հանձնաժողովը էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում վճարել «հակակարկտայինների» աշխատավարձը եւ մարել պարտքերը։ 1998-ի հոկտեմբերին նույն հանձնարարությունը կատարելու համար տրվել է արդեն 5-օրյա ժամկետ։ 98-ի դեկտեմբերին կառավարություն ներկայացվեց ծառայության լուծարման մասին որոշման նախագիծ, որը որոշում դարձավ 1999-ի հունվարին։ Աշխատավարձի 25 միլիոնը հիմա մի կողմ թողնենք, գանք մնացած 15 միլիոնին։ Դա էլեկտրաէներգիայի, հեռախոսի, ջրի եւ այլ վարձերի չվճարումների կուտակումն է։ Իսկ քանի որ այժմ գործում է «բոլորին՝ ըստ վճարումների» կարգախոսը, ծառայության բոլոր կետերում անջատված է հեռախոսակապը, դադարեցված՝ էներգամատակարարումը։ Եթե նկատի ունենանք, որ այդ կետերում զենք եւ զինամթերք է պահվում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպես են դրանք պահպանվում։ Յուրաքանչյուր օբյեկտում աշխատում է ութ հոգի։ Ախուրյանի ռադիոլոկատորից պատահական մարդիկ, հովիվներ մասեր են գողացել, ուրիշ տեղերից՝ նաեւ զինամթերք։ Ծառայությունում պնդում են, որ այս մասին իրենք միշտ տեղյակ պահում են ՆԳ բաժիններին, սակայն մինչեւ հիմա մի նման դեպք չի բացահայտվել։ Ինչ արած, յուրօրինակ ձեւով իրականացվում է ծառայության լուծարման մասին կառավարության որոշումը։ Ծառայության պետ Ռոբերտ Հովսեփյանն ասաց, որ իրենք եւս մեկ անգամ դիմել են կառավարություն՝ իրենց պարտք գումարների վճարման խնդրանքով։ Սպասում են։ Հուսանք՝ ոչ հերթական «թղթային» որոշմանը։ Կարկուտի ականջը՝ խուլ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել