Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ Է

Մարտ 19,1999 00:00

Բաց նամակ Արթուր Բաղդասարյանին

Սիրելի Արթուր: Եթե դու կարծում ես, որ քեզ դիմում եմ «Օրինաց երկրի», Սերժ Սարգսյանի եւ նախընտրական բրնձի կապակցությամբ, ապա չարաչար սխալվում ես: Կան ավելի վեհ նպատակներ, հրատապ ազգային խնդիրներ, որոնց իրականացմամբ դու՝ որպես խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նախագահ պետք է զբաղվես հենց վաղվանից: Խոսքս ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի ազգաշահ նախաձեռնության մասին է՝ ազգային գաղափարախոսությանը չհամապատասխանող մարդկանց քրեական պատասխանատվության կանչելու մասին: Ինչպես գիտես, ՀՀ նախագահի եւ վարչապետի մասնակցությամբ Ակադեմիայի տարեկան ժողովում ազգային մտավորականն այս հանցագործության համար առաջարկեց սահմանել պատիժ՝ 6 տարի ազատազրկում:

Պետք է նշել, որ գաղափարախոսություն պաշտպանելը պրն Խուրշուդյանի մոտ միշտ լավ էր ստացվում: 60-70-ականներին նա իր պատմական աշխատություններով քափուքրտինք մտած պաշտպանում էր բոլշեւիկների գաղափարախոսությունը՝ ապացուցելով, որ բոլշեւիկները «պուպուշ» են, իսկ դաշնակները՝ «քըխ» /չշփոթես, խնդրում եմ Քաղաքական խորհուրդի հետ/: 90-ականներին նա առանձնապես չտանջվեց նոր ձեւակերպումներ որոնելով եւ իր «նոր» աշխատություններում պարզապես փոխատեղեց դաշնակներին եւ բոլշեւիկներին՝ ուժի մեջ թողնելով նույն գնահատականները:

Քանի որ ես գտնում եմ, որ պատմության մեջ «քըխ»-եր եւ «պուպուշներ» չկան, ապա, անշուշտ, ապազգային տարր եմ, եւ, հետեւաբար, ենթակա եմ ազգային ակադեմիկոսի առաջարկած քրեական պատասխանատվության: Եվ ընդհանրապես, ո՛չ գանգիս կառուցվածքով, ո՛չ մաշկիս գույնով, ո՛չ էլ քթիս կորությամբ չեմ տեղավորվում պրն Խուրշուդյանի գծած շրջանակների մեջ: Չեմ համապատասխանում նաեւ մտածելակերպով, որովհետեւ հիմնավոր կասկածներ ունեմ, որ ազգային գիտնականի ձեւակերպած գաղափարախոսությունը հենց դաշնակցության գաղափարախոսությունն է, որն ինձ համար միանշանակ մերժելի է:

Մի խոսքով, ես ամբողջությամբ ընկնում եմ պրն Խուրշուդյանի առաջարկած հոդվածի տակ: Նրա պաշտպանած նախորդ՝ բոլշեւիկյան գաղափարախոսության հետ չհամաձայնելու համար հազարավոր մարդիկ զրկվել են ազատությունից, երբեմն նաեւ՝ կյանքից: Օրինակ, Պարույր Հայրիկյանը ազատազրկման վայրերում է անցկացրել 18 տարի: Ինչո՞վ եմ ես նրանից լավը, որ երեք անգամ ավելի քիչ ժամկետով չնստեմ: Այդ ամենը հաշվի առնելով խնդրում եմ քեզ այսօր եւեթ ստորագրություններ հավաքել ԱԺ-ում եւ արտահերթ նիստով քննարկել Քրեական օրենսգրքում նոր հոդված /«Քրեական պատասխանատվություն՝ ազգային գաղափարախոսությունը չընդունելու համար»/ ավելացնելու մասին հրատապ հարցը: Քանի որ մեծամասնություն կազմող երկրապահները նույնպես ազգային տղերք են, կարծում եմ, հարցը շատ արագ կլուծվի:

Իհարկե, օրենսդրությունը քո փեշակն է, բայց, հավանաբար, նպատակահարմար կլինի ստեղծել Ազգային գաղափարախոսության անաղարտությանը հետեւող բարձրագույն խորհուրդ՝ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանով եւ գլխավոր կոմիսար Լենդրուշ Խուրշուդյանով: Այդ խորհուրդն իր գործակալների լայն ցանցով կոչված կլինի հետեւել մամուլի հրապարակումներին ու քաղաքացիների բանավոր խոսքին, եւ ազգային գաղափարախոսությանը չհամապատասխանող որեւէ արտահայտության դեպքում՝ դիմել մոտակա ՆԳ բաժին՝ այդ ապազգային տարրին բերման ենթարկելու պահանջով:

Սիրելի Արթուր: Օրենքը պետք է ընդունել ոչ ուշ, քան երկուշաբթի օրը: Սակայն նկատի ունենալով իմ հասարակական վտանգավորությունը, խնդրում եմ քեզ՝ միջնորդել Սերժ Սարգսյանի առջեւ, որպեսզի ինձ 96 ժամով վարչական կալանքի ենթարկեն՝ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը:

Հաջողություն քո աշխատանքներում: Բարեկամական ողջույններով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031