Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈՅՏԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ

Մարտ 19,1999 00:00
Hakob Hakobyan

Հակոբ Հակոբյանը պատրաստվում է ԱԺ-ում բանավիճել հարկային տեսուչների հետ

Հայջրշին միավորման Էջմիածնի տարածքային կազմակերպության ղեկավար, բազմաթիվ գյուղատնտեսական եւ «զվարճացնող» (կազինո, սաունա, ռեստորան, հյուրանոց) օբյեկտների տեր, բարգավաճող բիզնեսմեն Ճոյտ Հակոբը (Հակոբ Հակոբյան), ինչպես 1995-ին, այնպես էլ այս անգամ ցանկանում է ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր։ Թե ինչի համար է նրան պետք պատգամավորական անձեռնմխելիությունը եւ ԱԺ-ի լծակները. կարելի է կռահել։

Դեմիրճյանի Հայկական ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը, հենվելով Էջմիածնի տեղական կազմակերպությունից ստացած տեղեկատվության վրա, մեր թերթին հաղորդել է, որ Հակոբ Հակոբյանը որպես ընտրակաշառք սոլյարկա է բաժանում։ Այս տեղեկատվության հրապարակումը խիստ վրդովվեցրել էր պրն Հակոբյանին, եւ նա առաջարկել է մի քանի պարզաբանումներ տալ մեր թերթի միջոցով։

Նախ, ինքն, իրոք, մարտի 8-ի կապակցությամբ օգնություն բաժանել է Էջմիածին քաղաքի եւ Զվարթնոց գյուղի 12 հազար ընտանիքների, սակայն ոչ թե սոլյարկա, այլ յուրաքանչյուր ընտանիքին 5 տուփ կարագ, 3 կգ ալյուր, 1 կգ շաքարավազ, 1 տուփ սուրճ եւ ծաղիկ՝ 3 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։ Չորս եւ ավելի երեխա ունեցողները ստացել են կրկնակի բաժին, իսկ անկողնային հիվանդների օգնությունը նրանց տուն է տարվել։ Սակայն, Ճոյտի պնդմամբ, այս օգնությունը կարելի էր ընտրակաշառք դիտարկել միայն այն դեպքում, եթե դա արվեր առաջին անգամ։ Ըստ թաղային բարեգործի, ինքը Զվարթնոցի համագյուղացիներին եւ Էջմիածնի բնակիչներին օգնություն է բաժանում դեռեւս 1992-ից։ Որպես օրինակ բերվեց 1998 թվականը, երբ մարտի 8-ի առթիվ բաժանվել են 3 հազար դրամի էլեկտրաէներգիայի եւ ջրի կտրոններ։ Սակայն պետք է հիշել, որ 1998 թ. մարտին, ավելի հստակ, մարտի 16-ին, իսկ ապա 30-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, եւ դժվար թե բարեգործությանը զուգահեռ էջմիածինցիներին չասվեր, թե ում օգտին է պետք քվեարկել։

Ավելին՝ այդ, «բարեգործների» համար գերադասելի թեկնածուն, հավանաբար, Յուրի Մկրտչյանը չէր։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ավելացնենք, որ Էջմիածին քաղաքի բնակիչներից մեզ չհանդիպեց որեւէ մեկը, որ չճանաչեր Հակոբին եւ նրա մասին չխոսեր իբրեւ բարեգործի։ Դա շատ բնական է, որովհետեւ օգնություն է ստացել քաղաքի բնակիչների կեսից ավելին, նույնիսկ Չարենց թաղամասը, որտեղ ապրող 4000 ընտրողները չեն մտնում այն ընտրատարածքի մեջ, որտեղ քվեարկվելու է պրն Հակոբյանը։ Ի դեպ, նա հավաստիացնում է, որ իր բարեգործությունը կշարունակի, եթե նույնիսկ չընտրվի ԱԺ պատգամավոր։

«Որպեսզի ձեր խմբագիրը հետո չգրի, որ ես չարակամորեն խուսափում եմ հարկերից, ասեմ, որ իմ ձեռնարկությունները՝ թռչնաբուծական, խոզաբուծական, ոչխարաբուծական, կովաբուծական ֆիրմաները, ցորենի արտերը, դրանց հետ կապված վերամշակող արտադրությունները կապված են գյուղատնտեսության հետ, որոնք ավելի մեղմ են հարկվում»,- մեր հետգրություններից մեկը կանխեց Հակոբ Հակոբյանը։ Գյուղատնտեսությունը, հետեւաբար, Հայաստանում այնպիսի գերշահույթներ է բերում, որ հնարավորություն է տալիս տարին մի քանի անգամ «նայել» ընտրատարածքի ժողովրդին։

