Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմիրճյանն ու Քոչարյանը խոսել են 2 ժամ

Մարտ 19,1999 00:00
karen demirchyan

Մի քանի օր առաջ «Առավոտ» օրաթերթում հրապարակվել էր տեղեկատվություն, ի դեպ, թերթի ամենաշատ աչքի ընկնող մասում՝ առաջին էջի «Սուրհանդակ» բաժնում, որ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Կարեն Դեմիրճյանը հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն խնդրել, որ այն գաղտնի մնա եւ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չհաղորդվի։

Մարտի 18-ին մեզ հաջողվեց այդ հարցով մի փոքրիկ զրույց ունենալ Կարեն Դեմիրճյանի հետ, որը հաստատեց, որ, այո, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ինքը հանդիպում ունեցել է եւ դա կազմակերպվել էր կուսակցությունների հետ նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում։ Ինչպես հայտնի է, վերջին ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՀՅԴ-ի, ԻՄ-ի, Կոմկուսի, Հանրապետական եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ու քննարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։ Արդյո՞ք նույն խնդիրներն են քննարկվել նաեւ Կարեն Դեմիրճյանի հետ։ Ի պատասխան ասվեց միայն, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել կուսակցությունների հետ կազմակերպվող քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում։ Այսքանով էլ մեր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ ավարտվեց։

Սակայն, նրան մոտ կանգնած աղբյուրներից հաջողվեց հավելյալ մանրամասներ պարզել հանդիպման վերաբերյալ։ Կարեն Դեմիրճյանին է զանգահարել նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը եւ ասել՝ կուսակցությունների հետ քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու նախաձեռնության շրջանակներում, Կարեն Սերոբիչ, նախագահն ուզում է հանդիպել Ձեզ հետ։

Քանի որ հեռախոսազանգը նախորդել է ՀԺԿ առաջին համագումարին, հանդիպումը մի քանի օրով հետաձգվել է եւ տեղի է ունեցել համագումարին հաջորդած շաբաթվա մեջ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։

«Առավոտի» տեղեկատու աղբյուրը հայտնեց նաեւ, որ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը՝ Կարեն Դեմիրճյանն իր քաղաքական համախոհների հետ քննարկել է հարցադրումների այն շրջանակը, որոնք պետք է արծարծվեին հանդիպման ժամանակ։ Ռոբերտ Քոչարյան-Կարեն Դեմիրճյան հանդիպումը տեւել է շուրջ 2 ժամ։ Այն ավարտվել է մոտավորապես ժամը 6-ին, այսինքն՝ աշխատանքային օրվա վերջին։

Դեպքերի բերումով, քանի որ աշխատանքային օրվա եւ Քոչարյան-Դեմիրճյան հանդիպման ավարտները համընկել են, ՀԺԿ առաջնորդը նախագահի աշխատակազմում զրույցի է բռնվել նաեւ աշխատանքն ավարտած եւ աշխատատեղը լքող մարդկանց հետ։ Իսկ դրսում էլ նա հանդիպել է մի խումբ ցուցարարների, որոնց հետ մի քանի րոպե զրուցել է։ Այսքան դիտարկուն աչքերի առջեւ, իհարկե, դժվար էր գաղտնի հանդիպում կազմակերպելը՝ եզրակացրեց մեր տեղեկատուն, մանավանդ, որ դրանից հետո Կարեն Դեմիրճյանն իր կուսակիցներին եւ համախոհներին ներկայացրել է նախագահի եւ իր խոսքուզրույցի առարկան։

Այն, որ զանգվածային տեղեկատվության միջոցները որեւէ կերպ չեն անդրադարձել հանդիպմանը, մեր տեղեկատուի վկայությամբ, դրանից Կարեն Դեմիրճյանը նույնպես զարմացած է։ Թեպետ նշեց նաեւ, որ երբ Դեմիրճյանին, հանդիպմանը նախապատրաստելիս, նախագահի աշխատակազմից հարցրել են, թե ինչպես է վերաբերվում նկարահանման գաղափարին՝ ՀԺԿ նախագահն ասել է՝ ի՞նչ է՝ դուք չգիտե՞ք, որ ես նկարահանվել չեմ սիրում։

Իսկ եթե հանդիպումը գաղտնի պահելու մտադրություն ունենար Դեմիրճյանը, նա, անշուշտ, կկարողանար դա անել, որովհետեւ, ինչպես մեր զրուցակիցն ասաց, հանրապետությունը ղեկավարելիս այդպիսի բաներ եղել են, որոնց մասին մինչեւ օրս էլ ոչ ոք չգիտե։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031