Մայրաքաղաքի քաղաքական կյանքը բավական հագեցրել էր, եթե չասենք ավելին։ Ուստի Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նախաձեռնած «Հայաստան, մարզեր» ծրագրի շրջանակում Սյունիք այցելելու հնարավորությունը փրկարար օղակ էր։
Քաղաքականությունը փչացնում է մեզ
Երկու օր շարունակ հանդիպումների եւ զրույցների շարանից յուրաքանչյուր մասնագիտացման տեր լրագրող իր համար լիուլի նյութ կհայթայթեր, քանզի, Հայաստանի այս ցամաքային տարածքով ամենամեծ մարզում, տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրները բազմաթիվ էին։ Անգամ մեր կրթության էջի պատասխանատուն այստեղ գրելու թեմա կունենար՝ մարտի 17-ին Կապանում դպրոցական օլիմպիադայի ամփոփումն էր։ Սակայն իմ չար բախտից, միայն քաղաքական հնչեղություն ունեցող հարցերն են լրագրողական հետաքրքրությունս շարժում։ Իսկ Սյունիքի մարզում, մեղմ ասած, շատ ավելի կարեւոր հիմնախնդիրներ կան։
Շարադրում եմ ըստ Սյունիքի մարզպետարանի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի տրամադրած տեղեկանքի. «Կենտրոնից ունեցած մեծ հեռավորության համեմատ՝ տրանսպորտային հաղորդակցության ուղիների այլընտրանքն է բացակայում։ Քաղաքային բնակչության տեսակարար կշիռն է բարձր (71%), իսկ իրական զբաղվածության մակարդակը՝ ցածր։ Բնակչության կենսամակարդակը շուրջ 2,3-3 անգամ ցածր է՝ հանրապետական միջին եւ ամսական միջին եկամուտն ընդամենը 2903 դրամ է։ 1989-1994 թթ. պատերազմական գործողությունների հետեւանքով մարզին զգալի վնաս է հասցվել՝ 3 մլրդ դրամից ավելի։ Մեծ թիվ է կազմում սահմանամերձ, բարձր լեռնային, փախստականներով բնակեցված, սակավամարդ եւ սակավահող բնակավայրերի առկայությունը»։
Կարդացեք նաև
Մի փաստ էլ մարզպետը ներկայացրեց. «Սյունիքի 163 հազար բնակչությունից «Փարոսի» ծրագրում ընդգրկված են 83%-ը»։
Զինվորին հյուր
Սյունիքը Հայաստանի 15,1%-ն է։ Այս չոր տեղեկատվության ողջ իմաստն ըմբռնեցինք այնժամ, երբ մի քանի անգամ կլիմայափոխ եղանք՝ Սիսիանում ձյունախառն անձրեւ էր մաղում, Գորիսում եւ Կապանում իսկական եւ խորը ձմեռ էր (այս մասին՝ վաղը), միայն Որոտանի հիասքանչ կիրճում էր իսկական գարուն՝ ծաղկած ծառեր։
Բայց նախ՝ Սիսիանի մասին։ Այստեղ մի զորամաս այցելեցինք, որի մասին թելադրված բոլոր պայմանները կատարելու դեպքում մոտավորապես այսպես պիտի գրեինք. գնացինք այնտեղ՝ չգիտեմ որտեղ, տեսանք բաներ՝ չգիտեմ ինչեր։ Մնացյալը հարակից մանրամասներ են զինվորների կենցաղից։ Ի դեպ, հրամանատարը՝ Մելիքսեթ Պողոսյանը կամ ինչպես բոլորն էին նրան անվանում՝ Մելոն, հպարտանում էր, որ իր զինվորների քաշը մի տարվա մեջ 10-12 կգ-ով ավելացել է։ «Ծնողներին ասացի՝ երկու տարի մի եկեք։ Ուզո՞ւմ եք՝ քաշով ընդունեմ ձեր երեխեքին, ուզո՞ւմ եք՝ գաղափարով։ Իրանց առաջ երդվել եմ, ասել եմ՝ 2 տարուց կգաք ու կտեսնեք, որ խոստումս կատարել եմ։ Հիմա հոսքը քչացել է»։
Հարցերին պատասխանելով՝ ճշտեց, որ զինվորներին կերակրում են նրանով, ինչ բանակն է տալիս։ «Բա ո՞նց են ուրեմն չաղանում»,- հետաքրքրվեցինք, եւ հայտնի դարձավ, որ սնունդն այստեղ կապ չունի՝ ռեժիմի ճիշտ կազմակերպման արդյունքն է։
