Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԻՆ» ԱՅԼԵՎՍ «ԻՆՏԵՐՓՐԱՅՍԻՍ» Է

Մարտ 18,1999 00:00
Ani

ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարարի հրամանով մարտի 28-ից «Անի» հյուրանոցի աշխատանքային կոլեկտիվը (211 հոգի՝ ներառյալ՝ տնօրենը) պետք է ազատվի աշխատանքից։

«Անի» հյուրանոցը սեփականաշնորհվել է, եւ պայմանագրում նշված է, որ հյուրանոցը գտնվում է առանց աշխատողների, առանց վարձակալների եւ առանց հյուրերի։ Մարտի 1-ից արդեն սկսվել է հյուրանոցի «ընդունում-հանձնումը»։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, «Անի» հյուրանոցի կոլեկտիվը զայրացած է եւ բողոք է ներկայացրել «Առավոտին»։ Նախ՝ հյուրանոցի աշխատակիցները զայրացած են, որ իրենց տնօրենը՝ Ադամ Փափազյանը, ավելի շուտ բռնել է «հակառակորդի» կողմը։ Այսինքն՝ նոր սեփականատերերի (լոսանջելեսահայ մեծահարուստներ Սավի եւ Ռալֆ Թուֆինկյանների)։ Ի դեպ, վերջիններս հյուրանոցի համար պարտավորվել են վճարել 4 մլն դոլար, որից 900 հազարն արդեն վճարել են։

Բացի վերոնշյալ «մեղադրանքից», տնօրենն իբր ժողով կազմակերպելու նպատակով հատկացվելիք դահլիճի համար գումար է պահանջել։

-Ձեզ դա ասողը շատ լկտի, անբարոյական մարդ է,- ի պատասխան՝ ասաց Ադամ Փափազյանը։- Ու այնքան լկտի է ու անբարոյական, որ համոզված լինելով, որ դուք իր անունը չեք ասի, ասել է այդ սուտը։

Սեփականաշնորհման մասին առաջին ժողովից հետո իրենք ընտրել են 11 հոգիանոց խորհուրդ, որի թիվը գնալով ավելացավ։ Ու միշտ, ամեն ուրբաթ, «Անի ինթերփրայսիսի» ներկայացուցչի հետ հավաքվել ենք ու բարձրացրել իմ կոլեկտիվին հուզող հարցերը։ Ոչ մի գումարի հարց չի եղել։

-«Անի» հյուրանոցի սեփականաշնորհման մրցույթում մեկնարկային գին նշվե՞լ է, եղե՞լ են ներդրումային պարտավորություններ, զբաղվածության երաշխիք եւ այլն։

-Միջազգային աճուրդով վաճառվող օբյեկտները մեկնարկային գնով չեն վաճառվում։ Էստեղ ոչ ես, ոչ շվեյցարը, ոչ էլ որեւէ այլ աշխատող տեղյակ չէ, թե ովքեր են այդ մրցույթին մասնակցել։ Իսկ արդեն կնքված պայմանագրով՝ գնող կողմը կոլեկտիվի հանդեպ որեւէ պարտավորություն չի կրում։ Ըստ էության՝ այդպես է։ Միայն «Անի ինթերփրայսիս ԼԼՍ»-ի լիազոր ներկայացուցիչ Վահե Յակուբյանն է իրենց մեծահոգությունն ու առատաձեռնությունը վկայող մի նամակ հղել ՀՀ արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանին, ուր ասվում է հետեւյալը. «Հարգելի պրն Գեւորգյան (արդյունաբերության նախարար), մենք հաճույքով հայտնում ենք ձեզ, որ «Անի ինթերփրայսիս ԼԼՍ»-ի ղեկավարությունը որոշել է «Անի» հյուրանոցի բոլոր կրճատված աշխատողներին 24 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարել գումար՝ նրանց աշխատավարձի 50%-ի չափով։

Վերոհիշյալ վճարումը պետք է համարվի որպես նվիրատվություն աշխատողներին՝ «Անի ինթերփրայսիս ԼԼՍ»-ի ղեկավարության կողմից։ Ավելին՝ վերոհիշյալ աջակցությունը կատարվում է կամավոր եւ չի հանդիսանում 98-ի օգոստոսի 7-ի «Անի» հյուրանոցի բաժնեմասերի մասին համաձայնագրի մաս։ Այն դեպքում, եթե «Անի» հյուրանոցի աշխատողները շինարարության ժամանակ աշխատանքի վերցվեն, այդ աշխատողները չեն ստանա նվիրատվություն։ Վերջում հարկ եմ համարում ավելացնել, որ նվիրատվությունը պետք է կատարվի ոչ թե «Անի ինթերփրայսիս ԼԼՍ»-ի, այլ մեկ այլ կազմակերպության կողմից»։

Վերոնշյալ Սեփականաշնորհման պայմանագրով՝ հյուրանոցը երկու տարում պետք է վերականգնվի, կառուցվի նոր մասնաշենք՝ առանց հյուրանոցի արտաքին տեսքում փոփոխության։

Թե որքանով է ձեռնտու Համահայկական համաշխարհային խաղերից առաջ այս հյուրանոցը փակել՝ վերանորոգելու նպատակով (կամ պատրվակով), անհասկանալի է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Ադամ Փափազյանն, ի դեպ, նեղվել էր, որ նշել էինք իր եւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի աջակցությունը։ Մի՞թե իրեն պետք է իր փեսայով (Խոսրով Հարությունյանով) ճանաչեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031