Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով խոզը… տուռնիկին

Մարտ 18,1999 00:00
xoz

Այս արտահայտությունը, որը լսել ենք մեր մանկության տարիներին, այս անգամ, ժամանակների զգալի հեռավորությունից, նորից «բախտ» ունեցանք լսելու «Ար» հեռուստաալիքով, երբ «մենամարտի» էին ելել հնչակյան նախկին առաջնորդներ Եղիա Նաճարյանն ու Էռնեստ Սողոմոնյանը։ Հեռուստավեճի ողջ ընթացքում մեկ անգամ չէ, որ առիթ ունեցանք ունկնդրելու ժողովրդի երկու ընտրյալ-առաջնորդների «գոհարակերտ» մտքերն ու արտահայտությունները։

Ինչի՞ մասին էր վեճը։

Երեւի կենթադրեք բարձր գաղափարների ու նպատակների, ժողովրդին հուզող խնդիրների շուրջը։

Ո՛չ։ Հաստատապես սխալվում եք։

Երկու «ընտրյալները» ավելի կամ պակաս հաջողությամբ միմյանց մեղադրում էին գողությունների, անչափ մեծ գումարներ յուրացնելու մեջ։

Եվ ահա, երկար միմյանց մեղադրելուց հետո անցան այն բոլոր չափ ու սահմանները, որը պահանջում է սովորական քաղաքավարությունը։ Հերթական մեղադրանքը «հերքելու» համար պրն Էռ. Սողոմոնյանը արեց մեր մանկության տարիներին հնչած արտառոց համեմատությունը. «Որքանով խո՛զը… տուռնիկին»։ Սա, որ վաղո՜ւց չէինք լսել (գոնե հեռուստաեթերով այն երեւի առաջին անգամ էր հնչում), այն էլ մեծ դիրքեր զբաղեցրած եւ նույնքան մեծ հավակնություններ ունեցող իբր քաղաքական գործչի կողմից, զարմացրեց թե՛ պրն Եղիային եւ թե՛ հազարավոր հեռուստադիտողների։ Մայրենի լեզվի իրենց շատ խղճուկ ու չափից ավելի նաեւ արտառոց բառապաշարի ցուցաբերումով քաղաքական գործիչ հորջորջվողը իրականում բոլորիս առջեւ պարզեց իր իսկական դեմքն ու էությունը։ Զարմանալի է, որ այս կարգի փողոցային մտածողությամբ, այս չորուկ աշխարհընկալումով մարդիկ վերջին տարիներին անպակաս են ոչ միայն խորհրդարանում, այլեւ պետական կառուցվածքների բոլոր օղակներում։

Եվ հենց սրա՛նք են ընդունում որոշումներ, հրահանգներ ու հրամաններ եւ հաջողությամբ պարտադրում բոլորիս։

Եվ հենց սրանցի՜ց է (որքան էլ զավեշտական է) կախված մեր ժողովրդի այսօրվա ճակատագիրը։

Մի՞թե առաջիկայում էլ պրծում չի լինելու սրանցից։

ԱՐՄԵՆ ԱՐԱՔՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031