«Լրագրողների ռազվեդկա է եկել Մելոյի մոտ»՝ կատակեց սպաներից մեկը, լսելով այն տարաբնույթ հարցերը, որ ուղղում էին Մելոյին։ Թղթակիցներից մեկն, ասենք, հենց այս N զորամասի հրամանատարից էր փորձում իմանալ, թե արդյոք պատերազմ լինելո՞ւ է։ «Իհարկե»,- անվրդով ու հպարտ պատասխանեց Մելոն։ Երբ խնդրեցին պատճառաբանել՝ նույն տոնով ասաց. «Որովհետեւ մենք պատրաստ ենք»։
Ըստ էության, չարժեր «հասնել աշխարհի ծայրը», երեւի, ՀՀԿ անդամ, Գորիսի քաղաքապետ, նաեւ ԱԺ պատգամավոր Սուրեն Խաչատրյանին հանդիպելու համար։ Սակայն, եթե այս տարիների ընթացքում խորհրդարանի պատերի ներսում առանձնապես ցանկություն չէր արտահայտել լրագրողների հետ զրուցելու՝ հայրենի քաղաքում Վասակ Սպարապետի պես գոտեպնդվել էր. «Էսքան տարի, որ իմ մասին վատ-վատ գրում եք՝ գոնե մի անգամ տեսեք՝ ով եմ»։ «Առավոտն» առանձնազրույց ունեցավ Սուրեն Խաչատրյանի հետ, որտեղ փորձեցինք պատասխաններ ստանալ նրան վերաբերող բոլոր վատ-վատ բաների վերաբերյալ՝ սկսած իր Լիսկա մականվան ծագումնաբանությունից, վերջացրած նրա առանձնատան կառուցման միջոցների աղբյուրին առնչվող հարցերով։ Բայց այդ զրույցը կներկայացնենք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում, իսկ մինչ այդ՝ մեր նախասիրությամբ ընտրված հարցեր մարտի 16-ին Սուրեն Խաչատրյանի հետ կայացած լրագրողների հանդիպումից։
Պրն Խաչատրյանը հայտնեց, որ Գորիսում գործում են Հայկոմկուս, ԱԺՄ, ՀՅԴ, ԱԻՄ, ՀՌԱԿ կուսակցությունները, եւ այն հարցին, թե ՀՀՇ-ն տեղական կառույց չունի՞, պատասխանեց. «Չէ՜, ՀՀՇ-ն հիմնովին է վերացել այստեղ։ Ժողովուրդը չի ցանկանում այս կուսակցության անդամ լինել»։ Մինչդեռ մարզպետարանի տրամադրած վերոհիշյալ տեղեկանքում նշված էր, որ ՀՀՇ-ն Սյունիքում մարզային ստորաբաժանում ունի, ինչպես եւ ՀՀԿ-ն, ու նաեւ տարածքային՝ «Օրինաց երկիրն» ու «Շամիրամը»։
«Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ Հայաստանում իշխանափոխությունը ձեր քաղաքից սկսվեց. Ղարաբաղից ինչ-որ ներկայացուցիչներ եկան»,- «Ազատություն ռ/կ-ի թղթակցի հարցը կիսատ մնաց՝ Սուրեն Խաչատրյանն անմիջապես արձագանքեց. «Չէ՜, Ղարաբաղից ներկայացուցիչներ չեն եկել։ Դե եկել, ընդամենն իրենց մասնակցությամբ են ներկա եղել, բայց մնացածն իրենց խնդիրը չէր։ Նույն կարգավիճակն՝ ինչ ունի արցախցին՝ նույնն էլ գորիսեցին։ Իսկ այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասելով. «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»՝ դա ինչքանով ղարաբաղցուն չէր հարմար, այնքան էլ՝ գորիսեցուն (…)։ Դա նրանց ինքնաբուխ ցանկությունն էր, որ ոտքի կանգնեցին եւ միանգամից հրաժարական պահանջեցին՝ մի 100-150 հեռագիր ուղարկեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ պահանջով»։
Հիշեցնենք, որ այս ամենի մասին անցած տարի «Առավոտը» լուր էր հրապարակել, որը հերքեցին բոլորը՝ նաեւ Գորիսի քաղաքապետը։ Այժմ մեր այն հարցին, որ եթե այդ ժողովը միայն սկզբունքային եւ գաղափարական նկատառումներով էր գումարվել, ինչո՞ւ էիք այն ժամանակ ճշմարտությունը թաքցնում, ինչո՞ւ էիք ասել, թե նախագահի հրաժարականը չեն պահանջում՝ պրն Խաչատրյանը պատասխանեց, թե հիշում է, որ նման բան է ասել. «Ես, անձամբ, կարող է չեմ պահանջել, բայց ժողովուրդը պահանջել է»։
