Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ» ԱԺ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ. «ԼԿՏԻ՛»

Մարտ 19,1999 00:00

Ընտրություններից առաջ թե ԱԺ-ի, թե հատկապես կառավարության նյարդերը սարսափելի պրկված են։ Միմյանց հանդեպ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների անհանդուրժողականությունը թեւակոխել է քմծիծաղի ու խայթող սրախոսությունների փուլը։ Մտել ենք բացահայտ վիրավորական որակումների, մարտակոչի փուլ։ 

Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման՝ ԱԺ-ի որոշումը կատաղության էր հասցրել նաեւ էներգետիկայի նախարարին, որը հեռուստատեսությամբ ամենեւին չփայլեց զսպվածությամբ եւ բարեկրթությամբ։ Այս ամենն էլ դարձավ երեկ ԱԺ-ի բրիֆինգների մոտիվը։

«Է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո»

ԱԺ բրիֆինգների օրը բացեց «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Նա հիմնականում ծանրացավ Սահմանադրության խախտումներով ընդունված Ընտրական օրենսգրքին։ Վարչապետի «անբարոյականին» էլ տվեց «լկտի՛» պատասխանը։

Կոմկուսի ղեկավար Սերգեյ Բադալյանը լուրջ տոնով ծիծաղելի համարեց, որ էլեկտրաէներգիայի սակագների մասին հարցը բարձրացնում են Էդվարդ Եգորյանը, Վիգեն Խաչատրյանն ու Վահագն Խաչատրյանը։

ԻՄ-ի ղեկավար Պարույր Հայրիկյանը իր խոսքում գտավ, որ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելով հարցը չի լուծվի։ Ավելին՝ «դա աջակողմյան մոտեցում չէ»։ «Լուծումը աշխատավարձերի բարձրացումն ու աշխատատեղերի ստեղծումն է»։ (Կարծեմ Եկատերինա կայսրուհին է ասել՝ ժողովուրդը հաց չունի, թող գաթա ուտի- Լ. Ա.)։ ԻՄ-ի մասնագետները այս հարցը լուծելու իրենց տարբերակն են առաջադրել՝ շահութահարկի վերացում առաջիկա մի քանի տարիների համար։ Իսկ վարչապետի «անբարոյական» որակումը Հայրիկյանը վերագրեց «չափից ավելի խանդավառությանը»։

ԱԺՄ անդամ Արշակ Սադոյանը, ինչպես միշտ, հանդես եկավ բոցաշունչ ելույթով։ Էլեկտրաէներգիայի սակագների «այսպիսի վիճակը» (երբ մեր էլեկտրաէներգիան Վրաստանին 2 անգամ էժան է վաճառվում, քան տեղական սպառողներին), չի կարող խթանել ոչ մեր տնտեսությանը, ոչ գյուղատնտեսությանը։ Ավելին՝ նախապատրաստվում են սկանդալային գործարքներ՝ «սեփականաշնորհման անվան տակ»։ Առաջիկայում սպասվում է Սեւան-Հրազդան կասկադը, Որոտանի կասկադը, Երեւանի եւ Հրազդանի ՋԵԿ-երը օտարներին վաճառելու գործընթացը։ Այս ամենը համեմվում էր «լկտի», «լկտիություն», «ծառա վարչապետ», «մանկամիտ արհեստավարժներ» որակումներով։ Ակն ընդ ական։

«Շամիրամը» դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե՝ ոչ։ Բայց այս կուսակցության կանայք ունեն իրենց պատասխանը վարչապետին։ «ԱԺ-ն «անբարոյական» կլիներ, եթե մենք՝ օգտվելով Սահմանադրությունից, պահանջեինք 100-200 հազար դրամ աշխատավարձ բնակիչների համար։ ԱԺ պատգամավորի պարտականությունն է՝ պաշտպանել ժողովրդի շահերը, կառավարության պարտականությունն է՝ փորձել ապացուցել, որ սահմանված սակագինը էլեկտրաէներգիայի իրական արժեքն է»։ Ապրանքի իրական արժեքը կառավարությունը ամեն կերպ կորզում է ժողովրդից։ «Իսկ մի՞թե մանկավարժների աշխատանքի իրական արժեքը այդ 5-6 հազար դրամն է»։

Երկրապահների ղեկավար Ալբերտ Բազեյանը վիրավորված էր երկրապահների հասցեին անհարկի հնչող վիրավորանքներից։ Վարչապետի՝ ԱԺ-ին հասցեագրած վիրավորանքին պրն Բազեյանը շատ մեղմ ու քաղաքավարի պատասխանեց։ Իսկ թե սակագների սառեցման օրենքի նախագծի երկրորդ ընթերցմանն իրենք կբոյկոտեն, թե դեմ կքվեարկեն, ցույց կտան երկրապահ-կառավարություն բանակցությունները։

«Կառավարությունը փորձում է ազդել մեր խմբի անդամների դիրքորոշման վրա՝ առանձին-առանձին։ Սա ճիշտ մեթոդ չէ»։ Իսկ որ նախագահի եւ կառավարության հենարան հանրապետականները ընտրությունների ընթացքում հնարավոր է ստանան քիչ ձայներ, պրն Բազեյանի վրա չի ազդում. «Թող կառավարությունը մտածի, թե ում վրա է հենվելու նոր ԱԺ-ում»։

«Բարեփոխական» Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց Եվրախորհրդին Հայաստանի անդամակցելու միակ հնարավորությունը՝ արդար ընտրություններ (ինքը Ստրասբուրգից նոր-նոր էր եկել, գիտեր)։

«Հայրենիքի» անդամ Պետրոս Մաքեյանը արժեւորեց ՀՀՇ-ի Գեւորիկի դերն ու նշանակությունը, մեծ ներդրումը մեր պետության կայացմանն ու զարգացման գործում՝ ի տարբերություն կառավարության։ Ասաց, որ մյուս երկուշաբթի էլ են ժողովրդին կանչելու ԱԺ դարպասների մոտ։ (Մինչ ժողովրդի գալն իրենք, մեկ է, արդեն շենքում են լինելու- Լ. Ա.)։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031