Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրինաց երկրի» դեմ շեմ չկա

Մարտ 18,1999 00:00
Artur baxdasaryan

Մարտի 17 քաղաքական օրվա գլխավոր խոսակցություններից մեկն էլ այն էր, թե Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը կարող է միավորում կազմել ԱԻՄ-ի հետ եւ միասնական ցուցակով գնալ խորհրդարանական ընտրություններին։

Տեղեկատվության ստույգությունը ճշտելու նպատակով դիմեցինք Արթուր Բաղդասարյանին՝ հավելելով եւս մեկ հարց՝ թե, արդյոք, այդ երկու կուսակցությունները միասնաբար կհաղթահարե՞ն 5 տոկոսի շեմը։

Մեր զրուցակիցը նախեւառաջ հարկ համարեց ասել, թե «Օրինաց երկիրը» միայնակ էլ կհաղթահարի 5 տոկոսի արգելքը. այդ ուղղությամբ իրենք լրջորեն աշխատում են։ Այնպես որ, միավորվելու կարիք չկա, քանզի Արթուր Բաղդասարյանի կարծիքով՝ երկու կուսակցություններն էլ առանձին-առանձին 5 տոկոսի շեմը կհաղթահարեն։

Բայց փաստը մնում է փաստ, որ իրենք «Ինքնորոշում» միավորման հետ վերջերս հանդիպում ունեցել են, եւ ինչպես ներկայացրեց մեր զրուցակիցը, արծարծել են քաղաքական խնդիրներ։ Այլ ուժերի հետ էլ «Օրինաց երկիրը» հանդիպումներ ունեցել է եւ ընդհանուր պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ համագործակցել մի շարք ուղղություններով, որպեսզի ընտրություններն ազատ եւ արդար ընթացք ունենան։ ԻՄ-ից բացի, «Օրինաց երկրի» հանդիպումների շրջանակը ընդգրկել է ՀՅԴ-ն, ՀԿԿ-ն, ՍԴՀԿ-ն, ՀԺԿ-ն, ՀՀԿ-ն։

– Բայց եթե արդարությունն է կարեւորը, պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ եք բրինձ բաժանում։

– Մենք կարծում ենք, որ մարդկային բարոյականությունը սահման ունի եւ եթե կան մարդիկ, որոնք շանտաժի ճանապարհով, ստահոդ շահարկումներով փորձում են միավորներ հավաքել, դա իրենց խնդիրն է։ Իսկ մենք հայտարարում ենք՝ այն կուսակցությունը կամ քաղաքական գործիչը, որը բրինձ է բաժանում, առաջին հերթին վարկաբեկում է ինքն իրեն։

– Իսկ ի՞նչ կասեիք զուգագուլպա բաժանողների մասին։

– Նույնը վերաբերում է նաեւ զուգագուլպա եւ շաքարավազ բաժանողներին։ Մենք կոչով դիմել ենք ժողովրդին եւ ասել՝ ժողովուրդ ջան, մեկ կգ բրինձով չխաբվեք։ Արթուր Բաղդասարյանը, դրանով հանդերձ, չբացառեց, որ հնարավոր է՝ տարածքներում եւ շրջաններում ոմանք բրինձ են բաժանել եւ դա վերագրել «Օրինաց երկրին», բայց «որեւէ շրջանում կամ տարածքում մենք նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել»։

– Բայց, պարոն Բաղդասարյան, խոսվում է, որ «Օրինաց երկիրը» ոչ թե կառավարության, այլ ՆԳ եւ ԱԱ նախարարի կողմից է հովանավորվում։

– Մենք բազմիցս ժխտել ենք այդ լուրերը։ Եթե նման հովանավորություն լիներ՝ գրասենյակ մենք կստանայինք, որովհետեւ կառավարությունը, չնայած խոստացել է, սակայն ոչինչ չի տրամադրել։

Ինչ վերաբերում է «Օրինաց երկրի» համամասնական ցուցակին, Արթուր Բաղդասարյանն ասաց, թե ամեն ինչ կորոշվի մարտի 20-ին կայանալիք կուսակցական համագումարում, իսկ ինքը, բոլոր դեպքերում, մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է պատգամավորության թեկնածու՝ Շենգավիթի իր նախկին ընտրատարածքից։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031