Քաղաքապետը համարում էր, թե իշխանափոխությունից հետո առաջընթաց կա՝ Գորիսի համար գոնե։ Չնայած, հենց ինքն էր նախապես բազմաթիվ հիմնահարցեր թվարկել։
Ցեղակրոնների երկրում
«Ա1+»-ի գործընկերս վստահ էր, որ Սյունիքը փակ գոտի է աղանդավորների համար։ Սուրեն Խաչատրյանն ընդհանրապես նվազեցրել էր նրանց դերը. «Սյունիքում էն գլխից չի ընդունվել ոչ աղանդավոր, ոչ կրոն՝ ոչ մի բան։ Այսօր էլ չի ընդունվում։ Կարող եմ հստակ ասել, որ Սյունիքում աղանդավոր չկա՝ Գորիսում՝ մասնավորապես»։
Մարզպետարանի տրամադրած տեղեկանքում նշված տվյալները հակառակի վկայությունն էին, որ մարզում տարածված են հետեւյալ կրոնական աղանդները՝ «Յոթերորդ օրվա ադվենտիստները», «Հիսունականները», «Խարիզմատները» եւ այլն։ Առավել մեծ ազդեցություն ունեն «Եհովայի վկաները», որոնք մնացածներին գերազանցում են թե քանակով, թե քարոզչության արդյունավետությամբ։ Հաշվի առնելով այս աղանդի առանձնահատկությունները՝ սա բավական վտանգավոր իրողություն է մի մարզի համար, որը միայն Ադրբեջանի հետ 382 կմ երկարությամբ սահման ունի։ Արդյոք սա մտահոգո՞ւմ է մարզի ղեկավարությանը, ինչ-որ միջոցներ փորձո՞ւմ են ձեռք առնել։ Այս հարցերն ուղղեցինք Սյունիքի մարզպետ Ռոման Նավասարդյանին՝ նրա ասուլիսի ընթացքում։ «Իրոք, մտահոգիչ է այդ խնդիրը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են մեր օրենսդրության հիման վրա,- մարզպետը այդ աշխատանքների առնչությամբ մատնանշեց նաեւ սա։- Այստեղ, իհարկե, աշխատանքը պիտի գնա անձնական օրինակով, համայնքի օրինակով, կազմակերպությունների օրինակով։ Եվ մենք ոչ միայն եկեղեցին ենք կառուցում, այլեւ փորձում ենք, իրոք, դառնալ քրիստոնյա, հայ մարդ»։
Մարզպետի շուրջ երկու ժամանոց ասուլիսից եւս միայն քաղաքական հնչեղություն ունեցող հարցերն ենք ներկայացնում։ Ռոման Նավասարդյանը կուսակցական չէր, ուստի քիչ անդրադարձավ նման խնդիրների։ Բավական դրվատանքի խոսքեր ասաց Վազգեն Սարգսյանի, առավել՝ բանակի հասցեին, եւ ասաց, որ սյունեցին իր բնույթով զինվոր է։ Սա առիթ դարձավ, որ նրան խարդավալից հարց ուղղեն, թե արդյոք կանխատեսո՞ւմ է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Սյունիքում ՀՀԿ-ն հաղթանակ կտանի։
«Ես չեմ բացառում, բայց դա խղճի եւ համոզմունքների խնդիր է։ Սյունեցիներս ազատ մարդիկ ենք»,- ասաց Ռոման Նավասարդյանը։
… Մենք ընդամենը մի տեսանկյունով լուսաբանեցինք Սյունիքի կյանքը։ Հուսով ենք, որ մեր շուրջ 30 այլ գործընկերների հրապարակումները կլրացնեն բացը։ Չնայած, նաեւ վստահ ենք, որ 2-3 օրվա ընթացքում անհնար էր մարզի հիմնախնդիրների ամբողջական պատկերը ներկայացնող հրապարակում պատրաստել։ Այս առումով, ճիշտ կլիներ, որ մարզի ղեկավարությունն ավելի շատ ուշադրություն դարձներ տեղացի թղթակիցներին։ Մինչդեռ մեր տրամադրության տակ վկայություններ են հակառակի մասին։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Վաղվա համարում կներկայացնենք այցի ոչ պաշտոնական մանրամասները։