Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԿԱՊՐԵՍ… ԱՌԱՆՑ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ԷԼ

Մարտ 18,1999 00:00
avtotnak

Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին «Առավոտի» թղթակիցը մարտի 12-ի խորհրդարանական նիստի նախասրահում հանդիպեց այն ժամանակ, երբ կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը՝ մասնագիտությամբ ժուռնալիստ, գարաժի տեղ էր ուզում։ Անմիջապես փորձեցինք պարզել, թե բանն ինչումն է։ Առաջինը խոսեց Նորիկ Պետրոսյանը. «Ես՝ ԱԺ պատգամավոր՝ կոմունիստական ֆրակցիայից, Նորիկ Պետրոսյանս, դիմել եմ քաղաքապետ պարոն Սուրեն Աբրահամյանին, խնդրելով եւ առաջարկելով, եւ պահանջելով, որ հնարավորություն ստեղծվի պատերազմի մասնակից, բռնադատված, վաստակավոր ժուռնալիստ, 2-րդ կարգի հաշմանդամ Արշալույս Մարգարյանին՝ իր տան հարեւանությամբ տեղադրել ավտոտնակ։ Դրա նախագիծը կա, թույլտվությունը կա, բայց թե ինչու է քաղաքապետարանն առարկում, ես չգիտեմ։ Բայց գիտեմ, որ առանց այդ թույլտվությունների էլ մասսայաբար գարաժներ տեղադրում են»։

Տեղնուտեղը հարցն ուղղեցինք Սուրեն Աբրահամյանին՝ ինչո՞ւ եք տվյալ դեպքում առարկում, երբ պատգամավոր Պետրոսյանը վկայում է, թե զանգվածաբար ավտոտնակներ են տեղադրվում։

– Նախ ֆիքսենք, որ ավտոտնակների զանգվածային տեղադրում չկա։ Ես բացառիկ թույլտվությունների հնարավորություններ ունեմ միայն, երբ դա թույլ են տալիս քաղաքաշինական նորմերը։

Այն բոլոր էպիտետները, մակդիրները, որոնք ասվեցին, ես ընդունում եմ։ Ես էլ եմ այդ մարդու մատուցած ծառայությունների առջեւ գլուխս խոնարհում, բայց քաղաքաշինության նորմերը եւ օրենքի չափանիշները միանգամայն այլ մոտեցում են պահանջում եւ այդ առումով իմ բարեկամ պարոն Պետրոսյանին ես, հավանաբար, կնեղացնեմ։

Պարոն Պետրոսյանն անմիջապես միջամտեց.

– Հավանաբար, նեղացնելու հարկ չի լինի, որովհետեւ նախագծով թաղապետարանը տեղը հատկացրել է, ընդ որում, արդեն տեղադրված ավտոտնակների արանքում։ Կամ պետք է այդ ավտոտնակները հանվեն, կամ էլ՝ որեւէ անբարոյական բան չի լինի, եթե դրանց կողքին ավելանա եւս մեկը։

– Կարող է թաղապետարանում փողը վերցրել եւ թույլատրել են ավտոտնակ տեղադրել,- սա արդեն մեր հարցն էր։

– Չէ,- ասաց Նորիկ Պետրոսյանը։- Չէ, չէ, այդ մարդը փող տվող մարդ չէ։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031