Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻԴ-Ո-ԹԵՐԱՊԻԱ

Մարտ 18,1999 00:00

«Արմենիկում»-ի հայտնաբերման լուրը թեթեւ շոկի մեջ է պահում ՍՊԻԴ-ի գիտակներին։ Այս անվան յուրաքանչյուր հիշատակումը խստորեն դատապարտված է հանրության ուշադրությանը։ Հասկանալի է, որ որեւէ տեղեկություն ՍՊԻԴ-ի դեմ մղվող պայքարի մասին լայն հասարակայնությանը պարտավոր են լրագրողները հասցնել։ Սակայն հայաստանցի լրագրողներին Հայաստանում սրտացավորեն պաշտպանում են այս թեմայից։ Որեւէ տեղեկություն հնարավոր չէ պարզել առաջին, նույնիսկ՝ վերջին աղբյուրից։ Փոխարենը մեր ռուս բարեկամները նախանձելի վստահություն ունեն այս հարցում։

Նիկոլայ Կոլեսնիկովի բուժման ընթացքի մասին նրանց առաջինը տրվեց ինֆորմացիա, իսկ ավելի ուշ եկան OPT-ի աշխատակիցները եւ, ասում են, հատուկ տեսաֆիլմ է պատրաստվում այս ամբողջ հայկական հակասպիդի մասին։ Ռուս լրագրողները Հայաստան են ժամանել միջազգային բժշկական կլինիկայի Մոսկվայի կենտրոնի ղեկավար Թիմոթի Միդի, մի քանի այլ մասնագետների հետ։ Եթե հիշում եք, «Արմենիկում»-ի մասին հրապարակումից անմիջապես հետո Թիմոթի Միդը առաջիններից էր, որ հայտարարեց, թե չի հավատում այդ ամբողջ աղմուկին։ Նա պահանջեց բուժված հիվանդների մասին մանրամասն տվյալներ՝ մինչեւ բուժումը եւ բուժումից հետո։ Արդյունքում, պարոն Միդը հրավիրվեց Հայաստան։

Երեկ առավոտ նա եւ նրան ուղեկցողները վերադարձան։ Ականատեսների վկայությամբ Թիմոդի Միդը իր ուզածը հետը չի տարել (արյան շիճուկը), շատ շփոթված է եղել մեկնելու պահին եւ ասել է հետեւյալը. «Մենք այս երկու օրվա ընթացքում տեսանք շատ լավ երիտասարդ գիտնականների, որոնք շատ ինտենսիվ են աշխատում։ Ես խոստանում եմ իմ օգնությունը, այնքանով, որքանով կարող եմ օգնել նրանց։ Այս փորձարկումը գտնվում է մոտավորապես ճանապարհի մեջտեղում, եւ ճիշտ չի լինի իմ կողմից որեւէ եզրահանգում անել»։ Այնուհետեւ ասվել է, թե իրենք տեսել են չորս հիվանդների, որոնք շատ «առողջ ու երջանիկ տեսք ունեին»։ «Երբեք չի կարելի շտապել գնահատականներ տալ, չքաղաքականացնել, գործոնը չշահարկել այնպես, ինչպես շահարկում են ադրբեջանցիներն իրենց նավթը»,- Զորի Բալայանի այս խոսքերը հրաժեշտից առաջ ուղղված էին մեկնողներին եւ մնացողներին։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031