Պրն Հակոբյանը ցանկանում է իր մասնակցությամբ գործող բաժնետիրական ընկերությունները թողնել իր ընկերների տնօրինությանը եւ զբաղվել օրինաստեղծ աշխատանքով։ Գյուղատնտեսական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող Ճոյտը պատրաստ է բանավեճի բռնվել ցանկացած իրավաբանի, հարկային տեսուչի, տնտեսագետի կամ գյուղատնտեսի հետ՝ ապացուցելու, որ ինքն ավելի լավ գիտի այդ բնագավառները, քան իր զրուցակիցները։ Եվ ինչպես ցանկացած պատգամավորի թեկնածուի, Հակոբին եւս առաջադրվելու թախանձագին խնդրանքով դիմել է Էջմիածնի ժողովուրդը, որը վստահ է, որ առանց Ճոյտի Հայաստանում նորմալ օրենքներ չեն գրվի։

Ես եղա նաեւ ՀԺԿ Էջմիածնի տարածքային կազմակերպությունում, որի ներկայացուցիչների հետ պրն Հակոբյանի թիմակիցներն ինձ մենակ չթողեցին։ Տարածքային կազմակերպության ղեկավար Մանվել Մուրադյանը հաստատեց, որ Հակոբ Հակոբյանն, իրոք, օգնություն է բաժանել նաեւ մինչեւ այս ընտրությունները, սակայն այսօր այդ օգնությունը կարող է այլ կերպ ընկալվել։ Իսկ դա ընտրակաշառք է, թե՝ ոչ, պետք է որոշեն «կոմպոնենտ կազմակերպությունները»։ Նրա տեղակալ Հովակիմյանը (հավանաբար, Ճոյտի առանձնահատուկ բարեգործության ազդեցության տակ) ավելի ջերմ գտնվեց. «ՀԺԿ-ն նրան համարում է լավ հայ եւ մենք շատ կցանկանայինք նրան տեսնել մեր կողքին»։

Պարզեցինք, որ Էջմիածնում ընտրություններին պատրաստվում է ոչ միայն Հակոբ Հակոբյանը։ Ժողովրդասիրությունը բռնկվել է նաեւ բազմաթիվ պաշտոնյաների մոտ։ Օրինակ, քաղաքի փողոցների ասֆալտը վերանորոգվում էր փոխքաղաքապետի պատգամավորական ընտրարշավի համար։ Քաղաքապետարանը պրն Հակոբյանից խլել է նաեւ քաղաքի սպորտդպրոցը վերանորոգելու նախաձեռնությունը, որի խնդրանքով իրեն էին դիմել քաղաքի ըմբշամարտիկները։ Բայց Հակոբը այնքան էլ նեղացած չէ. «Կարեւորը,- ասում է նա,- սպորտդպրոցը վերանորոգվի»։ Իսկ թե համամասնական ցուցակում ում նախապատվություն կտան Հակոբյանի ընտրողները, դեռ այնքան էլ պարզ չէ։ Հակոբյանին իրենց կողքին տեսնելու ցանկություն են հայտնել 5 կուսակցություններ (այդ թվում՝ ՀԺԿ-ն), որոնք հասկանում են, որ այդ դեպքում Ճոյտի կարագի, ալյուրի եւ շաքարի դիմաց կստանան առնվազն 12 հազար ձայն։

Մի խոսքով, ճորտատիրական (կամ տվյալ դեպքում՝ ճոյտատիրական) կարգերի պատկերը պարզ է եւ ճանաչելի. կա կերած-խմած «աղեն» եւ կա խեղճուկրակ ժողովուրդ, որին «աղեն» երբեմն մի քանի կոպեկի մթերք է շպրտում։ Հետաքրքիրն այստեղ ՀԺԿ-ի տարածքային կազմակերպության ղեկավարների դիրքն է, որը զուրկ է ՀՀ նախագահի հիշատակած այն տղամարդկային բարեմասնությունից, որը խանգարում է վատ պարողին։ Եթե այսօր ՀԺԿ-ականները «դուխ չունեն» Ճոյտի մարդկանց ներկայությամբ կրկնել այն, ինչ նրանք ասել են իրենց ղեկավարին, ապա ինչպե՞ս են նրանք սատարելու արդար ընտրություններին, երբ մայիսի 30-ի գիշերը տեղամասեր ներխուժեն Ճոյտի կամ իշխանության որեւէ այլ թեկնածուի ֆիդայական-ռազմականացված խմբերը։ Կամ (որն ավելի հավանական է) «պուզատիների» բարեգործություններից զմայլված, գուցե սուսուփուս ստորագրեն իրենցից պահանջվող կեղծ արձանագրությունները։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031