Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների ցածրաձայն պաշտպանություն

Մարտ 19,1999 00:00

Մարդու իրավունքների ցածրաձայն պաշտպանություն ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերին մասնակցելը լրագրողի համար խիստ լարված իրավիճակ է ստեղծում։ Հարգարժան Պարույր Արշավիրին, համառորեն պահպանելով բարեկիրթ մարդու կեցվածքը, շատ ցածրաձայն է խոսում, հանձնաժողովի մյուս անդամներն էլ դրանով ներշնչված գրեթե կիսաձայն, արդյունքում՝ խեղճ լրագրողները նապաստակի պես սրում են ականջները թանկագին խոսքի ոչ մի հյուլե բաց չթողնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի այս նիստն էլ մեկ ժամվա տեւողությամբ զուտ կազմակերպչական հարցեր քննարկեց, այն է՝ ե՞րբ անցկացնել հաջորդ նիստը, արտահե՞րթ, թե՞ հերթական, ի՞նչ հարցեր քննարկել, ի՞նչ նախապատրաստել։ Կրկին հիշվեց նախորդ նիստի (փետրվարի 1) ժամանակ վերջնական տեսքի բերված տարեկան զեկույցը, ասվեց, թե բավականին դրական արձագանքներ կան զեկույցի վերաբերյալ։ Պարոն Հայրիկյանը (միշտ՝ ցածրաձայն) զեկուցեց, որ ինքը հանդիպել է Արծրուն Մարգարյանի կալանված թիկնապահներին։ Իրոք գրանցել է ձերբակալության առաջին երեք օրերի ընթացքում կատարված բռնություններ։ Ինքն անձամբ է խոսել, չնայած իրեն զգուշացնում էին, թե կալանավորները հնարավոր է անհավասարակշիռ վիճակում լինեն։ Իսկ մարդու իրավունքների հանձնաժողովին շարունակում են դիմել։ Բանակից եկող ահազանգերը պակասել են, սակայն նախագահողը չգիտեր պատճառը ո՞րն է՝ իրադրությունն է լավացե՞լ, թե… (չլսեցինք, թե-ից հետո ի՞նչ ասվեց)։ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը հատուկ ուզեց խոսել իր կատարած վերջին աշխատանքների մասին։ Հարցը լրջագույն էր՝ հեռախոսի վարձ, անջատումներ, «ԱրմենՏել»։ Որոշվեց, որ տիկին Միրզոյանը հաջորդ նիստին առավել մանրամասն, համապատասխան դիմում-բողոքները ներկայացնելով կխոսի այս մասին։ Ազգային փոքրամասնությունները եւս չմոռացվեցին, դարձյալ հանձնարարվեց առաջիկայում նրանցով զբաղվել ու նաեւ՝ լսել։ Պարոն Հայրիկյանը չթաքցրեց, թե ուզում է հանդիպել այն մարդկանց, ովքեր մահապատժի վճռով դեռեւս նստած են։ Դիմել է համապատասխան ատյան, պատասխան դեռ չկա։ Լրագրողներին կտանե՞ն իրենց հետ, թե՞ (շարունակությունը վատ էր լսվում)։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն արդեն իր վրայից թոթափել է լրագրողների բեռը եւ որոշել է նիստերն անցկացնել առանց չորրորդ իշխանության։ Հավանաբար մոտ ապագայում մարդու իրավունքների հանձնաժողովը եւս լրագրողներին կազատի իր աշխատանքները լուսաբանելու սուրբ պարտականությունից։ Նիստի վերջում որոշ բաներ ասվեց նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ դրա հետ կապված հանձնաժողովի աշխատանքների մասին։ Որքան կարողացանք լսել, հնարավոր է որոշ նիստեր այլ նախագահող ունենան հաշվի առնելով Պարույր Հայրիկյանի՝ (հնչեց նաեւ Վարդան Հարությունյանի անունը) քաղաքական գործիչ լինելու հանգամանքը։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել