Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեֆիցիտը շարունակում է աճել

Մարտ 19,1999 00:00
ankum

Անցած տարում Հայաստանի առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 600,6 մլն դոլար. արտահանումը՝ 232,4 մլն դոլար, ներմուծումը՝ 833 մլն դոլար (առանց մարդասիրական օգնության, հաշվարկված Սիֆ համակարգով)։

1997 թ. համեմատ, առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը աճել է 6,2%-ով կամ 35,4 մլն դոլարով, որից 34,4 մլն դոլարը բաժին է ընկնում ներմուծման աճին, իսկ 1 մլն դոլարը՝ արտահանման նվազմանը։ Հիշեցման կարգով նշենք, որ մինչեւ 1990 թ. Հայաստանը, որպես կանոն, ունեցել է դրական հաշվեկշիռ, իսկ, օրինակ, 1995 թ.՝ 250,7 մլն դոլար դեֆիցիտ։ Հայաստանի առեւտրային հաշվեկշռի տարեցտարի վատթարացումը օրինաչափ երեւույթ է դարձել։ Սակայն եթե մինչեւ 1996 թ. այն հիմնականում տեղի էր ունենում արտահանման նկատմամբ ներմուծման ավելի արագ աճի պատճառով (մասնավորապես միջազգային գներին ենթարկվելու հետեւանքով), ապա 1997 եւ 98 թթ.՝ նաեւ արտահանման նվազման։ 1997 թ. արդեն իսկ տեղի է ունեցել արտահանման ծավալների կտրուկ անկում՝ 57 մլն դոլարի չափով։ Այդ կորուստը հիմնականում պայմանավորված է ադամանդի եւ ոսկերչական իրերի արտահանման նվազմամբ, որը 1998 թ. չի վերականգնվել։

Ռուսաստանի ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի արտահանման ծավալների վրա 1998 թ. էապես զգացնել է տվել կոնյակի արտահանման պարագայում։ Ըստ որոշ տեղեկությունների, Պեռնո Ռիկարը ռուբլու դեվալվացիայի պատճառով ռուսական շուկայում 1998 թ. մոտ 1 մլն դոլարի վնաս է կրել։ Սակայն այդ վնասը պետք է փոխհատուցված համարել, քանի որ գործարանի վաճառքի դիմաց պետությանը 28 մլն դոլարի վճարման վեցամսյա հետաձգումը 1 մլն դոլար ավելի վճարելու պայմանով՝ անուղղակի նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը ընկերությանը տարեկան 7%-ով արտոնյալ վարկ է տրամադրել։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 1998 թ. մոտ կիսով չափ նվազել է քիմիական արդյունաբերության արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Ըստ ոչ պաշտոնական կարծիքների, դա կապված է ոչ թե ռուսական ճգնաժամի, այլ՝ ֆինանսական ռեսուրսների բացակայության, մասնավորապես՝ այդ ճյուղի կողմից վարկային ռեսուրսներ ստանալու անկարողության (կամ տրամադրելու չկամության) հետ։ Որոշ փորձագետների կարծիքով, Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման բուռն մղումները ձեռնտու են ռուսական շուկայում ռազմավարական շահեր ունեցող արեւմտյան քիմիական կոնցեռններին։ Իսկ ինչպես հայտնի է, աշխարհում ոչ մի տեղ քիմիան չի զարգացել թանկ էլեկտրաէներգիայի հիման վրա։

Աշխարհի փորձը հուշում է նաեւ, որ արտաքին առեւտրի խրոնիկ եւ աճող դեֆիցիտի պայմաններում ոչ մի երկիր չի խուսափել իր արժույթի դեվալվացիայից։ Հայաստանին երբեմն հաջողվում է հակառակն անել։ Սակայն հենց դեվալվացումն է «բնական» լծակներ ստեղծում ներմուծման սահմանափակման եւ արտահանման ընդլայնման համար, քանի որ այդ դեպքում պակասում է տնտեսության ընդհանուր պահանջարկը արտարժույթի հանդեպ։ Չափից դուրս ֆինանսավորելով դրամը, օգտագործելով այդ նպատակով երկրի արտարժույթի պաշտոնական պահուստները, մենք, փաստորեն, ֆինանսավորում ենք ներմուծման աճը։ Այդ պահուստների միջոցները, ինչպես հայտնի է, առաջանում են վարկերից։ Իսկ վարկ տվողներն էլ ուղղակի պահանջում են դրանք օգտագործել դրամի կայունության համար, անկախ երկրի վճարային հաշվեկշռի վիճակից։

Փակուղի՞ է։ Ոչ այնքան։ Հայաստանում բավարար քանակությամբ դոլար կա, եւ պետությունը ի վիճակի է դրանցով համալրել իր պահուստները։ Կամ էլ բավարար է համալրել, քանի որ եթե Հայաստանն ունի արժույթի 3,5 ամսվա ներմուծման պահուստ, ապա ԱՄՆ-ն՝ 2 ամսվա, իսկ Ֆրանսիան՝ 1,5 ամսվա։ Ցանկացած դեպքում դեվալվացիան ստեղծում է որոշակի սոցիալական լարվածություն, սակայն դրա դեմ պայքարը լիցքավորում է սոցիալական պայթյուն։

1999 թ. հունվարի 12-ից դրամի պաշտոնական փոխարժեքը ամրացված է ռուբլու փոխարժեքին եւ, փաստորեն, այլ փոխարժեքների համեմատ, միայն նրա հանդեպ չի փոխվում (1 ռուբլին 22,64 դրամ հաշվարկով)։ Ինչպես կփոխվի դրամը, եթե ռուբլին կտրուկ տատանվի, առայժմ դժվար է ասել։ Մեր ֆինանսական շուկան շատ կամակորն է եւ նրանում ձեւավորվող փոխարժեքը միշտ չէ, որ համընկնում է պաշտոնականին։

ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031