Առանց օգտագործելու կոմունիստների հանրահայտ լոզունգը՝ «Հասնել եւ անցնել Ամերիկայից», Հայաստանը 2005 թվին ծերության թոշակի գնալու տարիքային սահմանով հասնելու է Ամերիկային։ Իսկ անցնելու մասին մեր ղեկավարները անպայման կմտածեն 2005 թվին, եթե որոշ «պնդաճակատ» մեծահասակներ հանդգնեն անցնել 65 տարեկանի սահմանը։
Համաշխարհային բանկի պահանջները հեշտությամբ կատարելու համար Հայաստանի կառավարությունները՝ օգտվելով թշվառ թոշակառուների անպաշտպանվածությունից, ինչպես նաեւ Գերագույն խորհրդի եւ այնուհետեւ Ազգային ժողովի պատգամավորների անտարբերությունից, բյուջեի դեֆիցիտը պարբերաբար կրճատում էին՝ հիմնականում ռեալ թոշակները պակասեցնելու հաշվին։
Անկախության ութ տարիների ընթացքում սղաճի, ինչպես նաեւ տարբեր օրենքների ու որոշումների միջոցով, կրճատվեցին թոշակ ստացողների քանակը եւ թոշակների չափերը։
Մի քանի տարի ժողովրդին պահելով ցրտի, խավարի եւ սովի պայմաններում՝ մեր ղեկավարները զգացին, որ թոշակառուները դեռ կարողանում են դիմանալ եւ անցնել 60 տարեկանի սահմանն ու 1995 թվի դեկտեմբերին ընդունած՝ «Թոշակի մասին» նոր օրենքով որոշեցին 2005 թվին հասնել Ամերիկային։ Չբավարարվելով դրանով՝ 1997 թվին ընդունվեց նոր օրենք, որով հաշմանդամների արտոնությունները վերացվեցին, իբր փոխարինվելով ֆինանսական հատկացումներով։
Կարդացեք նաև
Կարճ ժամանակում հիվանդ թոշակառուներից ազատվելու համար կառավարությունը 1997 թ. մայիսի 15-ին թիվ 135 որոշումով անվճար բուժումը դարձրեց վճարովի։
1997 թ. աշնանը ՀՀ կառավարությունը ԱԺ-ի հետ շատ խորամանկ ձեւով արգելեցին նաեւ ՀՀ-ից փախած թոշակառուներին թոշակի վճարումը։ Թոշակի մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, Հայաստանից դուրս գտնվող թոշակառուն մեկ լիազորագրով կարող է իր հարազատի միջոցով ստանալ միայն երեք ամսվա թոշակ։ Քանի որ լիազորագիրը ձեւակերպելու համար ծախսված գումարը ավելի շատ է, քան երեք ամսվա թոշակի գումարը, ուստի ոչ մի թոշակառու չի ցանկանա ստանալ իրեն հասանելիք թոշակը։ Նույն օրենքի համաձայն, ՀՀ-ից դուրս գտնվող թոշակառուներին նաեւ իրավունք է տրվում երեք տարին լրանալուց հետո վերադառնալ եւ անձամբ ստանալ երեք տարվա թոշակը միանգամից։ Այս դեպքում նույնպես թոշակառուին ձեռնտու չէ ստանալ երեք տարվա թոշակը, որովհետեւ ճանապարհածախսը ավելին է, քանի երեք տարվա թոշակների գումարը։
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որն իր թոշակառուների թոշակը ուղարկում է աշխարհի ցանկացած երկիր, ՀՀ կառավարությունը հրաժարվում է ուղարկել մինչեւ անգամ ԱՊՀ-ի երկրներ։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, որը մինչեւ թոշակի գնալը երկար տարիներ աշխատել է միայն Հայաստանում, ՀՀ-ից դուրս գալուց հետո, զրկվում է ոչ միայն թոշակից, այլ նաեւ իր հայրենիքի հովանավորությունից։ Սոցապահովության նախկին նախարար տիկին Հ. Հակոբյանը հպարտությամբ հայտարարում էր, որ ՀՀ-ից հեռացած թոշակառուների թոշակը չվճարելով՝ հնարավորություն կստեղծվի բարձրացնել Հայաստանում մնացած թոշակառուների թոշակը։
Նոր կառավարությունը ոչ միայն չբարձրացրեց, այլեւ հակառակը՝ անուղղակիորեն սկսեց պակասեցնել թոշակները՝ բարձրացնելով կենցաղսպասարկման վարձերը, ինչպես նաեւ մշտապես պլանավորվող սղաճով։ Վերացվեցին նախկինում ստացվող տարբեր նպաստները, ինչպես նաեւ բարեգործական օգնությունները (ծանրոցներ, նավթ, ձմռան ամիսներին ստացվող անվճար էլեկտրաէներգիա եւ այլն), ու մտցվեց «ընտանեկան նպաստ» կոչվող նոր օրենքը։ Պրն Եգանյանը փետրվարին ռադիոյով եւ հեռուստատեսությամբ բացատրում էր ժողովրդին, որ նպաստի նոր համակարգը վատը չէ, միայն ՀՀ կառավարությունը չունի այնքան միջոցներ, որ բոլոր անապահովներին կարողանա նպաստ տալ, թեկուզ հանրապետության բյուջեն լրիվ ծախսեն միայն այդ նպատակի համար։
Համարյա ամեն օր համոզում են անապահով բնակիչներին, որ վերջիններս հրաժարվեն նպաստ ստանալուց, որպեսզի մեր աղքատ կառավարությունը կարողանա նպաստով ապահովել ամենաանապահովներին։ Տեղին կլինի ասել, որ կառավարությունը լավ կանի ինքը օրինակ ծառայի հասարակ ժողովրդին եւ հրաժարվի 1998 թ. դեկտեմբերի 28-ին ԱԺ-ի ընդունած օրենքով իր հասանելիք աշխատավարձ-նպաստից։
ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