Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհաշտություն հնչակների մեջ

Մարտ 18,1999 00:00
sdhk

Անկեղծ ասած, նույնիսկ լրագրողներիս էլ այնքան հասկանալի չի լինում, թե պառակտումներից հետո ինչպիսի մարմիններ են առաջանում հայաստանյան կուսակցություններում. է՛լ վարիչ մարմին, է՛լ հանրապետական վարչություն, է՛լ կենտրոնական գրասենյակ, է՛լ քաղաքական խորհուրդ, է՛լ ատենապետություն… եւ այսպես շարունակ։

Այնպես ստացվեց, որ մարտ ամիսը բարերար ազդեցություն ունեցավ Ռամկավար-ազատական կուսակցության համար՝ միավորվեցին Հարություն Կարապետյանի եւ Ռուբեն Միրզախանյանի հետեւորդները, ինչպես նաեւ ջերմացան հարաբերությունները Հայկաշեն Ուզունյանի եւ Հակոբ Կասարճյանի միջեւ, որոնք երկուսն էլ իրենց ՌԱԿ ԿՎ ատենապետ են համարում։

Սակայն, գարնանային այդ հովերը դեռեւս որեւէ ազդեցություն չեն ունեցել ՍԴՀԿ-ում եւ այնտեղ հարաբերությունները շարունակում են մնալ լարված։ Օրերս հնչակյան վարչությունը նոր նիստ է գումարել, ուր ատենապետ է ընտրվել ԿԸՀ անդամ Ջորջ Հակոբյանը։ Այսօր մեր զրուցակիցը հենց նա է, որի հետ առաջին հարցով անդրադարձանք, թե ինչ ընթացքներ են նշմարվում հնչակյան կուսակցությունում՝ իր ընտրությունից ի վեր։

Նա նախեւառաջ՝ ասաց, թե արդարադատության նախարարությունում ձեւավորված հատուկ կոլեգիան օրերս նիստ է գումարել եւ քննարկելով հնչակյան կուսակցության մեջ առաջացած խնդիրները՝ իրավական փոխհարաբերությունների առումով, ընդունել վճիռ, որը կհրապարակվի շուտով։ Փաստաթղթում, ըստ երեւույթին ասված է մոտավորապես հետեւյալը. «ՍԴՀԿ 4-րդ համագումարը, որը տեղի է ունեցել 1999-ի փետրվարի 14-ին, օրինական է։ Այն ընտրեց 15 հոգուց բաղկացած Կենտրոնական վարչություն, որն իր առաջին նիստում ընտրեց վարչության ատենապետ։ Վերջինս, ցավոք, 4 օր անց մահացավ»։

Այժմ Ա. Խաչատրյանին Ջորջ Հակոբյանն է փոխարինել, որից եւ փորձեցինք պարզել, թե Էռնեստ Սողոմոնյանի ղեկավարած հնչակյանության հետ հարաբերությունների ինչպիսի ընթացք է նախատեսվում։

Ասվեց, որ իրենք «տուն-տունիկ չենք խաղում։ Օրենք կա եւ մենք ենթարկվում ենք բոլոր օրենքներին»։

Տվյալ դեպքում, Ջորջ Հակոբյանը մատնացույց արեց 1991 թ. արդարադատության նախարարության որոշումը, որով օրինականորեն գրանցվել է ՍԴՀԿ-ն, եւ որի ղեկավար է ընտրվել Եղիա Նաճարյանը։ Իսկ ինչ վերաբերում է Էռնեստ Սողոմոնյանին, Ջորջ Հակոբյանի կարծիքով. «Նա օրենքը խախտել է՝ նշանակում ստանալով Բեյրութում, մայիսի 7-ին։ Դա հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու բոլոր օրենքներին։ Իսկ ՍԴՀԿ 4-րդ համագումարը բոլոր հարցերը տեղը դրեց»։

Արձագանքելով մեր հարցադրմանը՝ բայց չէ որ ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը Վահրիճ Ճերեճյանի գլխավորությամբ, չի ճանաչել Ջորջ Հակոբյանի լիազորությունները, վերջինս ասաց, թե իրենք որեւէ կապ չունեն Բեյրութի հետ եւ դրսից չեն ղեկավարվում։

Էռնեստ Սողոմոնյանի մեղադրանքներին, որոնք ուղղվել էին ՍԴՀԿ մյուս թեւի ներկայացուցիչների դեմ՝ իսկ վերջիններիս անվանել էին հանցագործ, ներքնազգեստ ու ծամոն ծախող եւ այլն, Ջորջ Հակոբյանը հակազդեց այսպես. «Ես ոչ մեկի մասին ասեկոսեներ չեմ ասի։ Իրականությունն այն է, որ երբ մեկին մի բանի մեջ մեղադրում ես, նախ ինքդ պետք է օրինապահ մարդ լինես։ Իսկ եթե ինքը օրինապահ մարդ է, թող բարի լիներ սեպտեմբերի 15-ին չստանար կուսակցությանը հասցեագրված 15 հազար դոլարը, այն պայմաններում, երբ իր անօրինական կոնֆերանսը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին»։ Մեր փաստարկը, թե Էռնեստ Սողոմոնյանն ասել է, որ այդպիսով ուզում էր կանխել Եղիա Նաճարյանի կողմից այդ գումարի յուրացումը, եւս մեկ անգամ փաստեց՝ հաշտության հեռանկարներ հնչակյանների շարքերում չեն նշմարվում։ Համոզվեք ինքներդ. «Թող դա նա ասի գլխավոր դատախազին»։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031