Երեկ Սոցիալիստական միությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ Ժիրայր Լիպարիտյանի վերջին այցելությունների հետ կապված որոշ մեկնաբանություններին։ «Առավոտի» տվյալներով, չլինելով պրն Լիպարիտյանի կրքոտ երկրպագուն, նա, այնուամենայնիվ, անթույլատրելի համարեց վերջինիս Բաքու կատարած այցի շուրջ Հայաստանի մամուլում բարձրացրած անհանդուրժողական աղմուկը։ Պրն Մանուչարյանի խոսքերով, «անկախ Լիպարիտյանի հայացքների, կեցվածքի, վարքի նորմերի գնահատականից, պետք է փաստել, որ նա հայտնվել է աշխարհաքաղաքական վերագնահատումների եւ վերակառուցումների հետ կապված շատ լուրջ գործընթացների կիզակետերից մեկում։ Եվ այս տեսանկյունից տարածաշրջանի հետ կապված նրա բոլոր քայլերը առնվազն արժանի են շատ ավելի լուրջ վերաբերմունքի ինչպես Հայաստանի քաղաքական ուժերի, այնպես էլ իշխանության կողմից»։
ԽՏՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Նախորդ ամիս Մոլդովայից Երեւան վերադառնալիս Մոսկվայի օդանավակայանում ոչ ոք չի դիմավորել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ամալյա Պետրոսյանին եւ Անժելա Բակունցին, թեպետ կանխավ դեսպանատանը ֆաքսով տեղյակ է պահվել նրանց այցի մասին։ Հայաստանի դեսպանատնից պատգամավորների համար սենյակ գտնելու փորձ իսկ չեն արել նույնիսկ այն բանից հետո, երբ Մոսկվայում պատգամավորները դիմել են դեսպանատան աշխատակից Ռուբեն Ավչյանին։ Ստիպված մեր պատգամավորները գիշերել են նույնպես Մոլդովայից վերադարձող վրացիների համար առանձնացված 2 սենյակներից մեկում։ Դրանով հանդերձ, մեր պատգամավորները նկատել են, որ թեպետ իրենց նկատմամբ այդպիսի վերաբերմունքին, նույն օրերին ամբողջ դեսպանատունը Երեւան էր ճանապարհում Դավիթ Զադոյանին եւ Սամվել Բաբայանին։
Կարդացեք նաև
ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ
Ըստ էներգետիկայի նախարար Մերուժան Սիքայելյանին մոտ կանգնած աղբյուրների, իրենց շեֆը մարտի 18-ին զանգահարել է «Հայգազ» ձեռնարկության տնօրեն Ադոնցին եւ պահանջել, որ վերջինս աշխատանքից ազատի իր տեղակալ, Աշտարակից պատգամավոր ընտրված Սիմոն Գրիգորյանին, որը կողմ էր քվեարկել էլեկտրաէներգիայի սակագների սառեցմանը։ Տեղեկացնենք, որ Սիմոն Գրիգորյանը «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ է։