Վանաձորի քիմիական համալիրը, ըստ ամենայնի, վաճառվելու է «Պրոմեթեւս» ֆիրմային, որը ղեկավարում է մոսկվահայ հայտնի բիզնեսմեն Սենիկ Գեւորգյանը։ Սեփականաշնորհումը հնարավորություն կտա սեղմ ժամկետում ներդրումներ կատարել եւ վերագործարկել համալիրը, որի մեջ մտնում են 3 ձեռնարկություններ՝ «Ռուբինը», Քիմիական մանրաթելերի գործարանը եւ ՋԷԿ-ը, ստեղծելով մոտավորապես հինգ հազար աշխատատեղ։ Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, կառավարությունը սեփականաշնորհումից առաջ առաջարկում է ազատել համալիրը հարկային տույժերից եւ տուգանքներից՝ համապատասխան օրինագծով դիմելով ԱԺ-ին։ Հիշեցնենք, որ նույն համալիրի վերաբերյալ բանակցություններ էին վարվում մոսկովյան մեկ այլ՝ «Սրետենկա» ֆիրմայի հետ, որի տնօրենն, ի դեպ, նույնպես հայ է։
ՎԱՏ ԼՈՒՐ
Անցած հինգշաբթի Հայաստանի ազգային (այսինքն՝ պետական) հեռուստատեսության «Այսօր» ծրագրով հաղորդվեց, որ երկուշաբթի հեռուստահաղորդման հյուրը Դավիթ Շահնազարյանն է լինելու, եւ օրվա հյուրը՝ լրագրողների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հարց ուղղեց նրան։ Այնուամենայնիվ, երկուշաբթի ծրագրի հյուրը «Երկրապահ» խմբի անդամ, Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանն էր։ Այս փաստը եւս մի հաստատում է, որ ՀԱՀ-ում Դավիթ Շահնազարյանին, Վահագն Խաչատրյանին, Պետրոս Մաքեյանին եւ մի շարք այլ պատգամավորների եթեր տրամադրելու արգելք կա։